Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի անվանի նկարիչ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես:
Պատկերասրահից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացված են լինելու Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում և ֆոնդերում պահպանվող շուրջ 134 աշխատանքներ, որոնցից 15-ը գրաֆիկական, մնացածը` գեղանկարչական երկեր են` միանգամայն տարբեր ժանրային, բովանդակային ու տեխնիկական առումով:
Ցուցահանդեսի նպատակն է առավել ընդգրկուն և ամբողջական կերպով ներկայացնել արվեստագետի անցած ստեղծագործական ուղին, մեկ անգամ ևս կարևորել նրա մեծ ավանդը հայ կերպարվեստում:
Հոբելյանական ցուցահանդեսի առթիվ հրատարակվել է Փանոս Թերլեմեզյանի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների շքեղ պատկերագիրք-գիտական կատալոգը, ուր առաջին անգամ ներկայացվում է նկարչի կյանքի ու կենսագրության ստեղծագործական գործունեության ամբողջական պատկերը:
Ցուցահանդեսը բացվելու է դեկտեմբերի 15-ին:
«Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով»,- ասել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը:
ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Թերլեմեզյանը բնանկարի ժանրի լավագույն ներկայացուցիչներից է: Նա նախանշել է նաև հայկական ռեալիստական դիմանկարչության հետագա
զարգացման ընթացքը:
զարգացման ընթացքը:
Փ.Թերլեմեզյանը ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Մասնագիտական կրթություն ստացել է նախ Վանի Փորթուգալյան վարժարանում, այնուհետև` 1895 թ., Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայում: 1987 թ. մեկնել է Էստոնիա` Տալլին, այդտեղ էտյուդներ կատարելու, սակայն ձերբակալվել է և երեք տարի անցկացրել Ռևելի բանտում, հետագայում տեղափոխվել Թիֆլիսի Մետեխի բանտ, այնտեղից էլ աքսորվել Պարսկաստան: Անգամ այս պայմաններում նկարիչը շարունակել է ստեղծագործել: 1899 թ. Թերլեմեզյանին հաջողվում է ձեռք բերել նոր անձնագիր և մեկնել Ֆրանսիա: Փարիզում չորս տարի նկարիչը հաճախում է Ժյուլիեն ակադեմիա` աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին: Այս ընթացքում գեղանկարիչը կատարելագործվում է և ձեռք բերում մասնագիտական մեծ փորձ, Լուվրում ընդօրինակում է հին վարպետների գլուխգործոցներ: 1903 թ. Թերլեմեզյանը վերադառնում է Կովկաս, մասնակցում Գեղարվեստը խրախուսող ընկերության կազմակերպած ցուցահանդեսին` ներկայացնելով Փարիզից բերած մի շարք աշխատանքներ: Այս շրջանում` 1904-1905 թթ., արվեստագետը ստեղծում է հայրենի բնաշխարհը ներկայացնող մի շարք բնանկարներ: 1905-1906 թթ. նկարչության դասեր է տալիս Թիֆլիսի Ներսիսյան և Հովնանյան դպրոցներում:
1908 թ. Թերլեմեզյանը կրկին մեկնում է Փարիզ: Արդեն ձևավորված նկարիչը այնտեղ առկա գեղարվեստական որևիցե ուղղության չի հարում` պահպանելով ռեալիստական ուրույն ձեռագիրը: 1910 թ. արվեստագետը վերադառնում է Կ. Պոլիս, նկարիչ Լևոն Քյուրքչյանի հետ բացում ցուցահանդես, որտեղ ներկայացված 145 աշխատանքներից 90-ը պատկանում են նրա վրձնին: 1913 թ. Թերլեմեզյանը երեք աշխատանք է ուղարկում Մյունխենի ցուցահանդես և արժանանում ոսկե մեդալի: 1914 թ. գարնանը նկարիչը ուղևորվում է Վան, վրձնում տեղի բնանպատկերների մի շարք գործեր: Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Այդ օրհասական օրերին Թերլեմեզյանն իր ժողովրդի կողքին է, ակտիվորեն մասնակցում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությանը: 1918-1919 թթ. արվեստագետն անդրադառնում է բոսֆորյան ծովափնյա բնանկարներին, իսկ 1922 թ. վերջին անգամ այցելում է Կ. Պոլիս: Մինչև Հայաստան վերադառնալը շուրջ քսանհինգ տարի շրջագայում է տարբեր երկրներում (Եգիպտոս, Ալժիր, Ֆրանսիա, Ամերիկա և այլուր), ստեղծագործում անսպառ եռանդով, հասնում բարձր վարպետության: Աշխատում է թե’ բնանկարի, թե’ դիմանկարի և թե’ նատյուրմորտի ժանրերում: Շատ անգամ հալածված և օտար ափերում դեգերած արվեստագետն ի վերջո հանգրվանում է Մայր հայրենիքում 1928 թ.: Երևանում 1929, 1941 թթ., Թիֆլիսում 1930, 1965 թթ. և 1949 թ. Մոսկվայում կազմակերպվում են նկարչի անհատական ցուցահանդեսները: 1935 թ. նրան շնորհվում է Խորհրդային Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում, նրա անունով է կոչվում Երևանի գեղարվեստական ուսումնարանը: Փանոս Թեչլեմեզյանը մահացել է 1941 թ. Երևանում` կտակի համաձայն Հայաստանի ազգային պատկերասրահին ավանդելով շուրջ 800 աշխատանք:
Yorumlar kapatıldı.