İçeriğe geçmek için "Enter"a basın

ՍԻԲԻԼ. Եթե ճակատագրիս մեջ կա Հայաստանում հաստատվելը, ապա մշտական կմնամ այստեղ

Պոլսահայ հանրաճանաչ երգչուհի Սիբիլի հետ ԲԱՐՈՄԵՏՐԻ բլից-զրույցի առիթը “Վանա լիճին” երգի պրեմիերան էր: Փայլուն ստեղծագործություն, հիանալի կատարում, անսահման հույզեր… Մի խոսքով, այս ամենը պետք է տեսնել: Սակայն Սիբիլի հետ մեր զրույցը, ըստ էության, չմնաց միայն տեսահոլովակի սահմաններում:

Հոկտեմբերի 14-ին ներկայացրեցիք “Վանա լիճին” կոչվող երգը և տեսահոլովակը, որը ներկայացնում է հայի հույզերն ու կարոտն իր հայրենիքի հանդեպ: Մի փոքր կպատմե՞ք այդ ստեղծագործության մասին:
-Մոտավորապես մեկ տարի առաջ երգահան Հասմիկ Հախվերդյանը կապվեց ինձ հետ և հայտնեց, որ ցանկանում է` 100-րդ տարելիցին նվիրված վավերագրական ֆիլմի համար գրված երգը ես կատարեմ: Լսելով երգի առաջին իսկ վայրկյանները՝ սրտիս զարկերն արագացան, մարմինս փշաքաղվեց: Այո, հասկացա, որ երգն իմն էր. միանշանակ համաձայնվեցի կատարել: Հենց այդ նույն շրջանում ծանոթացա The Beautified Project-ի մեներգիչ Անդրե Սիմոնյանի հետ, ում երաժշտական գործերը շատ հավանեցի: Անդրեին խնդրեցի միասին համագործակցել և երգի պրոդյուսերությունն իր վրա վերցնել. նա մեծ սիրով համաձայնվեց: Երգի շրջանակներում սկսեցինք համագործակցել տաղանդավոր երաժիշտներ Կարեն Անանյանի և Գառնիկ Ենգիբարյանի հետ: Համատեղ աշխատանքն այնքան սիրեցի, որ ցանկություն առաջացավ տեսահոլովակ նկարահանել, որը և նվիրում եմ աշխարհի հայությանը: Հուսով եմ՝ տեսահոլովակը կդառնա սիրելի և ընդունելի բոլորի համար:
Սիբիլ, մի փոքր Ձեր մասին: Շատ հետաքրքիր մի իրողություն. փաստորեն, մասնագիտությամբ ֆինանսիստ եք, ֆինանսներ և մշակույթ. այնքան էլ մոտ ոլորտներ չեն, ինչպե՞ս պատահեց, որ ընտրեցիք արվեստի ճանապարհը` երաժշտության ուղին:
-Դեռ մանկուց երաժշտության սիրահար էի: Երբ փոքր էի, տանը հաճախ էի վերցնում որևէ շիշ, իբրև միկրոֆոն և սկսում երգել: Այսինքն երաժշտությունն իմ ներսում էր դեռ փոքր տարիքից. երաժշտությունն ինձ համար սեր է: Ինչ վերաբերվում է իմ մասնագիտությանը, ապա դա զուտ աշխատանք է, եկամուտ ստանալու և կյանքս ապահովելու միջոց: Ի վերջո, սրտիս ձայնին հետևելով՝ որոշեցի ալբոմ պատրաստել, որը և համարում եմ կյանքիս ամենաճիշտ որոշումը:
Հայաստանում Ձեզ համար ո՞րն է ամենասիրելի վայրը և երբ վերադառնում եք ամենաշատն ո՞ւմ և ի՞նչն եք կարոտում:
-Ամենաշատն ընկերներիս եմ կարոտում, բայց, անկեղծ ասած, վերջին տարիներին այնքան հաճախակի են այցելություններս, որ նույնիսկ շատ կարոտելու առիթ էլ չունեմ: Ինչ վերաբերում է ամենասիրելի վայրին, ապա Հայաստանն արդեն իսկ ինձ համար ամենասիրելին է, առանց որևէ անկյուն առանձնացնելու:
Հնարավո՞ր է գա այնպիսի ժամանակ, որ տեղափոխվեք Հայաստան:
-Համարում եմ, որ երկու տուն ունեմ, իհարկե, բնակարան չունեմ Երևանում, ամեն դեպքում կարծում եմ Հայաստանն իմ տունն է: Ինչ վերաբերում է մշտական հաստատվելուն՝ պատասխանեմ այս կերպ. եթե ճակատագրիս մեջ կա Հայաստանում հաստատվելը, ապա մշտական կմնամ այստեղ:
Ո՞րն է եղել Ձեր ամենադժվարին փորձությունը, որի միջով անցել եք և ի՞նչն է ուժ տալիս Ձեզ:
-Ամենադժվար փորձությունն իմ կողմից սիրելի, վստահելի մարդու անիրավությունն է, անարդարությունը նրա կողմից: Սակայն ինչպես գիտենք, կյանքը վարդագույն գույների մեջ չէ: Փառք Աստծո, ունեմ հիանալի ընտանիք, շատ լավ, միշտ իմ կողքին գտնվող ընկերներ և ամենակարևորն՝ ուժեղ հավատ: Եթե այսօր Սիբիլ անունը լսելի է, և եթե կարողացել եմ հասնել այնտեղ, որտեղ հիմա եմ, ապա այդ ամենը հավատքի և երազանքներիս շնորհիվ է: Միանշանակ կարող եմ ասել, որ իմ ամենամեծ ուժը հավատն է:
Չիրականացված երազանք, որի իրականացմանը դեռ սպասում եք:
-Այնքան շատ երազանքներ ունեմ, որոնք դեռ չեն իրականացել և չեմ ցանկանում խոսել այդ մասին. երբ իրականություն դառնան, այդ ժամանակ էլ սիրով կպատմեմ և կկիսվեմ բոլորի հետ: Հիմա այդ ամենը միայն երազանք է:
Առաջիկայում ի՞նչ նոր ծրագրերով եք հանդես գալու:
-Նոյեմբերին համերգ ունեմ Լիբանանում: Խոստովանում եմ՝ բավական երկար սպասել եմ այս համերգին, Լիբանանի հանդիսատեսի հետ հանդիպմանը: Մի շատ գեղեցիկ անակնկալ էլ պատրաստել ենք Անդրեի հետ, որի մասին առայժմ չեմ ցանկանում խոսել:
ԲԱՐՈՄԵՏՐ

Yorumlar kapatıldı.