İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի (Փարիզ) Կառավարող Խորհուրդին նամակը Սերժ Սարգիսեանին

Պարոն Նախագահ 
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի (Փարիզ) Կառավարող Խորհուրդը զարմանքով տեղեկացավ, որ պր. Շանթ Օզկիրիսյանին՝ Հայկական վերածնունդ շարժման ներկայացուցիչներից մեկին, արգելվել է մուտք գործել Հայաստան:

Նա փաստացի ազատազրկվել է անցած մայիսի 21-ին Զվարթնոց օդանավակայան հասնելու պահից և ամբողջ գիշեր օդանավակայանում պահվելուց հետո հաջորդ օրվա առավոտյան առաջին ինքնաթիռով արտաքսվել է Փարիզ: Մեզ թվում է, որ սույն որոշումը, անկախ այս ակտիվիստի և իր անդամակցած ասոցիացիայի գործունեության մասին որևէ կարծիքից (ասոցացիա, որն ինչպես բոլորը գիտեն, ընդդիմանում է օրվա ռեժիմին, բայց ոչ Հայաստանին), պարունակում է բացասական նշաններ առնվազն երկու առումով:
Նախ՝ ինչ վերաբերում է սփյուռքին. իր ներգրավվածության պատճառով սույն ակտիվիստին պատժելով՝ իշխանությունները փաստացի սպառնալիք են կախում մեր համայնքների, մեր ասոցիացիաների և մեր թերթերի արտահայտվելու ազատության վրա: Արդյո՞ք սփյուռքն այսուհետև պետք է քաղաքական առումով ինքնագրաքննվի, որպեսզի երկիր մուտք գործելու
վտանգի առաջ չկանգնի: Այս որոշումն առավել անհասկանալի է, քանի որ այս անձի գործունեությունը վերաբերվում է մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը: Մի խնդրի, որը Ձեզ չի կարող օտար լինել:
Մեզ թվում է նաև, որ այս նախաձեռնությունը, կրելով կամայական բնույթ, կարող է վնասել Հայաստանի ժողովրդավարական պատկերին, խանգարել պետության և սփյուռքի միջև անհրաժեշտ ամուր կապը` անկախ քաղաքական կողմնորոշումներից եւ, դրանով իսկ վնաս հասցնել անվտանգության խնդիրներին, թեպետ այն կատարվում է նույն այդ անվտանգության
անունից: Հատկապես՝ երբ մեղադրվողն իրավունք ունի պաշտպանվելու միջազգային հասարակության եւ մարմինների առջև: Մի բան, որը նա չի հապաղի անել:
Մենք գիտակցում ենք բոլոր այն վտանգները, որոնց դեմը պետք է առնի երկիրը եւ կարող ենք հասկանալ, որ այս համատեքստում որոշ ծառայություններ կամ պատասխանատուներ կարող են ցուցաբերել հապճեպություն կամ չափազանցված զգուշավորություն:
Սակայն տվյալ դեպքում մեզ թվում է, որ պարոն Օզկիրիսյանի մուտքը երկիր արգելելով, այդ որոշումը կայացնողներն ի գործ դրեցին մի «բուժում», որն ավելի վատ էր, քան այն «ցավը», որ նրանք մատնանշել են: Մեզ նաև թվում է, որ երկխոսությունն ու հանդուրժողականությունը խորապես նպաստում են պետություն-սփյուռք ամուր կապին, Հայաստանի հասունացմանը և
հետևաբար՝ վերջինիս հզորացմանը:
Հայցելով Ձեր խոհեմությունը և խորը ըմբռնումը, դիմում ենք Ձեզ՝ Ձեր լիազորությունների շրջանակում այս անարդար որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով, որը կարող է անտեղի խանգարել Հայաստանի և Սփյուռքի միջև սահուն հարաբերություններին:
Ընդունեք, խնդրենք, պարոն Նախագահ, մեր հարգանքների հավաստիքը:
Մուրադ Փափազյան
Արա Թորանյան
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների Համակարգող Խորհրդի համանախագահներ
file:///C:/Users/User/Downloads/Lettre_CCAF+en+armenien.pdf

Yorumlar kapatıldı.