İçeriğe geçmek için "Enter"a basın

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (2-3)

Կարո Հակոբյան. «Լճացումը եւ անտարբերությունը մահացու հարված են հասցնում մեր իսկ գոյությանը»: Երեկ՝ մարտի 4-ին, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, մեկնարկեց «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» գիտահետազոտական խորհրդաժողովը:



Ծրագիրը բացվեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին Արք. Պեքճյանի օրհնությամբ, որին հետևեց Կոմիտասյան մեղեդիով՝ տենոր Մասիս Առաքելյանի հոգեպարար հայկական դասական երգերը, և ապա բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) նախագահ՝ Կարո Հակոբյանը:
Կարո Հակոբյանը ԵՀՀ-ի անունից բարի գալուստ մաղթելով խորհրդաժողովի մասնակիցներին, հայտարարեց. «Մեկնարկում է մի խորհրդաժողով, որի նախապատրաստության համար ԵՀՀ-ի պատասխանատու անդամները ամիսներ աշխատել են կարելիությունների սահմաններում լավագույնս կատարել, որպեսզի այսօր այս սրահում միմյանց շուրջ հնարավորություն ունենան հավաքվելու մեր ազգի ու ժողովրդի բազում հարցերով մտահոգ անձնավորություններ, մասնագետներ, քաղաքական-հասարակական գործիչներ այդ հարցերի շուրջ խորհրդակցելու, քննարկելու եւ լուծման ելքեր գտնելու ակնկալիքներով  և նպատակով»:


ԵՀՀ նախագահը անդրադառնալով Սփյուռքյան իրականությանն, ասաց. «դեռեւս մեզ պակասում է համակողմանի գիտական ուսումնասիրությունը, և դրանցից բխող եզրակացությունները, վերցնենք Ցեղասպանության և չարչրկված պահանջատիրության հարցը, որի համար հայության եռանդն ու տասնյակ տարիների պայքարն ու զոհաբերությունները դեռեւս չեն տվել իրենց սպասված պտուղները, ո՞րն է  պատճառը, արդյո՞ք մենք հետապնդել ենք ճշտորոշված հստակ նպատակներ, ընտրել ենք ճիշտ ռազմավարություն… թե՝ գործել ենք առանձին, առանձին, յուրաքանչյուրը ի’ր չափանիշներով եւ հայեցողությամբ, ու՞ր ենք հասել դրանով, որո՞նք են դրա հետեւանքները եւ այժմ հարյուրամյակից հետո ի՞նչ փուլում ենք գտնվում»:


Նա հավելեց. «Արդյո՞ք Հայկական Հարցը, ցեղասպանության դատապարտումն ու պահանջատիրությունը որպես գերակա համազգային խնդիր, բոլորիս հայտնի կառույցների եւ ուժերի կողմից չի ենթարկվել խմբակային կամ նեղ կուսակցական չարաշահումների, վերածվելով լոկ ճանաչման հարցի՝ այն էլ հիմնականում ներքին սպառման համար»:
Կարո Հակոբյանը խոսելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին, ասաց՝ այս «ոլորտում ներկայիս մոտեցումները կարծես թե գիտակցաբար սահմանափակվում են զգացումային շրջանակներում՝ համեմված լոկ մշակութային, մարզական եւ այլ  միջոցառումներով, որոնք ինքնստինքյան դրական են ու գնահատելի, բայց ոչ խորքային…
Նա շեշտելով, որ «Սփյուռք-Հայաստան հարաբերակցությունը բարդ եւ համակողմանի քաղաքական, հասարակական երեւույթ է եւ պահանջում է լուրջ ուսումնասիրություն»,- ասաց. «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ծիրին մեջ հարյուրամյակի նախօրյակին ի հայտ եկած հռչակագիրը, որը կոչված է դառնալ որպես ուղեցույց հարկ է քննության առնել եւ ապա հստակեցնել, թե’ որն է լինելու Հայաստանի Հանրապետության եւ որը Սփյուռքի  դերակատարությունը, այնպես որ, դրանով չխաթարվի ո’չ մեր պետականությունը, ո’չ նրա զարգացման ընթացքը… եւ ոչ էլ Սփյուռքը դառնա խաղարկության առարկա՝ դիտորդի կարգավիճակով:
ԵՀՀ նախագահը մեջբերելով Փարիզում հրատարակվող «Նոր Յառաջ» պարբերականի վերջին խմբագրականում տեղ գտած հետեւյալ խոսքերը, «Արհամարհանքը, անարդարութիւնը, շահագործումը չարաշահումի աստիճանի հասած պետական կառավարական վարքագիծը՝ իշխանաւոր դասը հասարակ քաղաքացիին համար կեղեքողի ու թշնամիի համազօր դարձուցած են», հարց բարձրացրեց. «Արդյո՞ք Սփյուռքը իրավասու է եւ հարկ է, որ (Հայաստանում) պայքարի հասարակական, քաղաքական անարդարությունների ու ոտնձգությունների դեմ, Արդյո՞ք Սփյուռքը չպիտի իր բոլոր հնարավորություններով լուրջ պայքար տանի ընդդեմ համատարած կաշառակերության ու ընդդեմ քրեական տարրերի ոտնձգությունների, արդյո՞ք հենց այժմվանից չպիտի գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի այլեւս չկրկնվեն կեղծ ու անարդար ընտրությունները»:
Կարո Հակոբյանը շեշտելով, որ մենք կարիք ունենք համախմբվելու և կազմակերպվելու, եզրակացրեց. «Լճացումը եւ անտարբերությունը մահացու հարված են հասցնում մեր իսկ գոյությանը»:
Բացման խոսքից հետո մեկնարկեց համաժողովի անդրանիկ նիստը, որը նվիրված էր Սփյուռքի ներկա իրավիճակին և անհրաժեշտ փոփոխություններին: Ուր զեկուցներով հանդես եկան՝ Ազատ Օրդուխանյանը՝ Գերմանիայից, Մոսկվայի «Ժամ» պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր և հրատարակիչ Աննա Գիվարգիզյանը՝ Ռուսաստան, ապա «Գեղարդ» էլեկտրոնային թերթի խմբագիր Մինաս Գոճայանը զեկուցեց՝ «Միջին Արևելքի հայկական գաղութների իրավիճակը, Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը» թեմայով: Իսկ ջավախահայության խնդիրների մասին Ջավախքի Հայոց միության նախագահ Աղասի Արաբյանի զեկույց ներկայացրեց Սպարտակ Տեր-Ավետիսյանը։
Իսկ Ողջույնի խոսքով հանդես եկան «Հայկական Վերածնունդ» կազմակերպության ներկայացուցիչները և Արեւմտահայերի ազգային համագումարի խորհրդի համանախագահ Կարեն Միքայելյանը, ու նաև Դեմոկրատական սոցիալիզմ կազմակերպությունը:
Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ ավանում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայանում է՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցով հանդես են գալիս եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
 Եւրոպայի Հայերու Համագումար Տեղեկատվական բաժանմունք
 05 Մարտի 2016թ.
 Attachment(s) from AAE Assembly of Armenians of Europe | View attachments on the web 4 of 4 Photo(s) 
Garegin Arch..JPG
 Karo Hakopyan.JPG
Masis Arakelyan.JPG
652A2038.JPG
1 of 1 File(s)
 AAE-Conferance_Press Release 04 03 2016 No_2-2..doc
________________________________________


Posted by: AAE Assembly of Armenians of Europe <aaeurop2@gmail.com> 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – 3

Աննա Գիվարգիզյան. «Մենք ի՞նչ պատմություն ենք կերտում մեր սերունդների համար»
Շարունակվում է Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, մարտի 4-ին, Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, մեկնարկած «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի մասնակիցները մեկը մյուսի հետևից հանդես են գալիս նոր ու հետաքրքիր զեկույցներով: Այդ շարքում Մոսկվայի «Ժամ» պարբերականի հիմնադիր, գլխավոր խմբագիր և հրատարակիչ Աննա Գիվարգիզյանը, զեկուցելով Ռուսաստանի հայ համայնքի մասին, ասաց. «Մենք ունենք այնպիսի խնդիրներ, որոնք գալիս են փաստելու, որ Ռուսաստանում հայկական համայնքը, որպես ինստիտուցիոնալ կառույց, լիարժեք չի ձևավորվել»,- «Քանի որ չկա ազգային գաղափարի հստակ պատկերացում և դեպի այդ գաղափարը տանող նպատակների ու միջոցների շուրջ համախմբում»:
(Մենք) «Նման ենք մի ճամփորդի, որ տնից ելել, անվերջ դեգերումներից հիշողությունը կորցրել ու այլևս ինքն էլ չգիտի թե ու՞ր է գնում: Բաժան-բաժան խմբերով, հիասթափված, ամենքս մեր անկյունում ինքներս մեզ փրկել չկարողացող՝ բազմաբնույթ միջոցացառումներով և համագումարներում Պարոնյանի ասած՝ օդի ջերմաստիճանը չափելով, «Հայրենիք ենք փրկում»,-ասաց նա։
«Ժամ» ամսագրի խմբագիրը մեջբերելով Ամենայն հայոց բանաստեղծ՝ Թումանյանի խոսքերն ասաց. «Փրկությունը ներսից պիտի գա»,- և հավելեց. «Որպեսզի այդ փրկությունը ծնվի, և հետո դեմ չառնի իրականության կարծր պատին, պետք է նախ մեր հոգեկան պարտքերը տանք։ Մենք պարտք ունենք տալու Սբ. Սահակ Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Խորենացուն, Դավիթ Անհաղթ փիլիսոփային, Գրիգոր Նարեկացուն, մեր մյուս մեծերին, որոնք ավելի դաժան պայմաններում ստեղծեցին մեր այբուբենը, ամբողջովին համակարգեցին (հայոց լեզուն) ու դարձրեցին լիարժեք լեզու, որով գրեցին գրականություն, փիլիսոփայություն, շարականներ ու կերտեցին մեր պատմությունը»։ Աննա Գիվարգիզյանն ապա հարցով դիմեց դահլիճին. «Մենք ի՞նչ պատմություն ենք կերտում մեր սերունդների համար»,- Ու որպես պատասխան իր իսկ բարձրացրած հացին նշեց. «Գիտակցելով մեր ունեցվածքի արժեքը՝ մենք պարտավոր ենք մեծ բծախնդրությամբ ծառայել հայրենիքին՝ գործով, որում առաջին կետը պետք է լինի միավորված աշխատանքը»։
Նա հավելեց. «Բնականաբար, խնդիրներ կան նաև այլ երկրների հայկական համայնքներում։ Ուստի՝ ողջունելով այսօրվա մեր համագումարի բացումը, ես ակնկալիք ունեմ, որ սույն համագումարը եռօրյա աշխատանքային ժամերով չի սահմանափակվի, որ կընտրվի մի մարմին, որում կլինեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, և համագումարը իր գործունեությունը կծավալի համագումարի ավարտից հետո։ Արվելիք աշխատանքի պատկերացմամբ և արվածի հաշվետվությամբ»։
Բանախոսն իր խոսքն ավարտեց՝ «մեր սուրբ պապերից մեզ ավանդված՝ «Ազգիս Հայոց՝ սեր, միություն…» փափագով»։
Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ ավանում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայանում է՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցով հանդես են գալիս եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:
Եւրոպայի Հայերու Համագումար Տեղեկատվական բաժանմունք

05 Մարտի 2016թ. 

Yorumlar kapatıldı.