Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի փակման արարողությունը: Հանդիսավոր խոսքով և հետաքրքիր տեսաշարով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահությանը՝ ի դեմս Դանիել Ֆեյերստեյնի և Դոննա-Լի Ֆրիզի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին վստահելու և հնարավորություն տալու համար՝ կազմակերպ նման կարևորության միջոցառում:
Նա նշեց, որ նախապատրաստական աշխատանքները և քննարկումները եղել են թեժ, երբեմն բուռն, բայց արդյունավետ: Դիմումները եղել են շատ, ընտրությունը՝ խիստ: Արդյունքում երևանյան գիտաժողովին մասնակցեցին 130 մասնակիցներ աշխարհի 35 երկրներից, որոնք չորս օր շարունակ ներկայացնում, քննարկում և բանավիճում էին ցեղասպանագիտության և նրա հարակից ոլորտների շուրջ՝ տալիս առաջիկա մի քանի տարվա ոլորտների զարգացման ուղղությունները:
Գիտաժողովի օրերին հնչած ելույթների մի մասը հոդվածի տեսքով կտպագրվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի պաշտոնական հանդեսում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հրատարակվող «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսում»:
Հանդես եկավ նաև Ալեք Հինթոնը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահը, ում ղեկավարության ժամանակ էլ որոշում էր կայացվել Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովն անցկացնել Երևանում: Նա իր գոհունակությունը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը՝ կատարված աշխատանքի և փայլուն արդյունքների համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց իր թիմին՝ ՀՑԹԻ անձնակազմին: Նա ի նշան երախտագիտության «Ջեյմս Բրայս» ոսկե մեդալներ հանձնեց Դանիել Ֆեյերստեյնին, Դոննա-Լի Ֆրիզին, Պիտեր Բալաքյանին, Էնդրյու Վուլֆորդին, Ալեքս Հինթոնին, Ռաֆիկի Ուբալդոյին և Սուրեն Մանուկյանին գիտաժողովի կազմակերպման գործում իրենց ունեցած ավանդի համար:
Այնուհետև տեղի ունեցավ Հայփոստի կողմից թողարկված, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հուլիսի 8-12-ը հյուրընկալված Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովին նվիրված բացիկների մարում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀՀ, Երևան 0028, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
Հեռ.: (374 10) 39 09 81,
Ֆաքս: (374 10) 39 10 41
E-mail: info@genocide-museum.am
URL: genocide-museum.am
Facebook: genocide.museum.am
Twitter: @ArmGenocide100
Yorumlar kapatıldı.