Նրբանցքը, ուր «Հինգ քար» կխաղայինք, մեր զաւավկներուն առաջին քայլերը, այդ պարտէզին մէջ իրենց վազվզուքը, պատերը, որ միասին կը ներկէինք, մեր խոհանոցը, աւելցուքները արժեւորելու համար մեր հնարած ապուրը զոր 99 կը կոչէինք, եւ դեռ ինչ-ինչ յուշերով լի ժապավենը անգութորեն կտրեցին: Թող չտուին, որ մեր թոռներն ալ վազվզեն հոն եւ հրճուինք միասին, թող չտուին որ մէկ բարձի վրայ ալեոր դառնայինք, թող չտուին:
Ռաքել Դինք
Ռաքել Դինքի այս խոսքերը վերաբերում է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի «Արմեն» ճամբարին, որը տարիներ առաջ խլվել է հայկական հիմնադրամի ձեռքից: Իսկ մոտ 1 ամիս առաջ շինարարական մեքենաները մտան ճամբարի տարածք և սկսեցին գետնին հավասարեցնել այն: Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կուսակցության կողմից առաջադրված և մեջլիսի պատգամավոր ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանի, «Նոր Զարթոնք» նախաձեռնության և բազմաթիվ այլ սրտացավ մարդկանց ջանքերով ճամբարի քանդումը դադարեցվեց: Սակայն հարցը դեռևս լուծված չէ, և տասնյակ երիտասարդներ արդեն ավելի քան 1 ամիս շուրջօրյա հերթապահություն են անցկացնում ճամբարում ` պահանջելով այն վերադարձնել հայկական հիմնադրամին:
«Արմեն ճամբարի» պատմությունը ու ներկայիս վիճակին ծանոթանալու համար «Ermenihaber.am»-ի թղթակիցը այցելեց ճամբար ու զրուցեց «Նոր Զարթոնք» նախաձեռնության համաղեկավար Սայաթ Թեքիրի հետ:
Սայաթ Թեքիրը պատմում է, որ ճամբարը պատկանել է Ստամբուլի Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեցեցու և դպրոցի հիմնադրամին: 60-ական թվականներին Գեդիկփաշայի դպրոցում սովորող որբ և աղքատ երեխաների համար գնվել է այս տարածքը և այստեղ հենց երեխաների ձեռքով կառուցվել է ճամբարը: Ճամբարի շինարարությունը տևել է շուրջ 5 տարի և կառուցվել է նվիրատվությունների շնորհիվ:
Անդրադառնալով հայկական հիմնադրամից ճամբարը խլելու պատմությանը նա ասում է. «Ճամբարի բռնազավթման պատմությունը այպես է եղել. Մինչև 1936 թվականը Թուրքիայում բոլորը կարող էին անշարժ գույք գնել , 1936-ից հետո նոր օրենքով օտարազգիներին պատկանող հիմնադրամները անշարժ գույք չէին կարող ձեռք բերել սակայն ազգային փոքրամասնությունները օտարազգի չհամարվեցին և շարունակեցին գնել անշարժ գույք: Այդ ժամանակ էլ հենց հայկական հիմնադրամը գնեց «Արմեն» ճամբարը: Մինչդեռ 70-ական թվականներին Հունաստանի հետ հակամարտության շրջանում թուրքական կառավարությունն ազգային փոքրամասնություններին ուղղված հատուկ, կոշտ քաղաքականություն է վարում: Ազգային փոքրամասնություններն օտարազգի են համարվում և 36 թվականից մինչև 70-ականներ գնված ազգային փորքամասնությունների գույքերը ձեռքներից վերցվում են և անվճար տրվում տարածքի առաջին տիրոջը: Այդ ճակատագրին է արժանանում նաև «Արմեն» ճամբարը»:
Չնայած նրան, որ հայ համայնքի` ճամբարը վերադարձնելու տասնյակ տարիների պայքարը շարունակում էր անարդյունք մնալ և շատերը առհասարակ դրա մասին չգիտեին, այն ապամոնտաժելու լուրը «արթնացրեց» արդարության համար պայքարող շատ մարդկանց: Նրանք շտապեցին Թուզլա, «գրավեցին» ճամբարը ու առ այսօր տեր են կանգնած ճամբարի ամեն մի քարին, ծառին ու ծաղկին ` պահանջելով արդարության վերականգնում:
«Լուր ստացանք, որ ճամբարը ապամոնտաժում են,-պատմում է Սայաթը,- շտապեցինք ճամբար ու կանգնեցրեցինք քանդումը: Դժբախտաբար ճամբարի 1/3-ը ապամոնտաժվեց: Այդ օրվանից ի վեր որոշեցինք ճամբարի պաշտմանության համար հերթապահություն իրականացնել: Կացության նվազագույն պայմաններ ստեղծեցինք: Շաբաթ-կիրակի օրերին նույնիսկ հայ մշակույթի պատմության վերաբերյալ տարատեսակ միջոցառումներ ենք անցկացնում, շատ մարդիկ են գալիս ու իրենց աջակցությունը հայտնում»:
Սայաթ Թեքիրը, անդրադառնալով թուրքական ու հայկական մամուլում տարածված այն լուերին, թե ճամբարը նվիրաբերվել է հայկական հիմնադրամին, նշեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Կա ընդամենը խոստում, սակայն ճամբարը դեռևս պաշտոնապես վերադարձված չէ:
«Խոստումից հետո 4 շաբաթ է անցել, սակայն դեռ անորոշությունը շարունակվում է: Թյուրիմացության պատճառը թերևս «Արդարություն և զարգացում կուսակցության» հայազգի պատգամավոր Մարգար Եսայանի հայտարարությունն է, որում նա ասաց, թե իբր ճամբարը վերադարձվել է: Նա պարզապես այս հարցը նախընտրական շրջանում քաղաքական շահարկման նյութ դարձրեց»:
Խոսելով Թուրքիայում ազգային փոքրամասնությունների գույքի բռնազավթման քաղաքականության մասին` Սայաթ Թեքիրը նշեց, որ դա հայերին ասիմիլացնելու նպատակ է հետապնդում:
«Այս գույքերի վերադարձման կարևորությունը էլ ավելի է սրվում: Կարիքավոր հայերի գոյատևման աղբյուրը այս գույքերից ստացված եկամուտն է: Հայկական ինքնության շարունակման ամենակարևոր միջոցը` դպրոցները, պահվում են այս գույքերից ստացված եկամուտներով: Այսինքն գույքի բռնազավթումն էլ արվում է հայկական ինքնության շարունակումը դադարեցնելու, հայերին ձուլելու համար»,- եզրակացնում է Սայաթ Թեքիրը:
Այսօր «Արմեն» ճամբարի դիմադրության 41-րդ օրն է: Ճամբարի ճակատագիրը դեռևս հայտնի չէ, բայց դիմադրության մասնակիցները հաստատակամ են իրենց պայքարում և առանց «հաղթանակի» չեն լքի ճամբարը:
Yorumlar kapatıldı.