Խաչիկ Փոլ Չաթերը հոնգկոնգցի հանրահայտ հայ մուլտիմիլիոնատեր էր, բարեգործ, բարերար, դատավոր, օրենսդիր խորհրդի անդամ, բանկիր, միջազգային ընկերությունների համասեփականատեր, ով հսկայական բիզնես-կայսրություն էր հիմնել Արևելյան Ասիայում։
Խաչիկ Փոլ Չաթերը (Խաչիկ Աստվածատրյան) ծնվել է 1846թ․-ին հնդկական Կալկաթա քաղաքում, բազմազավակ ընտանիքում։ Նրա ծնողները՝ Մարիամն և Պավել Չաթերը, Հնդկաստանի հայկական առաջին 13 ընտանիքներից մեկի հետնորդներն էին։ Պավել Չաթերը հնդկական քաղաքացիական ծառայության անդամ էր, իսկ մայրը՝ Մարիամը, տնային տնտեսուհի, 14 երեխաների մայր։ Թվում էր, թե կյանքն իր հունով ընթանում էր, մինչև որ մահացու հիվանդությունը չխլեց ծնողների կյանքը։ Որբացած երեխաներին տեղափոխեցին որբանոց, իսկ տարիներ անց արդեն 18 տարին բոլորած Խաչիկը մեկնեց Հոնգկոնգ՝ գումար վաստակելու և քույրերի ու եղբայրների հետ ընտանիքը վերականգնելու նպատակով։
“Ես մյուս քաղաքներում երբեք այնքան երկար չեմ մնացել, որքան Հոնգկոնգում։ Իսկ պատճառն այն է, որ այս քաղաքն ինձ համար դարձավ սիրելի… (1881թ.)
Հայերին բնորոշ աշխատասիրությամբ Խաչիկն աշխատում էր առանց հանգստանալու։ Նա աշխատում էր ու արժանապատվությամբ հաղթահարում իր առջև ծառացած բոլոր խոչընդոտները՝ արդյունքում դառնալով Ասիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նա աշխատանքի անցավ Հոնգկոնգի բանկերից մեկում՝ որպես օգնական՝ միաժամանակ կրթություն ստանալով քոլեջում։ Ընտանիքը վերադաձնելուց հետո Չաթերը թողեց բանկում իր աշխատանքն ու ընկերոջ հետ միասին բիզնես հիմնեց՝ աշխատելով որպես արժութային բրոկեր, որտեղ նրանք ոսկու սալակտորների ու հողատարածքների առևտրով էին զբաղվում։ Այս ընկերությունը Չաթերին բազմամիլիոն կարողություն բերեց, նա հողատարածքներ էր գնում և տներ, դպրոցներ, եկեղեցիներ, բարեգործական ֆոնդեր, գյուղատնտեսական ֆերմաներ ու բազմաթիվ այլ բաներ կառուցում։ 1886թ․-ին Հոնգկոնգի օրենսդրական խորհուրդ մտնելով ու Գործադիր խորհրդի, ինչպես նաև Հաշտարար դատարանի անդամ դառնալով՝ նա կառուցեց աշխարհի առաջին էլեկտրակայաններից մեկը (1890թ.)։
«Կալկաթայի այս երիտասարդ հայն իրենով լցրեց ամբողջ Հոնգկոնգը,- նշվում է պատմական փաստագրությունում, – նա ամենուր է, ոչինչ հնարավոր չէ անել առանց նրա իմացության ու մասնակցության։ Նա Հոնգկոնգի հայրն է»։
Իր նախաձեռնող միտքի ու բիզնեսի տաղանդի համար Չաթերին «Հոնգկոնգի արքայազն» էին անվանում։ Խաչիկն օվկիանոսի տարածքների հաշվին կղզու տարածքի ընդլայնման ծրագիր էր մշակել։ Նա լավ գիտեր Հոնգկոնգի աշխարհագրական առանձնահատկությունները և պատրաստ էր անել հնարավոր ամեն բան՝ նավահանգիստների, առևտրի ու տնտեսության զարգացման համար առհասարակ։ Բանկային համակարգի ստեղծման շնորհիվ Հոնգկոնգը դարձավ Չինաստանի ամենազարգացած շրջաններից մեկը, նրա գործունեության շնորհիվ քաղաքը մինչ այսօր նշանակալի ազդեցություն ունի համաշխարհային տնտեսության մեջ։
«Հոնգկոնգի հանդեպ ունեցած Չաթերի վերաբերմունքի ամենակարևոր փաստերից մեկն այն է, որ նա ինքնուրույն վերականգնեց քաղաքի զարգացման ծրագիրը, որը հիմք ծառայեց 21-րդ դարի կառուցապաման համար», – նշվում է «Daily Mail» պարբերականում։
Պատմական տվյալների համաձայն՝ Չաթերը երկու սպորտաձևերի սիրահար էր՝ կրիկետ և ձիավարություն։ Ասում են, որ Հոնգկոնգում նրա ապրած 60 տարիների ընթացքում նա «Happy Valley» ձիարշավարանում ամեն շաբաթ տեղի ունեցող խաղերից ոչ մեկը բաց չէր թողնում։ Խաչիկը նույնիսկ մի քանի զտարյուն ձիեր էր ձեռք բերել, որոնք նրան բազմաթիվ հաղթանակներ ու հավելյալ եկամուտ էին բերում։ 1902թ․-ին Խաչիկ Չաթերին ասպետի կոչում շնորհվեց, և դրանից ի վեր նրան սկսեցին կոչել Սըր Խաչիկ Փոլ Չաթեր։ Հոնգկոնգի հանդեպ ունեցած սիրո հետ մեկտեղ նա երբեք չէր մոռանում իր հայրենիքի մասին։ Իր ողջ կյանքի ընթացքում նա հսկայական գումարներ էր նվիրաբերում Հոնգկոնգի, Կալկաթայի, Լոնդոնի, Փարիզի, Նանկինայի ու Պեկինի հայկական սոցիալական-հասարակական ու կրոնական-լուսավորչական կազմակերպություններին, օգնության ձեռք էր մեկնում աղքատ ընտանիքներին, հայկական ծագում ունեցող որբերին, ինչպես նաև Օսմանյան կայսրության փախստականներին։
«Երբ ես աշխատում էի իմ «The Quest of Noel Croucher» գրքի վրա, ես շատ բան իմացա Սըր Փոլ Չաթերի մասին, – նշում է BBC-ի հայտնի լրագրող Վադին Ինգլանդը։ – Ես ցնցված էի, երբ կարդացի նրա կենսագրությունը։ Շատ եմ ամաչում մեր կառավարության համար, որ այս մեծ մարդու մասին, ով իր ողջ կյանքի ընթացքում կառուցել ու զարգացրել է Հոնգկոնգը, այսքան քիչ տեղեկություն է պահպանվել։ Այս հզոր պատմությունը մի մարդու մասին է, ով, ցեխից դուրս գալով, դարձել է Հոնգկոնգի առանցքային գործիչներից մեկը»։
Նրա պատվին են անվանվել Հոնգկոնգի շատ փողոցներ, այգիներ ու պետական կառույցներ։ Սըր Խաչիկ Պոլ Չաթերը մահացել է 1926թ․-ին ու թաղվել հոնգկոնգյան գերեզմանատանը։ Քանի որ երեխաներ չուներ, իր կտակի համաձայն նրա ողջ կարողությունը փոխանցվել է Կալկաթայի հայկական Սբ. Նազարեթ եկեղեցուն ու Հնդկաստանի և հարավարևելյան Ասիայի այլ եկեղեցիների։ Պետք է նշել, որ ի նշան Չաթերների ընտանիքի առատաձեռնության ու հարգանքի՝ Կալկաթայի հայկական եկեղեցին հիմնական շենքին կից կառույցն անվանել է «Սըր Պոլ Չաթերի տուն»։
Բացի գումարային նվիրատվություններից՝ Խաչիկն իր կտակի մեջ Հոնգկոնգին է նվիրաբերել եվրոպական մարմարից կառուցված դղյակի նման իր տունը՝ ճենապակու, փորագրությունների, գեղանկարների բացառիկ հավաքածուներով, որը պամության մեջ հիշատակվում է որպես «Մարմարյա սրահ»։ Ինչևէ, ճապոնացիների կողմից կղզու գրավման տարիներին այն այրվեց, իսկ 1953թ․-ին կառավարության հրամանով այն ամբողջովին քանդեցին, քանի որ ենթակա չէր վերականգնման։
Yorumlar kapatıldı.