«20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողով 8-12 հուլիս 2015, Երևան. Այսօր, ժամը 18:00-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում տեղի կունենա «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (ՑՄԸ) 12-րդ գիտաժողովի հանդիսավոր բացումը:
Բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես կգան ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը և «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի» գործող նախագահ Դանիել Ֆեյերստեյնը:
Միջոցառման պաշտոնական բացմանը կհաջորդի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նոր նախագահի ընտրությունը, արդյունքների ամփոփումը, նորընտիր նախագահի ելույթը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը կներկայացնի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի պաշտոնական բացումը կամփոփի ՀՑԹԻ փոխտնօրեն, գիտաժողովի տնօրեն Սուրեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության
12-րդ գիտաժողովը հյուրընկալում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Հեղինակավոր այս գիտաժողովի անցկացումը Երևանում աննախադեպ է լինելու թե՛ մասնակիցների քանակի, թե՛ ակադեմիական բարձր վարկանիշի և, իհարկե, Մեծ Եղեռնի հարյուրերորդ տարելիցի տեսանկյունից:
Գիտաժողովին իրենց մասնակցությունը կբերեն ցեղասպանագիտության և հարակից ոլորտների շուրջ հարյուր ութսուն մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
2015 թ. հուլիսին անցկացվելիք գիտաժողովը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:
«Այս գիտաժողովի անցկացումը բացառիկ իրադարձություն է լինելու հայագիտության և, ի մասնավորի, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում: Հայաստան են ժամանելու բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և երիտասարդ մասնագետներ, որոնց մասնակցությունը Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության տասներկուերորդ գիտաժողովին լավ առիթ է հանդիսանալու Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին ավելի խորքային պատկերացումներ ունենալու և, ինչու չէ, Հայաստանին և մեր մշակույթին մոտիկից ծանոթանալու համար»,-նշում է գիտաժողովի կազմկոմիտեի տեղական հանձնաժողովի նախագահ Հայկ Դեմոյանը:
1997 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 2010 թ. ստացել ՀՀ Նախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար շնորհվող մրցանակ:
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (International Association of Genocide Scholars) ցեղասպանությունները և մարդկության դեմ կատարված հանցագործություններն ուսումնասիրող գիտնականների առաջատար և խոշորագույն միավորումն է: Այն ստեղծվել է 1994 թ. հայտնի ցեղասպանագետներ Իսրայել Չառնիի (Israel Charny), Հելեն Ֆայնի (Helen Fein), Ռոբերտ Մելսոնի (Robert Melson) և Ռոջեր Սմիթի (Roger Smith) կողմից և այսօր միավորում է ավելի քան 500 գիտնականի աշխարհի տարբեր երկրներից: Ընկերակցության նպատակն է հետազոտել և ուսուցանել աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների պատճառները` կանխարգելելու համար ցեղասպանությունների կրկնումն ապագայում: Հայոց ցեղասպանությունը մշտապես գտնվում է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամների ուսումնասիրության կենտրոնում:
Yorumlar kapatıldı.