İçeriğe geçmek için "Enter"a basın

ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ժիլբեր Սինուէ. «Երևան»
Օրերս ընթերցողի սեղանին դրվեց ֆրանսիացի ճանաչված գրող Ժիլբեր Սինուէի «Երևան» վեպը հայոց ցեղասպանության մասին: Հեղինակը էրզրումահայ Թոմասյանների ընտանիքի սրտաշարժ ճակատագրի և վավերագրական բազմաթիվ հղումների հենքի վրա ներկայացրել է էրզրումահայության տեղահանության և սպանդի եղերական պատմությունը:
Վեպի առաջաբանը գրել է Շառ Ազնավուրը:

Իր գրքի հայերեն հրատարակության առթիվ գրած հատուկ նախաբանում, դիմելով հայ ընթերցողին, հեղինակը գրում է. «Երբ ձեռնարկում էի «Երևան» վեպը, ամբողջ խորությամբ չէի պատկերացնում ճշմարտությունը, իսկ այն ավելի քան զարհուրելի է. երկրի երեսից բնաջնջվող մի ժողովուրդ, որը դիմակայում է այսպես կոչված «ժողովրդավար» ու նաև  հիշողության կորստով տառապող ազգերին: Խոստովանում եմ` բավական երկար ժամանակ վարանում էի գրիչ վերցնել: Պարզապես չէի համարձակվում: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով. որովհետև ազգությամբ հայ չլինելով` ես ինձ մի տեսակ «իրավասու» չէի զգում: Ես, որ այդ կոտորածների ժամանակ ոչ մի հարազատ չէի կորցրել, արդյո՞ք իրավունք ունեի անդրադառնալու իմ կարծիքով սուրբ մի թեմայի, որը, ինչում խորապես հավատացած էի ես, պատկանում էր նահատակների սերունդներին: Ի վերջո տեղի ունեցավ  պարզապես ապշեցուցիչ մի իրադարձություն, որն էլ հենց օգնեց ինձ` հաղթահարելու երկմտանքս. 1999-ի դեկտեմբերին Եվրամիության Հելսինկյան գագաթաժողովը պաշտոնապես ճանաչեց Թուրքիայի` ԵՄ անդամության թեկնածությունը: Ընդ որում, Բրյուսելի կողմից առաջադրված պարտադիր պայմանների մեջ (իսկ դրանց թիվը հասնում էր երեսունի) ոչ մի հիշատակություն չկար 1915 թվականի ողբերգության մասին: Բացարձակապես ոչ մի բառ…
Ինձ համար ինչ-որ անվայելուչ, անպարկեշտ բան կար այդ իրողության մեջ, և հենց դա էլ, միախառնվելով հանկարծաբուխ մի պոռթկումի հետ, վերջ տվեց իմ մտատանջությանը. «Երևանը» պիտի´ ծնվեր:
Եվ հիմա, իմ վեպի հայերեն հրատարակության փաստն ինձ համակել է անկեղծ ուրախությամբ, ինչո՞ւ չէ, նաև առանձնակի հպարտությամբ: «Երևանի» թարգմանությամբ ես հանկարծ ինձ զգացի մի ընտանիքի «իրավասու» անդամ: Եվ, չեմ թաքցնում, դա ինձ համար մեծ պատիվ է»:
«Երևան» վեպը բնագրից հայերեն է թարգմանել ԽՍՀՄ և ՀՀ ժուռնալիստների միությունների անդամ Զարմիկ Սարգսյանը: Այն լույս է ընծայել «ՄՀՄ գրատուն» հրատարակչությունը: Շապիկի նկարի հեղինակն է Անուշ Ստեփանյանը:  Գիրք արդեն կարելի է գտնել հայաստանյան հիմնական գրադարաններում, Ցեղասպանությաան ինստիտուտ-թանգարանում, ինչպես նաև մայրաքաղաքի գրախանութներում:
Գիրքն ունի խորհրդանշական էջանշան: Այն պատրաստված է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» կողմից պատրաստված վերամշակված թղթով, որի մշակման ժամանակ օգտագործվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկների թերթիկներ:
Ապրիլի 24-ի նախօրեին Ժիլբեր Սինուէն կժամանի Երևան և ներկա կգտնվի իր վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Գրքի թարգմանության հեղինակ Զարմիկ Սարգսյան

Yorumlar kapatıldı.