Հայերը եկան մնալու, եւ հայկական հռչակավոր ոգելից խմիչքն աննկատ չմնաց այս կողմերում։ Ե՛ւ բանաստեղծ Պաբլո Ներուդան, ե՛ւ նախկին նախագահ Սալվադոր Ալիենդեն հայկական կոնյակի մեծ սիրահար էին։
-
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ՍՏԱՆՁՆՈՒՄ ԵՆ ՂԵԿԸ
Համայնքի հիմնադրումից ի վեր բազում տարիներ են անցել, սակայն մարտահրավերները շարունակվում են։ «Մենք պետք է վստահ լինենք, որ երիտասարդներն այստեղ իրենց լավ են զգում, քանի որ դա անհրաժեշտ է մեր միասնությունն ու հայ ինքնությունը պահպանելու համար։ Գլխավորը երիտասարդ ու լավ առաջնորդներ ընտրելն է, որոնք պատրաստակամ են իրենց ժամանակը նվիրել այս խնդիրներին»,- ասում է թոշակառու փոխծովակալ Էռնան Բերգամալի-Կույումջյանը, որը 2006-2008թթ. եղել է հայ համայնքի ղեկավարը։ Հենց այդպիսին էլ իրականությունն է՝ համայնքի խորհրդում ընդգրկված են հայերի երիտասարդ ժառանգները, որոնք ձգտում են վառ պահել հայկական ջահը։
«Հայ լինելը մեզ համար նշանակում է լինել կենդանի վկան հազարամյա մի մշակույթի, որը պատմության տարբեր ժամանակաշրջաններում եղել է բացառիկ ազդեցիկ, սակայն 1915-ից հետո հայտնվել է անհետացման եզրին։ Հայրենիքից հազարավոր մղոններ հեռու՝ մեզ հաջողվել է անեղծ պահել մեր ինքնությունն ու մշակութային ժառանգությունը՝ միաժամանակ մերվելով մեզ ընդունած երկրներին»,-ասում է համայնքի ներկայիս նախագահ Կարո Կոնստանտինիդիս Լոթիկյանը։
Այս վերածննդին նպաստած առանցքային գործիչներից է նաեւ Հայր Սիփան Գեւորգյանը, որը երկու տարի առաջ է Հայաստանից եկել Սանտյագո եւ Չիլիի Հայ առաքելական եկեղեցու առաջին քահանան է։ Կիրակի օրերին նա պատարագ է մատուցում եւ հայերենի դասեր անցկացնում «Հայ տանը»։ -
ՍՊՈՐՏՆ ԻԲՐԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ
Տեղի համայնքը նաեւ սեփական ֆուտբոլի թիմն ունի՝ «Դեպորտիվո Արմենիո», որի գնդակի ամեն պտույտի հետ հայկականություն է ճառագում։ Արդեն քանի տարի է՝ նրանք մասնակցում են ավանդական Նավասարդյան խաղերին։ «Այս հարթակի շնորհիվ մենք միացել ենք սոցիալական շրջահոսին՝ հնարավորություն ստանալով ընկղմվելու լիովին հայկական մթնոլորտում։ Սա կատարյալ միջավայր է՝ հաստատելու կապեր ու ընկերություն, որոնք դիմանում են ժամանակի փորձությանն ու գնալով ամրանում,– ասում է Նաչոն,-մենք բոլորս սիրում ենք ներգրավված լինել սփյուռքի կյանքում։ Սա թույլ է տալիս կոտրել աշխարհագրական խոչընդոտները եւ ավելի բազմաքաղաքացի զգալ։ Մեր նպատակն է համախմբել երիտասարդներին եւ որեւէ պահի կազմակերպել այնպիսի մի տոն, որն ի մի բերի շրջակա հայությանը, եւ նրանք հասկանան, որ աշխարհի այս կողմում մի փոքրիկ Հայաստան կա։
-
ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ
Թեպետ սակավաթիվ, սակայն նրանք հայկական հոյակապ համայնք են եւ ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնց վրա աշխատում են ամեն օր։ Շուտով կլինի նոր նստավայր եւ կսկսի գործել Չիլիի առաջին հայկական եկեղեցին։ Մայր Հայաստանից հեռու, Անդերի ու Խաղաղ օվկիանոսի միջեւ ապրող հայերն ստեղծել են փոքրիկ մի Հայաստան այնպիսի վստահությամբ, որը հաղթահարում է ֆիզիկական հեռավորությունը։
Եվգենյա Հակոբյան
100 LIVES-ի խմբագիր (Արգենտինա)
Yorumlar kapatıldı.