Հայկական Հարցի սկզբնավորումից (1878 թ.) եւ Հայերի ցեղասպությունից (1894–1923 թթ.) հետո ընկած ժամանակահատվածում Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ (համազգային ծրագիր) չի ձեւավորվել, բացառությամբ 1973-1985 թթ. Նորագույն զինյալ-ազատագրական պայքարի գործունեության ու ծրագրի: Փոխարենը՝ Արտերկրի հայության օրակարգում տեղական համայնքների կազմավորման, Հայապահպանության, Հայերի ցեղասպանության ճանաչման եւ Խորհրդային Հայաստանի Հանրապետության ապագայի հետ կապված խնդիրներն էին:
Խորհրդային Հայաստանի Հանրապետության օրակարգում Խորհրդային Հայաստանի Հանրապետության վերածննդի ու զարգացման, Հայրենադարձության խնդիրներն էին: Հայաստանի Հանրապետության օրակարգում Արցախի հայության, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության, ագրեսիայի ու շրջափակման հաղթահարման, ինքնորոշման իրավունքի, ազատության եւ անկախության հաստատման ու պահպանման խնդիրներն են:
Հակված ենք այն մտքին, որ Հայկական Հարցի վերջնական կարգավորման նոր օրակարգ ձեւավորվում է 2004–2014 թթ. ընթացքում, երբ 2004 թ. դեկտեմբերի 17–ին՝ Շուշիում, հիմնադրվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը: Նույն օրը ընդունվում է հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, իսկ 2007 թ. հռչակագիր Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերաբերյալ որպես Հայկական լեռնաշխարհի բնիկներ: 2011 թ. փետրվարի 4–ին հայտարարվում է Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության կազմավորման գործընթացի սկիզբը: 2014 թ. հունվարին նախօրոք կայացած ընտրությունների միջոցով ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովը (Խորհրդարանը), որն էլ ընտրում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ:
Այստեղ պետք է հատուկ նշել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների Փորձագիտական մեխանիզմի շրջանակներում 2006–ից ի վեր իրականացրած աշխատանքները եւ դրա հիման վրա ստեղծված Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը: Այս իրավական քաղաքական հիմքի վրա է ձեւավորվում Արեւմտյան Հայաստանի պետական համակարգը, որի միջոցով էլ իրականացվում է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ողջ գործընթացը:
Այսպիսով տեսանելի է, որ Հայկական Հարցի կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր օրակարգի ձեւավորումը սերտորեն կապվում է երկու հիմնական հարցադրումների հետ.
ա/ Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ բ/ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգի ձեւավորման:
Այս ժողովածուն, մեր համոզմամբ, ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական փաթեթի առանցքային – հիմնական բաժինը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ
21.08.2015 թ.
Posted by: tigran pashabezyan <tigranakert2012@gmail.com
Yorumlar kapatıldı.