İçeriğe geçmek için "Enter"a basın

Եթե նույնիսկ թուրքական հեռուստաալիքներում ինձ տեղ չտան, պիտի համացանցով տարածեմ երգերս. պոլսահայ երգչուհի Սիբիլ

Պոլսահայ երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուն նոյեմբերի 4-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում հանդես կգա համերգով: Փաստում է` առաջարկը շատ սպասված էր, և ինքն էլ մեծ ոգևորությամբ է պատրաստվում երեկոյին: Մասնագիտությամբ ֆինանսիստ երգչուհին վերջերս Երևանում էր։ Այստեղ նա ներկայացրեց իր վերջին երգի տեսահոլովակը, ինչպես նաև մասնակցեց կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերյանի հայաստանյան համերգին: NEWS.am STYLE-ը զրուցել է երգչուհու հետ երևանյան այցի, առաջիկա ծրագրերի և այլ հարցերի շուրջ:

-Սիբիլ, վերջերս ներկայացրիք Ձեր նոր՝ «Վանայ լիճին…» տեսահոլովակը: Ինչպիսի՞ արձագանքներ լսեցիք երգի վերաբերյալ:
-«Վանայ լիճին…» երգը վավերագրական ֆիլմի համար ենք ստեղծել («Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի շրջանակում նկարահանվել էր «Մենք կգանք» խորագրով ֆիլմը- հեղ.), բայց այս երգն այնքան սիրեցի, որ ցանկացա տեսահոլովակ նկարահանել, որ այն ավելի հասանելի դառնա: Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ երաժշտական պրոդյուսերը՝ Անդրե Սիմոնյանը: Նկարահանումները կատարվել են Շորժայում (Սևանա լիճ): Անդրե Սիմոնյանն աջակցեց ինձ թե՛ երգի ձայնագրման, թե՛ տեսահոլովակի ստեղծման հարցում: Երգն էլ, տեսահոլովակն էլ շատ սիրվեցին: Ես արդյունքից շատ գոհ եմ: Ժամանակը ցույց կտա, բայց հուսով եմ, որ տարիներ կանցեն և «Վանայ լիճին…» երգը կհասնի նաև նոր սերունդներին:
– Տեսահոլովակն արդեն ցուցադրվե՞լ է թուրքական հեռուստաալիքներով: Ի՞նչ արձագանքներ կան:
-Տեսահոլովակն արդեն տեղադրված է Youtube-ում: Թուրքական հեռուստաալիքներում այնքան էլ հեշտ չէ ինչ-որ բան ցուցադրել, բայց հույսս չեմ կորցնում և ջանում եմ կապեր հաստատել: Իսկ տեսահոլովակս դիտած թուրքերի արձագանքները շատ լավն էին: Մի քանի օր առաջ Էսքիշեհիրում բնակվող մի կին ինձ նամակ ուղարկեց. «Ձեր ձայնի, ձեր երգերի երկրպագուն եմ, բոլոր երգերը գիտեմ և զավակներիս լսել եմ տալիս: Այս աշխարհին առանց Ձեզ հետ ծանոթանալու հրաժեշտ տալ չեմ ցանկանա»,-գրել էր նա:
«Վանայ լիճին…» երգի թուրքերեն թարգմանությունը ցանկացավ: Ինչպես և ուրիշ թուրքեր, նա նույնպես փափագում է, որ թուրքերեն երգեր երգեմ: Կջանամ նրանց բացատրել, որ իմ նպատակը հայերեն երգեր կատարելն է, բայց նաև շատ կուրախանամ նրանց նամակներից: Ուզում եմ իմանաք, որ ինչ լեզվով էլ երգեմ, ես մեծ նպատակ ունեմ՝ հայերեն երգերն ավելի լսելի դարձնել:
– Հավանաբար շատերն են այս հարցը տալիս, ես էլ բացառություն չեմ լինի: Դժվար չէ՞ հայ երգչուհու համար գործունեություն ծավալել Թուրքիայում։
-Այո, դժվար է, շատ դժվար: Իրականում չեմ ուզում շատ խոսել և խորհել, որ բացասական էներգիա չառաջանա և մարդկանց չկենտրոնացնեմ այս դժվարությունների վրա: Ես միայն աղոթում եմ Աստծուն, որ ինձ լավ մարդիկ շրջապատեն, որ պահի ու պահպանի ինձ: Եթե Աստված չցանկանա, ոչ ոք ձեզ վնաս չի կարող հասցնել:
Եթե նույնիսկ հեռուստաալիքներում կամ ծրագրերում ինձ տեղ չտան, պիտի համացանցով տարածեմ իմ երգերը: Սիբիլն Աստծո տված ուժով պիտի հայերեն երգի, որովհետև Սիբիլի աշխարհ գալու նպատակը սա է:  
– Ձեր նախորդ այցի ընթացքում նշեցիք, որ կցանկանայիք Հայաստանն ավելի լավ բացահայտել: Հաջողվու՞մ է:
-Այո, արդեն շուրջ 5 տարի հաճախ Հայաստան եմ գալիս և գնում: Այստեղ ինձ շատ սիրող և գնահատող մարդիկ կան, երախտապարտ եմ նրանց: Նրանց անկեղծ սերն ինձ երջանկություն և դեպի առաջ գնալու, նոր ստեղծագործություններ անելու համար քաջալերանք է:  
-Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին մտածե՞լ եք:
-Հուսով եմ, որ մի օր բնակարան կունենամ և ավելի հաճախ կգամ: Հայաստանն ինձ համար սիրեցյալի նման է: Որքան հեռանում եմ՝ այնքան ավելի շատ եմ կարոտում և շատ ցանկանում տեսնել նրան:
-Վերջերս Երևանում էիք, ներկայացրիք նոր տեսահոլովակը, ինչպես նաև հանդես եկաք երգիչ Դանիել Դեքերի հետ: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր համագործակցությունը:
– Դանիել Դեքերի համերգն իսկապես շատ հաջող էր: Նա հայերեն երգերի բառերը զգալով էր երգում. շատ զարմանալի և գնահատելի էր: Ուրախ էի, որ ես էլ այս համերգի մաս կազմելու պատիվն ունեցա: Դանիելի հետ շատ մտերմացանք և խոստացանք միասին նորից աշխատել:

-Տեղյակ եմ, որ պարբերաբար համագործակցում եք Beautified Project-ի հետ: Ինչպե՞ս է սկսվել Ձեր համագործակցությունը: Առաջիկայում որտե՞ղ կտեսնենք Ձեզ և խմբին:
-Մեկ տարի առաջ պատահաբար Անդրե Սիմոնյանի հետ ծանոթացանք: Մեր ծանոթությունը բերեց հայ և թուրք երաժիշտների համատեղ Melody For Harmony նախագծի ստեղծմանը, որն իմ կյանքի ամենայուրահատուկ նախագծերից էր: Երևանում և Պոլսում համերգներ ունեցանք, որոշեցինք նախագծից դուրս էլ համագործակցել: Առաջին համատեղ համերգի առաջարկը եղավ Հոլանդիայից: Հոկտեմբերին հրաշալի համերգ ունեցանք: Նոր տարվա համար տարբեր երկրներից համերգների առաջարկներ ունենք: Ես ու Անդրեն շուտով հանդես կգանք անակնկալներով:
-Բացի վերոնշյալ արտիստներից, ու՞մ հետ կցանկանայիք համագործակցել:
-Երազանքներիցս մեկն է ծանոթանալ Անդրեա Բոչելիի հետ և նրա հետ “Time to Say Goodbye’’ երգը կատարել: Քանի որ երազելն առանց գումարի է, որքան կուզենամ կարող եմ երազել, այնպես չէ՞:
-Մի ժամանակ բանկում էիք աշխատում: Այս պահին կրկին համատեղու՞մ եք երաժշտությունն ու բանկային գործը:
-Հիմա կյանքումս միայն երաժշտությունն է: Ավելի ազատ եմ և կարող եմ կենտրոնանալ երաժշտության վրա:
– Ինչի՞ վրա եք այս պահին աշխատում: Նոր երգ և ձայնասկավառակ սպասե՞նք:
-Նոր տարվա ընթացքում անակնկալ կունենամ, որի իրականացմանը մեծ հուզմունքով եմ սպասում: Համազգային հայ կրթական և մշակութային միության հրավերով Լիբանանում հոկտեմբերի 4-ին համերգ կունենամ: Շատ սպասված առաջարկ էր, քանի որ երկար տարիներ լիբանանահայերը ինձ հետ անձամբ ծանոթանալու և երգերս լսելու ցանկություն էին հայտնում: Ես էլ շատ հուզված եմ: Ուր էլ գնում եմ՝ շատ մեծ ուրախություն և երջանկություն եմ ապրում: Նոր մարդկանց հետ եմ ծանոթանում և բոլորին պահում եմ սրտումս: Նրանք ինձ ասում են, որ ես միայն պոլսահայության Սիբիլը չեմ, համայն հայության Սիբիլն եմ: Իրենց Սիբիլը: Այնքա՜ն եմ ուրախանում:
Ռոզա Գրիգորյան
NEWS.am STYLE

 Տպել  

Yorumlar kapatıldı.