Զրոյց՝ պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Ստամբուլ Սիբիլը ծնւել է Ստամբուլում, ազգանունն է Թորոսեան, որ հետագայում Թուրքիայում տիրող պայմանների բերումով փոխւել ու դարձել Փեքթորոսօղլու: Իր անունը Սիբիլ վերցւած է պոլսահայ գրող եւ բանաստեղծուհի Զապէլ Ասատուրի1) գրական մականունի վրայից՝ Սիբիլ:
Երգչուհին ծնւել է հայասէր եւ ազգային ոգի ունեցող ընտանիքում: Հայրն էր ստամբուլցի պրն. Կարպիսը (ոսկերիչ), իսկ մայրը՝ սեբաստացի տկն. Մարին:
Սիբիլը ծնւել է Ստամբուլում, ազգանունն է Թորոսեան, որ հետագայում Թուրքիայում տիրող պայմանների բերումով փոխւել ու դարձել Փեքթորոսօղլու: Իր անունը Սիբիլ վերցւած է պոլսահայ գրող եւ բանաստեղծուհի Զապէլ Ասատուրի1) գրական մականունի վրայից՝ Սիբիլ:
Երգչուհին ծնւել է հայասէր եւ ազգային ոգի ունեցող ընտանիքում: Հայրն էր ստամբուլցի պրն. Կարպիսը (ոսկերիչ), իսկ մայրը՝ սեբաստացի տկն. Մարին:
Սիբիլը, երգելը սկսել է փոքր հասակից, Ստամբուլի Ս. Վարդանանց եկեղեցու երգչախմբում երգելով:
2010-ին նա իրականացրեց իր երազանքը՝ երգերի առաջին ալբոմը հրապարակելով: Այնուհետեւ մինչ օրս նա բեմում է Ստամբուլում, Հայաստանում եւ աշխարհում: Երկու անգամ հրաւիրւել է երգելու Հայաստանում՝ Համահայկական խաղերի բացմանն ու փակմանը (2011, 2015 թթ.) երգել է Նիւ Եօրքում, Լոս Անջելէսում, Եւրոպայում եւ Աղթամար կղզում: Հայաստանի անւանի երգիչ Անդրէի հետ համերգ են ունեցել Ստամբուլում, Մոսկւայի «Ռաշա» համերգասրահում, ուր եւ արժանացել է մրցանակի, որպէս կախարդական ձայն ունեցող երգչուհի:
Ընթերցենք կախարդական ձայն ունեցող Սիբիլի հետ ունեցած զրոյցս:
* – Սիրելի Սիբիլ, մեր թերթի ընթերցողների համար հետաքրքիր կը լինի, որ դու քո խօսքերով բացատրես քո մասին, քո անցեալի եւ կտրած ճանապարհի վերաբերեալ:
– Ես պոլսահայ եմ, նախնական ուսումս ստացել եմ «Մխիթարեան» վարժարանում: Ընտանիքս հայասէր էր: Տան յարկի տակ խօսում էինք հայերէն, հայրս զգայուն էր այդ հարցի նկատմամբ, ցանկանում էր, որ մեծանանք հայ ոգով, մեր մայրենի լեզուն չմոռանանք եւ պահենք մեր ինքնութիւնը:
* Իմ երաժշտական աշխարհը
Փոքր տարիքից երաժշտութեան հանդէպ ունեցել եմ մեծ սէր, նկատի ունենալով մեր հնարաւորութիւնները, ի՞նչ կարող էի անել, մասնակցեցի մեր թաղի (Ֆերիգիւղ) Ս. Վարդանանց եկեղեցու երգչախմբին, տարիներ այնտեղ երգեցի որպէս երգչախմբի անդամ եւ մեներգիչ, սրանից հինգ տարի առաջ էր, որ մէջս փոփոխութիւն զգացի, արթնացայ… ինքս ինձ մտածեցի. «…Սիբիլ դու այսքան տարի ինչ ես արել քեզ համար, կարողացե՞լ ես իրականացնել երազդ…» գիտես… ես երբ նայում էի հեռուստացոյցը, դիտում էի երգիչ-երգչուհիներին, աստղերին, երբ համերգ էի գնում, մարմինս փշաքաղւում էր… փափագս էր, որ երգիչ դառնամ, երգերի ալբոմ ունենամ, միշտ երազում էի ու աղօթում էի, որ արդեօք կարող է մի օր ես էլ աստղ դառնամ… Զգում էի, որ կարելի է այդ երազանքը իրականացնել, բայց ինչպէ՞ս… չգիտէի… մի օր ինքս ինձանից հարց տւեցի… «Ի՞նչը կարող է քեզ ամենից շատ երջանիկ դարձնել», պատասխանը գիտէի՝ երգել եւ ալբոմ ունենալ, որոշեցի վճռակամօրէն գործադրել եւ յաջողեցի…
Սովորեցի կեանքումս եւ հաւատացած եմ դրան, որ պիտի որոշես եւ ուզածիդ հաւատք ունենաս, հաւատք ունենաս, որ կարող ես գործադրես ու քայլը նետես… այդ պատճառով էլ կապւեցի հռչակաւոր երգահան եւ երաժշտագէտ Մաժակ Թոշիկեանի2) հետ, նրան յայտնեցի, թէ որոշել եմ իրականացնել երազս, ալբոմ հրապարակել, համագործակցութիւն խնդրեցի Թոշիկեանից, նա էլ դրական արձագանգեց եւ ստացւեց…. առաջին ալբոմս հրապարակեցի 2010-ին:
Առաջին ալբոմիս անունը «Սիբիլ» դրեցի. փափագ ունէի, որ մի քանի երգեր անպայման լինէին այդ ալբոմումս, ինչպէս «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Իմ անուշ տաւիղ», «Օրօր», «Անուշ», … եւ անշուշտ «Նամակ»-ը Յովհաննէս Շիրազից:
Յետոյ որոշեցի նաեւ տեսահոլովակ հրապարակեմ, ալբոմ հանելը երազանքս էր, որ իրականացել էր, ինչու տեսահոլովակ չանէի, որ ամէն մարդ էլ կարողանար դիտէր, որոշել էի, որ եթէ հնարաւոր չլինի հեռուստացոյցով ցրել, դնեմ համացանցի եւ «youtube»-ի մէջ… Որոշել էի, որ այդ էլ պիտի անեմ, իրագործեցի:
Որոշել էի, որ լաւ եւ որակեալ կերպով կատարեմ այդ գործը, մտածում եմ, որ ինչ-որ անում եմ համայնքիս նկատմամբ էլ եմ անում, նկատի եմ առնում նաեւ համայնքիս. ես պոլսահայ եմ, ասում են Սիբլիը պոլսահայ է, պոլսահայի բեռ կայ վրաս, հետեւաբար, ուզեցի որ հնարաւորին չափ լաւ ներկայանալ: Տեսահոլովակս մեծ պայթիւն եղաւ, թուրք լրագրողներից, մամուլից եւ հեռուստացոյցից հրաւէրներ ստացայ… հայկական երգը եւ երգչուհին Թուրքիայում, մամուլում, հեռուստացոյցում, աներեւակայելի էր, պետական հեռուստացոյցը ինձ խնդրեց մի ծրագիր ունենալ հեռուստացոյցից եւ ծանօթացնեմ հայ երգն ու երաժշտութիւնը եւ ես էլ խմբով ներկայացայ հեռուսացոյցում…
Թուրքական «Սաբահ» օրաթերթը ինձ հետ հարցազրոյց ունեցաւ, լրագրողը հարցրեց երազներիցդ մէկը ի՞նչ է, որտե՞ղ երգել կուզես, ես էլ ասացի «Անիի աւերակների առջեւ – «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»» երգը կուզեմ երգել… այս իմ ասածը հարցազրոյցիս վերնագիրը դարձաւ թերթում, թուրք պատասխանատուները տեսան… եւ իրականացաւ այս երազս էլ նաեւ… նոյն հարցազրոյցը արձագանգ էր գտել նաեւ Հայաստանում, Հայաստանի Համահայկական խաղերի կոմիտէից էլ հրաւէր ստացայ երգել Հայաստանում՝ Համահայկական խաղերի բացման եւ փակման արարողութիւններում, այսպիսով ճանաչւեցի նաեւ Հայաստանում…
Այս բոլորի կողքին աւելացնեմ նաեւ, որ երգչախմբում երգելուց բացի, նաեւ փոքր համերգներ էի տալիս հայ համայնքից ներս եւ դուրս նաեւ:
Թուրք աշխարհահռչակ երաժիշտ Մերջան Դէդէն3), մեր երգչախմբի ալբոմը եւ իմ ձայնը լսել էր, եւ ասել էր, որ Սիբիլի ձայնը եկեղեցական է ու երկնային եւ յարմար՝ քաթեդրալում4) երգելու համար:
Ծանօթացանք միմեանց, Մերջան Դէդէն Թուրքիայի տարբեր ազգերի երգերով ու երաժշտութիւններով է զբաղւում եւ համերգներ է կազմակերպում, որոշել էր նաեւ ծանօթացնել հայկական երաժշտութիւնը Թուրքիայում եւ Եւրոպայում եւ ես իր խմբին մաս կազմեցի, այդպիսով մուտք գործեցի աւելի մեծ աշխարհ՝ երաժշտութեան ասպարէզում:
* – Քո երգերից ո՞ր մէկն ես աւելի շատ սիրում:
– Իմ բոլոր երգերս էլ սիրում եմ՝ իմ զաւակների պէս, բայց ամենաշատը «Նամակ»-ը. զգում եմ, որ դա յօրինւել է ինձ համար, բայց Յովհաննէս Շիրազի խօսքերով. այդ պատճառով էլ Մաժակ Թոշիկեանին խնդրեցի, որ այդ բանաստեղծութեան համար երաժշտութիւն յօրինի:
* – Ինչպիսի՞ զգացմունք ունես, երբ երգում ես բեմի վրայ:
– Յուզմունք… անսահման յուզմունք… բեմի վրայ, առաջին երգի ժամանակ համարեա ոչինչ չեմ լսում… յետոյ մեծ երջանկութիւն եմ զգում, ներկայ ժողովրդից դրական ու հսկայ էներգիա եմ ստանում… համերգից յետոյ գիշերը, որ գլուխս դնում եմ բարձին, մի կաթիլ արցունք է գալիս աչքերիս եւ Աստծուց շնորհակալութիւն եմ յայտնում…
* – Սիրելի Սիբիլ, դու մեծ յաջողութիւններ ես ձեռք բերել կեանքում: Յաջողելու համար ի՞նչ է պէտք անել:
– Պիտի գիտնաս թէ կեանքում ինչի՞ յետեւից ես, ի՞նչ է ուզածդ կեանքից, պիտի որ բարի լինես, լաւ մարդ լինես…
Սիրտդ պիտի գեղեցիկ լինի, առանց դրանց չես կարող յաջողութեան հասնել… այսօր ասւում է, թէ Սիբիլը լաւ երգչուհի է, բայց դա կարող է անցողիկ լինել… կարեւորը լաւ մարդ լինելն է:
* – Ինչու միայն հայերէն ես երգում:
– Որովհետեւ ես հայ եմ, իսկ թէ ինչո՞ւ Թուրքիայում հայերէն կը երգեմ, ամէն մարդ մի առաքելութիւն ունի, մի նպատակով է աշխարհ եկել, ծնունդդ ինչ-որ իմաստ ունի, այո եթէ ես թուրքերէն երգէի, աւելի կառաջանայի, բայց ես հայ եմ, իմ մայրենի լեզւով եմ ուզում դուրս գալ այս երկրում, հայ երգը շատերին հասցնելու համար պիտի երգեմ…
_______________________________________________________
1)- Զապէլ Յովհաննէսի Խանջեան, Ասատուրի իր ամուսնու ազգանունն է (մտաւորական Հրանտ Ասատուրի եւ Գրիգոր Զոհրապի ընկեր):
Զապէլի գրական անունն է Սիպիլ, Սիպիլը հասարակական գործիչ էր, գրող եւ մանկավարժ՝ ծնւած 1863 թւին եւ մահացած 1934 թ.՝ Ստամբուլում:
2)- Մաժակ Թոշիկեան, թուրքահայ երգահան: 1960-ականների վերջին եւ 70-ականներին Թոշիկեանի երաժշտութիւնը յեղաշրջում առաջացրեց Թուրքիայի արդի փափ երաժշտութեան մէջ: Թոշիկեանը երաժշտութիւն էր յօրինել թուրք յայտնի երգիչ-երգչուհիների համար, ինչպէս՝ Աժդա Փեքան, Սեզեն Աքսու, Թանջու Օքան եւ շատ ուրիշներ: Նա աշխատում է Կանադայում եւ Թուրքիայում:
Թոշիկեանը Հայաստանի պետութեան կողմից արժանացել է «Կոմիտաս» շքանշանին:
3)- Մերջան Դէդէ (Mercan Dede) աշխարհահռչակ թուրք երաժշտագէտ, սրինգ նւագող, ծնւել է 1966 թւականին՝ Թուրքիայի Բուրսա քաղաքում, աշխատում է Թուրքիայում, Եւրոպայում, Ամերիկայում եւ Կանադայում: Նա յայտնի է իր իւրայատուկ երաժշտութիւններով օգտւելով սուֆիական ոճից միախառնելով էլեկտրոնային նւագարանների հետ: 100-ից աւելի համերգներ է ունեցել՝ Վիեննայում, Ժնեւում, Բրիւսէլում, Փարիզում, Ամստերդամում եւ այլուր, իր համերգների մաս է կազմում նաեւ հայկական երաժշտութիւնը:
4)- Եկեղեցի, մայր տաճար:
Yorumlar kapatıldı.