Էրմիտաժի Հայաստանի միջնադարյան արվեստի հավաքածուն ներառում է ավելի քան 1.500 ցուցանմուշ. Հայկական մշակույթը հազարամյակների պատմություն ունի, որոնց ընթացքում այն տարածվել է աշխարհով մեկ և այժմ պահպանվում ու ցուցադրվում է տարբեր երկրների թանգարաններում: PanARMENIAN.Net-ը շարքով կպատմի այն թանգարանների մասին, որտեղ առավել հարուստ են ներկայացված հայկական և ուրարտական մշակույթի նմուշները: Դրանցից մեկն է Ռուսաստանի և աշխարհի ամենամեծ ու ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Էրմիտաժը, որտեղ բացի հայկական մշակույթից, ներկայացված է նաև ուրարտական մշակույթը:
5 հոկտեմբերի 2015
PanARMENIAN.Net – Ուրարտու-Հայաստան
Էրմիտաժում ցուցադրվում է Հայաստանի միջնադարյան արվեստի և մշակույթի կոթողների հարուստ հավաքածու (Արարատյան թագավորության ժամանակաշրջանից մինչև XVIII դար): Այն ներառում է ավելի քան 1.500 ցուցանմուշ. դրանցից լավագույնները ներկայացված են մշտական ցուցահանդեսում (Ձմեռային պալատի 63 և 63a սրահներ):
Հայաստանի մշակույթի և արվեստի սրահը նվիրված է Հովսեփ Օրբելիի (Էրմիտաժի տնօրենը 1931-1954 թվականներին) հիշատակին: Ցուցասրահը ներկայացնում է միջնադարյան Հայաստանի արվեստն ու մշակույթը, հատկապես` մանրանկարչությունը: Էրմիտաժյան ցուցադրությունները ներառել են ոչ միայն բուն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս կերտված հնագույն հայկական ձեռագրեր: Ներկայացված է նաև Կիլիկյան Հայաստանը:
Էրմիտաժում է պահվում է Սկևռայի նշանավոր մասնատուփը՝ Կիլիկյան արվեստի գլուխգործոցը:
Զգալի մաս են կազմում XVII-XIX դարերի արծաթագործության հայ վարպետների բարձրաճաշակ նմուշները` եկեղեցական և կենցաղային պարագաները: Լայնորեն ներկայացված են նաև խաչքարերը:
Զախից՝ քանդակազարդ փայտե դուռ (1371 թ., Սբ Սարգիս եկեղեցի, Թեոդոսիա, Ղրիմ), աջից՝ քառավետարանի դրվագված կազմի դիմերեսը` Խաչելության պատկերով (1325 թ., Ջենովա, կազմը` 1347 թ.)
Էրմիտաժում ցուցադրված են ճարտարապետական կառույցների բեկորներ, փայտի և քարի վրա արված փորագրություններ, մոնումենտալ գեղանկարչության ու մանրանկարչության նմուշներ, ձեռագրեր, կավե, ապակե, բրոնզե առարկաներ, ոսկերչական իրեր, դրամներ, կնիքներ և այլ ցուցանմուշներ:
Առավել նշանակալի ցուցանմուշներից են. մարդու դեմքով թևավոր առյուծ (մ. թ. ա. VIII–VII դարեր), Մասնատուփ (1293 թ., Սկևռա, Կիլիկյան Հայաստան), Էաչի և Ամիր Հասան II-ի քարե հարթաքանդակը (1321 թ., Սբ Աստվածածին եկեղեցի, Եղեգնաձոր), Քառավետարանի դրվագված կազմի դիմերեսը` Խաչելության պատկերով (1325 թ., Ջենովա, կազմը` 1347 թ.), Քանդակազարդ փայտե դուռ (1371 թ., Սբ Սարգիս եկեղեցի, Թեոդոսիա, Ղրիմ), Ղուկաս ավետարանիչը (XIII դարի վերջ – XIV դարի սկզբի Ավետարանի մանրանկար, Կիլիկիա):
Ձախից՝ Էաչի և Ամիր Հասան II-ի քարե հարթաքանդակը (1321 թ., Սբ Աստվածածին եկեղեցի, Եղեգնաձոր), աջից՝ Ղուկաս ավետարանիչը (XIII դարի վերջ – XIV դարի սկզբի Ավետարանի մանրանկար, Կիլիկիա)
Հելենիստական մշակույթը ներկայացված է բացառիկ պատմական նմուշով՝ Գառնիի հեթանոսական տաճարի սյունագլխով: Այն թանգարանին է նվիրել Հայաստանի կառավարությունը:
Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի և արվեստի ցուցասրահում ներկայացված են Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ (մ.թ.ա. IX-VII): Թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են և իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում: Էրմիտաժում ներկայացված են Կարմիր բլուրում անցկացված պեղումների գտածոները:
Ուրարտու մշակույթի և արվեստի ցուցասրահ
Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում:
1936 -ին երկրաբան Ա. Դեմյոխինը բլրի հարավ-արևելյան լանջին գտավ բազալտե քարի մի բեկոր: Վերջինս կրում էր սեպագիր արձանագրություն, որտեղ կարդացվում էր Արգիշտիի որդի Ռուսայի անունը: Հետախուզական աշխատանքները պարզեցին, որ բլուրը ծածկված է հին շինություններով: Հրդեհից հուշարձանը կարմիր գույն էր ստացել, որի պատճառով մոտակա գյուղի բնակիչները այն Կարմիր Բլուր էին անվանում: Հաշվի առնելով հետախուզական աշխատանքների արդյունքները` 1939-ին երեք արշավախումբ համատեղ սկսեցին Կարմիր Բլուրի կանոնավոր պեղումներ` Պետական Էրմիտաժի (Բ. Պիոտրովսկի), Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի (Կ. Ղաֆադարյան) և ՍՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի (Ս. Տեր-Ավետիսյան) կողմից: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պեղումները ընդհատվեցին և վերսկսվեցին 1945 թ.` շարունակվելով մինչև 1971 թ., ակադեմիկոս Բ. Պիոտրովսկու ղեկավարությամբ:
«Ուրարտու» սրահում ներկայացված են, մասնավորապես, Սարդուրի թագավորի սաղավարտը (մ.թ.ա 764-744), բրոնզե զենք ու զրահ, սեպագիր արձանագրություններ, ինչպես նաև կավե անոթներ հացահատիկի և գինու պահպանման համար: Սրահի կենտրոնում՝ Ռուսախինիլի քաղաքից գահի բրոնզե զարդեր:
Ձախից՝ Սարդուրի թագավորի սաղավարտը (մ.թ.ա 764-744), աջից՝ մարդու դեմքով թևավոր առյուծ (մ. թ. ա. VIII–VII դարեր)
1859-ին Արաքս գետի ափին՝ այժմյան Իրանի տարածքում, սակայն այն ժամանակվա Երևանի նահանգի Շարուրի գավառում, ռուս սահմանապահների Ալիշարի պահակետի դիմաց, քրդերը հայտնաբերել ու կողոպտել են մեկ ուրարտական դամբարան, որում պահվող առանձին նյութեր այնուհետև հայտնվել են Երևանում և ավելի ուշ տրամադրվել էրմիտաժին:
Դամբարանում գտնված իրերի միայն մի աննշան մասն է հասել էրմիտաժ. այն է` պղնձե կաթսայի երկու հարդարանք, որոնցից մեկը ցլի գլխի արձանիկ է, մյուսը՝ մարդու իրանով թռչունի քանդակ: էրմիտաժում այժմ պահվում է նաև կաթսայի՝ ցլի ոտքի ձև ունեցող բրոնզե մի հենակ, ապարանջանի մի բեկոր և մարտական ձիու բրոնզե հարդարանքի տարբեր մանրամասեր, որոնց թվում՝ մի զանգակ՝Արգիշթի 1 արքայի արձանագրությամբ: Արձանագրությունը բաղկացած է երկու բառից. «Արգիշթիի պահեստ»: Այս արձանագրությունը, ցավոք, չի նպաստում դամբարանի առավել ճշգրիտ թվագրմանը (այն կարելի է թվագրել մ.թ.ա 8—7-րդ դարերով), քանի որ հայտնի են տարբեր ժամանակ Ուրարտուի գահին տիրած Արգիշթի անունով երկու արքա:
Ուրարտու սրակում է ցուցադրվում նաև Սարդուրի արքայի սեպագիր անունով բրոնզե գավաթըուրարտական երկու հիերոգլիֆիկ նիշերով:
Սարդուրի արքայի սեպագիր անունով բրոնզե գավաթը ուրարտական երկու հիերոգլիֆիկ նիշերով
Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
Yorumlar kapatıldı.