Պոլսահայերի ընդվզումն ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի չի դադարում: Սրբազան հոր հետ տարաձայնության պատճառով հրաժարական է տվել Պոլսի Գեդիկփաշայի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի ղեկավար Հարություն Շանլըն: Նա հայտնել է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը թողնում է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի պահանջով եւ մանրամասնել, որ Աթեշյանն առանց հիմնավորման Սուրբ Հովհաննես եկեղեցուց հեռացրել էր քահանային, իսկ երբ եկեղեցու խորհուրդը դիմել էր պատրիարքարան քահանային վերանշանակելու համար, Աթեշյանը տեղեկացրել էր, որ քահանան Սուրբ Հովհաննեսում նորից կստանձնի իր պարտականությունները, եթե հիմնադրամի նախագահը հրաժարական տա:
Նոր զարգացումներ են հասունանում ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: Ներհամայնքային լարվածությունը չի դադարում: Ըստ Պոլսից ստացված տարբեր աղբյուրների, համայնքը հուսալքված է՝ պատրիարքի ընտրությունների անցկացման հարցի առկախման եւ նախկին իրավիճակին վերադառնալու պատճառով: Համայնքում ձեռք բերված ներքին պայմանավորվածության համաձայն, մինչեւ Հարության տոնը՝ ապրիլին 1- ը, պոլսեցիները դադարի կվերցնեն, որից հետո նոր ընտրությունների պահանջով հանդես կգան։ Ըստ Հայաստանանում բնակվող լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսի, խնդիրը վերաբերում է ողջ թրքահայությանը: Անդրադառնալով համայնքում ստեղծված իրավիճակին, ելքեր մատնանշեց. կամ պետք է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հոգին ավանդե, կամ էլ Աթեշյանը:
«Ժամանակավոր լինելը ընդունվեց, քանի որ ընդհանուր փոխանորդի տիտղոսն անգամ շինծու է։ Նախկին վիճակին բերվեց։ Այսինքն՝ սպասողական վիճակի մեջ ենք, կամ Աթեշյանը պետք է մահանա, կամ ֆիզիկապես Մութաֆյանը, որպեսզի ընտրութուններ տեղի ունենան: Համայնքը համայնք լինելուց դուրս է եկած: Անգլուխ հոտի ենք վերածված: Շատ, շատ ծանր կոմայի մեջ ենք»:
Ինչպես նշեցինք, պոլսահայերը բողոքի ցույցեր են կազմակերպում, ընդդիմանում Արամ սրբազանի քարոզներին, օրերս նման բողոք-ցույց է կազմակերպվել Վարդանանց եկեղեցում՝ «Ռադոիլուրին» փոխանցեց Ստամբուլում բնակվող լրագրող, գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որն ընդդվզման այս եղանակի մեջ վտանգներ է տեսնում:
«Այո, ցույցեր կան, ու ավելի վտանգավոր կարող են դառնալ: Ես իբրեւ լրագրող իմ մտահոգությունը կհայտնեմ: Որպես պոլսահայ, դեմ եմ բոլոր եղածներուն, բայց եկեղեցին այն վայրը չէ, որտեղ պետք է ցույցեր կազմակերպվեն։ Վտանգավոր է, որովհետեւ միայն եկեղեցին է, որ հավաքատեղի է մեր համար, եւ եթե այդ մշակույթը կորցընցընենք ավելի վտանգավոր պիտի դառնա մեզի համար»:
Պոլսահայերին հնարավորություն տրվեց պատրիարքի ընտրություն կազմակերպել, ընտրել տեղապահ, նախաձեռնակ մարմին, սակայն հարցի վերաբերյալ նմանօրինակ հանգուցալուծումը ոչ միայն քաղաքական որոշումների արդյունք էր, այլեւ ներքին անհամաձայնությունների, որոնք ի չիք դարձրեցին այդ նախաձեռնությունը՝ ասում է Վերճիհան Զիֆլիօղլուն եւ փաստում, որ այսօր Պոլսում տեղի ունեցող զարգացումները պատմական են:
«Երբեմն Պարոնյանին կհիշեմ, որ ազգային ջոջեր կկոչեն իրենց: Նորեն 103 տարի հետո նույն ձեւի հետ: Մեկ հարցով չեն կըրնա պարզաբանել այսօրվա վիճակը: Շատ խոր արմատաներ ունի, որ մինչեւ այսօր հասավ նյութը: Տարօրինակ բան մը կապրինք, պատմական դրվագ: 1915 թվակաից հետո շատ մեծ փոփոխություն պիտի տեղի ունենա, որովհետեւ՝ մե կողմը պոլսահայերն են, մյուս կողմը՝ հայաստանցիները, մյուսը՝ ցուցարարները, եւ մյուսը՝ մահմեդականացած հայերը: Եթե այս պատմական դրվագը բարով անցընենք, շունչ պտի առնենք, բայց ինչպես պիտի առնենք՝ ան ալ խնդիր է: Աթեշյանին էլ կըրնա էրթալ, Մաշալյանն ալ, մյուսներն ալ: Խնդիրը հոն չէ: Մենք մեզի պիտի դառնանք եւ տեսնենք թե՞ ինչ կընենք»:
Հարկ է այստեղ ընդգծել Արամ Սրբազանի նախօրեի հայտարարությունը Եշիլգյուղ թաղամասի Սուրբ Ստեփանոս եկեղեցում։ Սրբազան հայրը շեշտել է, որ 100 տոկոսով դեռ պետք չէ հուսալքվել պատրիարքական ընտրության հարցով, այլ անհրաժեշտ է համայնքում հանդարտություն ձեւավորել, իր խոսքով՝ 6 ամսյա <<սպասման շրջան>> հաստատել, որից հետո թուրքահայ հեղինակավոր անձանց հետ միասին ծրագրել այցելել Անկարա՝ խնդիրը հերթական անգամ օրակարգ մտցնելու համար:
http://www.armradio.am/hy/2018/03/05/աթեշյանին-էլ-կըրնա-էրթալ-մաշալյանն-ալ/
İlk yorum yapan siz olun