Հոկտեմբերի 24-ին Նյու Ջերսիում տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի և պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի համերգը՝ «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով: Համերգին կմասնակցեն նաև Համազգայինի «Նաիրի» պարախումբը և «Արեգա» երգչախումբը:
«Այս հրավերն ինձ համար շատ մեծ պատիվ է և ուրախություն: Իսկ Նունե Եսայանի պես հիասքանչ երգչուհու հետ նույն բեմում ելույթ ունենալն ինձ մեծ հուզմունք է պատճառել»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց Սիբիլը:
Եթե Նունե Եսայանը կատարելու է երգեր, որոնք ներկայացնելու են 100 տարվա մեր անցած ճանապարհը (Ցեղասպանության ժամանակ գրված երգեր, ոտքի կանգնելու երգեր, խաղաղ ժամանակների՝ 60-70-ական թվականների և Արցախյան հաղթանակի մասին երգեր), ապա պոլսահայ երգչուհի Սիբիլը կկատարի իր երկու ալբոմներում ընգդրկված երգերն ու հայրենասիրական մի քանի կատարումներ:
«Յուրաքանչյուր համերգի ժամանակ սիրտս հուզմունքով և ուրախությամբ է լցվում: Ինձ համար նմանատիպ ձեռնարկների ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ նոր մարդկանց հետ եմ ծանոթանում: Համերգը վերջանում է, բայց ժողովրդի և արվեստագետների միջև հաստատված անքակտելի կապն ու սերը միշտ թարմ է մնում»,- նշում է պոլսահայ երգչուհին:
Հավելենք, որ համերգը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի Արևելյան շրջանային վարչության և Նյու Ջերսիի և Նյու Յորքի մասնաճյուղերի աջակցությամբ:
Yorumlar kapatıldı.