Հրաչ Ստեփանյան. «Հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է». Երեկ, ապրիլի 29-ին, Թեհրանի հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում կազմակերպվել էր հատուկ ձեռնարկ, նվիրված Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին:
«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 30 Ապրիլի 2016թ.:
Ձեռնարկը, որ բաղկացած էր երկու՝ խոսքի եւ գեղարվեստական բաժիններից, սկսվեց Տերունական աղոթքով, ապա միության ժայռամագլցման մարզիկներից՝ Էմիլ Շահնազարյանը, ճարպիկ եւ հզոր շարժումներով, իրեն հասցրեց արհեստական ժայռի ամենաբարձր կետին, որտեղից էլ Հայաստանի Հանրապետության հիմներգի և բազմահարյուր ներկաների, հոտնկայս, ծափահարության ներքո ծածանեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:
Այնուհետ բացման խոսքով հանդես եկավ միության գրական բաժանմունքի անդամ տկն. Արմիկ Խուդաբախշյանը: Ապա բեմ բարձրացավ «Րաֆֆի» համալիրի «Մեղեդի» երգչախումբը, ղեկավարությամբ տկն. Վանա Ղարիբյանի, կատարելով երկու խմբերգ, որից հետո ամբիոնի մոտ հրավիրվեց օրվա բանախոս, մտավորական, հետազոտող և հրապարակախոս պրն. Հրաչ Ստեփանյանը:
Բանախոսն իր խոսքը սկսեց հետաքրքիր մեկնաբանությամբ: Նա ասաց. «Հարյուր տարի, անընդհատ, դպրոցներում ու միություններում, մեր ուղեղների մեջ սրսկել են, որ մենք կոտորված, ջարդ տեսած, զոհված, օտարների օգնության կարոտ, խեղճ ժողովուրդ ենք, որն իմ կարծիքով, շատ սխալ և քանդիչ վերաբերումնք է, ազգային խնդրի և պահանջատիրության դիտանկյունից: Իհարկե, ճիշտ է, որ թշնամին՝ թուրքը, իրականացրել է Հայոց Ցեղասպանություն, բայց նրա նպատակը հենց այդքանը չէր, այլ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումը, որին հասնել չհաջողվեց նրան»:
«Մենք հաղթական ժողովուրդ ենք, քանի որ հակառակ թշնամու կամքին այսօր ապրում ենք, կերտում մեր պատմությունը և արձանագրում նորանոր հաղթանակներ», հավելեց Ստեփանյանը:
Բանախոսն այնուհետ դասակարգեց հայ ժողովրդի դաշնակիցներին, բարեկամներին ու թշնամիներին և շեշտեց մեր տեղեկացվածության կարևորության վրա: Նա ասաց. «Հայ ժողովուրդը գործ ունի թուրքի, կամ ավելի ճիշտը պանթուրքիզմի հետ, որպես թշնամի, որ հին անցյալից մինչև այսօր ու դեռ չերևացող ապագա հետապնդում և հետապնդելու է նույն նպատակը՝ հայերի բնաջնջում և Հայաստանի վերացում, որի վերջին փաստն էլ կարելի է տեսնել Ադրբեջանի ցեղասպանական արարքներում և Իլհամ Ալիևի հիմար հայտարարությունների մեջ, որտեղ առանց մի պահ մտածելու ոչ միայն հայոց Արցախը, այլ նաև Երևանն է ադրբեջանական տարածք համարում»:
Հրաչ Ստեփանյանը ապա նշելով որ՝ «Անդրկովկասում ազդեցիկ մյուս ուժերը՝ Ռուսաստանը, Եվրոպան և Ամերիկան յուրաքանչյուրն իր շահերից ելնելով է մոտենում հայերին ու Հայաստանին: Մենք պիտի զգոն լինենք և հաստատ իմանանք, որ ոչ մի մեծ կամ փոքր ուժ հանուն արդարության ու իրավունքի մեր կողքին չի կանգնելու, այլ միայն ու միայն իր շահերից մեկնած: Իսկ երեկվա ու այսօրվա իրականությունից ելնելով կարելի է ասել հայերի միակ դաշնակիցը Ռուսաստանն է, ում համար Թուրքիան համարվում է թշնամի պետություն, իսկ Հայաստանին պահելը նրա համար կարևոր է, հենց իր շահերից ելած, ինչը չի կարելի ասել Արևմուտքի մասին»:
Բանախոսն իր խոսքը փակելուց առաջ, երիտասարդներին հորդորեց գիտական բարձր գագաթներ նվաճել, որպեսզի դրանով հնարավոր լինի ազդել աշխարհի վրա:
Ապա գեղարվեստական հատուկ կատարումով հանդիսատեսին հիացրեց օրդ. Մեղրիկ Բուդաղյանը՝ ասմունքի ու պարի գեղեցիկ միատեղումն սրահից երկար ծափեր խլեց խոստմնալից կատարողի համար:
Ձեռնարկը նրանից հետո աշխուժացավ միության Սկաուտական բաժանմունքի «Պարիսպ» նվագախմբի «Բարի արագիլ», «Ղարաբաղ» երկու երգերով՝ մենակատարությամբ՝ օրդ. Արազ Թահմազյանի:
Գեղարվեստական բաժինն շարունակվեց Սևակյան շնչով՝ «Քիչ ենք, բայց հայ ենք», ասմունքող բժշկ. Զեփյուռ Ամիրյան, ապա բեմ հրավիրվեց Բեռլինից հյուրաբար Թեհրանում գտնվող տենոր երգիչ, երաժիշտ Մասիս Առաքելյանը, ով Կոմիտասյան մի քանի հոգեպարար երգերով էլ ավելի հարստացրեց ձեռնարկը:
Ապա ձեռնարկն լրացնելու եկան օրդ. Անի Աղաջանյանի գեղեցիկ մենապարը, բժշկ. Փրենի Ղարիբյանի «Ընդվզում» ասմունքը, Վիկտորիա Խեչումյանի «Ադանա» մեներգը, Փյունիկ Խուդավերդյանի և Վանա Ղարիբյանի համատեղ երաժշտական կատարումն ու Սելիա Սարգսյանի «Մենք» (Գ. Էմին) ասմունքը:
Այնուհետ բեմ հրավիրվեց համայնքի սիրված երգիչ Հերոս Արմենը, ում նվագակցում էր մաեստրո Արմեն Ասատրյանը: Երգիչը օրվա անցուդարձերին համապատասխան՝ ներկաների ծափողջույններով, բեմ բարձրացավ զինվորական զգեստով, որպեսզի իր առաջին երգերը նվիրի հայոց Արցախին:
Ձեռնարկն ավարտվեց Սկաուտական բաժանմունքի մարզական, ինքնապաշտպանական ու ակրոբատիկ կատարումներով, որոնց վերջաբանն եղավ մարդկային բերդը, որի կատարում ծածանվեցին հայոց զույգ հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի, դրոշները, որն արժանացավ հանդիսատեսի երկարատև ծափերին:
Վերջում միության փոխնախագահ՝ իրավաբան Ժոզեֆ Ամիրյանը մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր իրենց ներդրումն էին կատարել ձեռնարկի իրականացման համար:
__._,_.___
________________________________________
Posted by: Arax Weekly <araxnews@gmail.com>
Yorumlar kapatıldı.