Ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռևս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ, նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց մասնավոր արարողություն, որով հայցվեց Հայոց Եղեռնի սուրբ նահատակների բարեխոսությունը:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Սրբազան արարողության ընթացքում Գևորգ եպիսկոպոսն անդրադարձավ օրվա խորհրդին:
«Այս առավոտ օրացույցը հայ ժողովրդի համար ամենատխուր հանգրվաններից մեկն է ազդարարում, Հայկազյան տոհմի հազարամյա գոյության ամենասև էջը, Ապրիլ 24:
…Այս օրը առավոտ կանուխ սկսվում է մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշարձան, գնում են բոլորն անխտիր, անկախ սեռից և տարիքից, տպավորությունն այնպիսին է ասես հազարամյակներով սրբագործված կարևոր ծեսի են մասնակցում, կարծես միշտ քայլել են այս ճանապարհով, քայլել են համառ, քայլել անկոտրում:
Բոլորի հոգիներում խորհրդավոր լռություն է, մարդիկ մտովի մենախոսության մեջ են, ամեն մեկը հիշում է իր մեծ ծնողներից լսած պատմությունները, հիշում է ու քայլում առաջ, հաղթահարելով Ծիծեռնակաբերդի բարձունքը: Կարծես թե հայ ժողովրդի ճակատագրի անբաժանելի մասն է եղել բարձունքներ հաղթահարելը, և ամենակարևորը՝ միշտ անշեղ քայլել առաջ, առաջ մինչև բաղձալի երազի իրականացում:
Ասում են, որ ժամանակը բուժում է վերքը, ճիշտ է, ամենացավոտ կորուստներն անգամ սպիանում են տարիների հետ, բայց կան նաև վերքեր, որ ժամանակը պարզապես անզոր է բուժելու. միայն անկեղծ զղջումն ու ներողությունը կարող են դարմանել դրանք:
Սրանից 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի մարմնի վրա բացված այդպիսի մի վերք է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ, այսօր այն անժխտելիորեն մեր ինքնության մի մասն է:
Յուրաքանչյուր հայ գիտի, թե ինչ եղավ 1915 թվականին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում ապրող մեկ ու կես միլիոն ժողովրդի հետ, գիտեն, որ ուրիշ հարյուրավոր հազարներ դարձան վտարանդի, ճակատագրի սև հողմերից քշվեցին աշխարհով մեկ, ոմանք էլ բռնաճնշումների ներքո ստիպված եղան ուրանալու հավատ և ազգություն: Այսօր արդեն ողջ աշխարհը գիտի այս մասին…», – ասաց պատարագիչը:
Սրբազան Հայրը, անդրադառնալով 2015 թ. նշված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին, երբ անկախ ազգությունից և դավանանքից շատ պետություններ, մարդասիրական կազմակերպություններ և ազնիվ հոգիներ իրենց բողոքի ձայնը միացրեցին հանուն հայ ժողովրդի արդար դատի, ընդգծեց, որ միջոցառումների տրամաբանական լրումը հանդիսացավ «վասն հավատոյ եւ հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման հանդիսավոր արարողությունը, որով արդարության համար մղվող պայքարի մի նոր սկիզբ ազդարարվեց հայ կյանքում:
«Եղեռնի նահատակների սրբադասումը հայոց համազգական կամքի արտահայտությունն էր, որ այլևս դարձել էր հրամայական. այն գալիս է նոր ներշնչում և ուժ հաղորդելու մեզ՝ լսելի դարձնելու արդարության ձայնն աշխարհին, հաղթանակով պսակելու մեր ուղին:
Այսօր ոգեկոչում ենք նրանց հավատի ամրությունն ու անկոտրում կամքը, որ արհամարհելով ամեն տեսակի տանջանք ու հալածանք նախընտրեցին մահը կյանքի փոխարեն. նրանք կարող էին ազատվել թուրքի սրից, եթե համաձայնեին ուրանալ իրենց կրոնն ու ազգությունը. պատմությունը փաստում է, որ ոմանք այդ ճանապարհով փրկեցին իրենց կյանքը, իսկ ավելի ճիշտ գոյությունը:
Սուրբ նահատակների հավատքի օրինակն օգնում է վերաարժևորելու մեր ինքնությունը նոր լույսի ներքո, այն սովորեցնում է մեզ, որ հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքն ազատությունն է… Մա՛հ կամ ազատություն: Այսուհետև ապրիլյան վկաները մեզ համար Վարդանանց շարքում են, քանզի նույն ոգուց թելադրված զոհեցին իրենց կյանքը: Արարատի հանդիման վեր խոյացող Ծիծեռնակաբերդի հուշարձանն այլևս կորուստի զգացում չպիտի ծնի մեր մեջ, այլ հաղթանակի կամք պիտի դաստիարակի մեր ոգում՝ շարունակելու պայքարը, լծվելու անկախ Հայաստանի, ազատագրված Արցախի վերաշինության սրբազան առաքելությանը, սփյուռքի զարթոնքի ազգաշեն գործին…:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Մեզ համար բացարձակ մերժելի է այն պառակտող գաղափարը, որ հայ ժողովուրդը կոտորվել է, կոտորվող ազգն անընդունակ է վերածնվելու, միայն նահատակությանը պատրաստ ժողովուրդը կարող էր ուժ գտնել իր մեջ հաղթահարելու անասելի ցավն ու կորուստի զգացումը: Մենք այսօր պետք է հպարտանանք հայոց նոր վկաներով, քանզի նրանք զոհեցին իրենց կյանքը համոզումից դրդված: Նրանց հավատի արիությունն այսօր ավելի է ամրացրել մեր ոգին, դարձրել անպարտելի», – ընդգծեց Գևորգ Սրբազանը` կոչ անելով միասնության ոգով շարունակել ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված պայքարը, որը, Սրբազան Հոր համոզմամբ, այլևս ազգայինից վերաճել է համամարդկայինի, դարձել է պայքար հանուն մարդու, հանուն նրա կյանքի իրավունքի:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Բարեխոսական կարգ:
Արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, վանաբնակ միաբաններ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գաբրիել Չենբերջյանը և Հրաչ Թուֆայանը, բազում հավատավոր հայորդիներ:
Yorumlar kapatıldı.