Սոֆյա Հակոբյան
1Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված էր պատերազմական խնդիրներին, Թուրքիայում նոր մարտահրավերների առաջ կանգնած արևմտհայությունը կրկնակի աքսորի, գաղթի և կողոպուտի միջով անցավ:
Այս մասին քիչ չեն վերջին տարիներին հրատարակված, պոլսահայության անցած դժվարությունների և նրանց դեմ ուղղված պետական քաղաքականության մասին պատմող գրքերը: Սակայն հաճախ լռության է մատնվում այդ նույն ժամանակաշրջանում Արևմտյան Հայաստանի գավառներում ապրող հայության բեկորների վիճակը: Ցեղասպանությունից հետո թուրքերը եւս մի անգամ ինչպե՞ս երկրորդ փոխեցին Արևմտյան Հայաստանի և Կ.Պոլսի էթնոգրաֆիկ պատկերը:
1. Պոլսահայության վիճակը 1940-ական թթ.
1940-ական թթ. Ցեղասպանությունից հետո Պոլսի հայ համայնքի համար ամենածանր և կորուստներով լի շրջանն էր:
Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի օրոք դեռևս նոր-նոր հանգիստ շունչ քաշել պատրաստվող արևմտահայության վիճակը խիստ ծանրացավ: Եւ դա բոլորվին էլ պատահական չէ նույն Ինոնյուի, դեռևս 1925 թ. արած ծրագրային հայտարարության համատեքստում. ՙԻնչ գնով ուզում է լինի մենք թրքացնելու ենք մեր երկրում ապրող բոլորին, իսկ թուրքերի և թրքականության դեմ դուրս եկողներին՝ ոչնչացնելու՚: Ի.Ինոնյուն ազգայնական ծրագրերն սկսեց իրականացնել մեծ թափով և շատ բացահայտ կերպով:
Հայկական համայնքի կրած երկու ամենամեծ հարվածներն էին ոչ մահմեդականների դեմ ուղված հարկային օրենքն ու զորակոչը:
Ունեցվածքի հարկի մասին օրենքի համաձայն` հրեաները պարտավոր էին վճարել իրենց եկամտի 178 տոկոսը, հույները 150,իսկ հայերը 232-ը: Սա ամբողջովին ջախջախեց պոլսահայությանը՝ որպես տնտեսական ուժ և անշուշտ պատճառ դարձավ մեծ արտագաղթի:
Ունեցվածքի հարկի մասին օրենքն ընդունվել է 1942թ. նոյեմբերին և չեղյալ հայտարարվել 1944թ. մարտին:
Այս երկու տարիները լիովին բավարար էին երկրի տնտեսության մի շարք կարևոր ճյուղերը հայերի և հույների ձեռքից խլելու և փոխանցելու նորաստեղծ թուրք բուրժուազիային: Ընդ որում՝ քրիստոնեությունից իսլամի անցնելուն պատրաստակամություն հայտնելու դեպքում այս օրենքը գործում էր կիսով չափ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում քրիստոնյա տղամարդկանց զորակոչը Թուրքիայում նույնպես ուշագրավ է այն առումով, որ հաճախ հիշեցնում է Առաջին աշխարհամարտի տարիներին իրականացված ՙզորակոչը՚, որի վերջաբանը հայտնի է բոլորիս:
Երբ գերմանական զորքերը հասան Հունաստան, կարճ ժամանակ անց Թուրքիայում զորահավաք հայտարարվեց:
20-45 տարեկան տղամարդկանց զորահավաքի ընթացքում քրիստոնյա տղամարդիկ առանձնացվեցին, նրանց զենք չտրամադրվեց, այլ կարգադրեց վերջիններիս տանել բոլորվին այլ ուղղությամբ՝ շինարարության և կամուրջների կառուցման վրա աշխատող բանվորական դասակներ: Հայտնի են վկայություններ նաև այն մասին, որ ոչ մահմեդական զինվորներին չի բաժանվել թուրքական բանակի զինվորական համազգեստ: Նրանցից քչերին է հաջողվել վերադառնալ տուն, իսկ չվերադարձածները հիմնականում համարվել են պարզապես անհայտ կորածներ:
Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ տարիներին տեղի ունեցող այս իրադարձությունները և քրիստոնյաների դեմ ուղված քաղաքականության ՙարդարացումները՚ չէին տարբերվում Առաջին աշխարհամարտի տարիներին ոճրագործություններին. ՙԵրկրում առկա վտանգավոր տարրերը պետք է մեկուսացվեն՚ կամ ՙտեղափոխվեն՚:
Ընդ որում՝ մի շարք հեղինակներ պնդում են, որ նախագահ Ի. Ինոնյուն նամակ էր ստացել Հիթլերից, որում տեղեկացնում էր, որ Ստամբուլ չի հասնելու և այն առհասարակ իր ծրագրերի մեջ չի մտնում:
Ակնհայտ է, որ Գերմանիայի դաշնակից Թուրքիան կարողացավ շատ հմուտ օգտվել համաշխարհային պատերազմից նաև այս անգամ: Ինչպես իրավացիորեն նշում է հայագետ Հ. Ալվրցյանը٫ ՙԹուրքիան կարողացավ օգտագործել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ աշխարհամարտերը՝ միատտար երկիր ստեղծելու համար: Բազմաթիվ հայեր, ասորիներ, հրեաներ, հույներ լքեցին երկիրը, մնացողների մեծ մասն իսլամացավ՚:
Այս առումով հատկապես ուշագրավ է իր խիստ ազգայնական և հակահայկական հայացքներով հայտնի քաղաքական գործիչ, գեներալ Քյազըմ Քարաբեքիրի Ստամբուլյան ելույթը հենց զորահավաքից առաջ, երբ քննարկվում էին Թուրքիայի հետագա գործողությունները Ստամբուլի հնարավոր գրավման դեպքում. ՙՅուրաքանչյուր վտանգավոր տարր Անատոլիայի հեռավոր վայրերը պետք է ուղարկվի: Այն դեպքում٫ երբ թուրքի այունը խմող այս տարրերը հրաշալի տներում են ապրում, թուրքերը 5-6 երեխայով հողե տնակներում են ապրում:
Դրանից հետո նրանցից դատարկված այս շենքերոը, Բեյօղլուի կողմերը կբնակեցվեն թուրքերով: Այդ պարագայում՝ մեր բանակի հնարավոր նահանջի դեպքում٫ Ստամբուլում մեր զինվորները կգտնեն իրենց ամբողջ սրտով աջակցող թուրքական տարրը: Բացի այդ՝ գիտեք, որ ես կողմնակից չեմ անգամ մեկ թուրքի Անատոլիայում բնակեցնելուն: Սակայն٫ այստեղից վնասակար տարրերին մաքրելով, նրանց փոխարեն թուրքերին կարող ենք բերել: Սա Ստամբուլի համար շատ կարևոր խնդիր է՚:
Սա կարող է հստակ պատասխան տալ, թե ինչու այդ ժամանակ պետության թիրախը դարձան հենց Պոլսի հայերը: Սակայն միևնույն ժամանակ սա չի նշանակում , որ այս անգամ Արևմտյան Հայաստանի հայությունը խուսափեց չնշումներից ու հալածանքներից:
2. Իրավիճակն Արևմտյան Հայաստանում
Այս շրջանի մասին քննարկումներում հաճախ մոռացության եմ տրվում Արևմտյան Հայաստանի հայերի նկատմամբ գործադրված բռնություններն ու հալածանքները: Քիչ է խոսվել այն մասին, որ զորակոչն ու ունեցվածքի հարկի մասին օրենքը տարածվել են նաև Արևմտյան Հայաստանի٫ ինչպես նաև Թուրքիայի արևմտյան և կենտրոնական այլ շրջաններուի մի շարք քաղաքներում (բացի Ստամբուլից) ապրող քրիստոնյա հայերի վրա: Մասնավորապես այնպիսի քաղաքներ٫ ինչպեսիք են٫ Դիարբեքիրը, Մալաթիան, Մարդինը, Ադըյամանը, Խարբերդը, Սեբաստիան, Կեսարիան, Կոնյա٫ նույնպես կրել են այս իրադարձությունների անմիջական ազդեցությունը:
Ուշագրավ է, որ թեև օրենքը պաշտոնապես վերաբերում էր միայն քրիստոնյաներին, այնուամենայնիվ այս վայրերում հաճախ ունեցվածքի հարկ գանձելու անվան տակ թալանվել են նաև կրոնափոխ որոշ հայեր, հատկապես՝ արհեստավորները:
Դիարբեքիրից զորակոչված կրոնափոխ հայ
Նույնը վերաբերում է նաև զորակոչին. ըստ մի շարք մարդկանց վկայությունների՝ զորահավաքի ժամանակ Դիարբեքիրից և Ադըյամանից (Քյահթայի շրջան) զորակոչված կրոնափոխ հայերին նույնպես զենք չի բաժանվել٫ և նրանք ուղարկվել են բանվորական գումարտակներ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է Թուրքիայի կառավրության՝ տարբեր տարիների ընթացքում կրոնափոխ հայերի հանդեպ ընդգծված քաղաքականություն վարելու հետ մեկտեղ նրանց մշտապես վերահսլողության տակ պահելու և ամենակարևորը՝ ծպտյալ հայերի գաղտնի մարդահամարների մասին:
Ինչ վերաբերվում է Արևմտյան Հայաստանի գյուղերում ապրող ծպտյալ կամ բացահայտ հայերին, ապա հարկ է նշել, որ այս շրջանը կորուստներով լի էր նաև նրանց համար: Զորահավաքի ժամանակ ՙբանակ՚ են զորակոչվել հայեր նաև Մուշի և Սասունի որոշ գյուղերից: Այս շրջանում նրանց վրա ուժեղացավ նաև քրդական աշիրեթների ՙաղայական համակարգի՚ ճնշումը: Դա բնական էր, քանի որ այս վայրերում ՙօրենք՚ հասկացությունը պարզապես գոյություն չի ունեցել٫ և հայերի հանդեպ ճնշումներն իրականացվել են ոչ թե օրենքի ուժով, ինչպես Կ.Պոլսում, այլ մեզ քաջ հայտնի ավանդական մեթոդներըով՝ աղաների կամայականություններ, միջցեղային խժդժությունների հրահրում հայերի և քրդերի միջև, հայերի հողերի բռնազավթում ՙֆեոդալական՚ օրենքներով, ՙանկարգություն՚ որակվող սպանություններ և այլն:
Ի դեպ՝ բախումներն Արևմտյան Հայաստանում չավարտվեցին Երկրորդ աշխարհամարտի շրջանում, ընդհակառակը՝ շարունակվեցին և ավելի սուր և հաճախակաի բնույթ ստացան:
Պատահական չէ, որ հենց 1940-ականներից սկսվեց գավառահայության աստիճանական արտագաղթը դեպի Թուրքիայի արևմուտք, ինչպես նաև սկիզբ դրվեց իսլամացման նոր փուլի:
Նշեմ նաև, որ 1940-ական թթ. բախումների ժամանակ Սասունի և Բիթլիսի (Մոտկան) մի քանի գյուղերում հայերը կազմակերպված դիմադրություն են ցույց տվել, ինչի հետևանքով ավելի քիչ են տուժել և հիմնականում չեն արտագաղթել:
Ստորև ընթերցողի ուշադրությանն եմ ներկայացնում այդ տարիներին Մուշի, Սասունի և Դիարբեքիքիրի գյուղերում բնակվող հայերի վկայություններից մի քանիսը.
Տալվորիկցի Հովհաննեսի ընտանիքը
Աստղիկ Բալջը. ՙՄենք տալվորիկցիներ ենք, սակայն դեռևս Ցեղասպանությունից առաջ պապիկս Մուշ էր տեղափոխվել: Հավատորիկ էր գյուղի անունը: Հորս անունը Հովհաննես էր, մորս անունը՝ Արշալույս: 1946թ. Մուշում քրդերը գրոհեցին մեր տան վրա: Մորս թաքցրել է կրոնափոխ մի հայ կին: Հայրս երջանիկ պատահականությամբ այդ օրը մեկ այլ գյուղ էր գնացել աշխատելու: Քրոջս ժայռից ներքև էին նետել, արտի մեջ: Երկու օր հետո գտանք, հրաշքով ողջ էր մնացել: Տատիկս այդ օրը ստացած փայտի հարվածների պատճառով ամբողջ հետագա կյանքում կռացած էր ման գալիս: Մերոնք այս իրադարձությունների հետևանքով սկսեցին մահմեդական ձևանալ: Չնայած միևնույն է. կրոնափոխ թե քրիստոնյա՝ հայ ես նրանց համար: 1949թ. պապիկներիս սպանեցին Մուշում: Այդ ժամանակ Դիարբեքիր տեղափոխվեցինք և այնտեղի եկեղեցում մկրտվեցինք, նորից դարձանք քրիստոնեության: Ավելի ուշ Ստամբուլ եկանք, վերջում ՝ Հոլանդիա հասանք: Հայրս շատ լավ հայ էր, շատ պատվավոր: Ուզում էր Հայաստան տեղափոխվել: Այդ տարիներին դիմել է Ստամբուլում Սովետական Միության դեսպանատուն, բայց մերժվել է՚:
Վ. Զ. ՙՍասունում բախումներն ամենից շատ սրվեցին 1980-ական թթ.: Մինչ այդ ամբողջ Անատոլիան մեծ թափով հայաթափվում էր: Դեռևս 1940-ական թթ. կեսից վիճակը լարված էր, հայրսհաճախ էր պատմում այդ դեպքերի մասին: Իմ պապիկի եղբայրն այդ ընթացքում Հալեպ փախավ, որ բանակ չզորակոչվի: Բայց, այնուամենայնիվ, սասունցիներն ամենավերջինն են լքել իրենց երկիրը՝1980-ականների վերջին միայն: Մենք 1987-ի աշնանն ենք եկել Ստամբուլ: Մինչ այդ Մարդինում ապաստանեցինք, բայց մի քանի ամիս միայն: 1945թ. տատիկիս գյուղում կռիվների ժամանակ արաբները 3 հայ էին սպանել, բայց հայերն ի պատասխան 7 մահմեդական սպանեցին, որից հետո٫ իհարկե٫ պետք է փախչնեին. եկան պապիկիս գյուղը, որովհետև ավելի լեռնային էր ու ապահով: Այդ տարիներին ավելի շատ դաշտի հայերը տուժեցին, քան լեռնեցիները՚:
1946 թ. Մուշում հարձակման ենթարկված հայուհի
Հակոբ. Խ. ՙՍասունի Ռաբաթ գյուղից տատիկս և պապիկս 1916 -ին գաղթեցին Զիլան գյուղ, այնտեղ մնացին մինչ 1942թ.: Այդ ժամանակ նոր կռիվներ սկսվեցին. մերոնք կամ պետք է մահմեդական դառնային, կամ փախչեին: Սպանություններ եղան, որ ստիպեցին մերոնց այդ ընտրոթյունը կատարել: Հիմնականում փորձում էին իրենց կրոնը պարտադրել: Մերոնք գնում են Ղամիշլի՝ Սիրիա: Մի քանի տարի անց Հայաստան են տեղափոխվում: Զիլան գյուղում էլի հայեր կային ծպտված, բայց մնացին, հիմա մահմեդական են: Երկար ժամանակ չէին ասում, որ հայ են, թեև այդ մասին այնտեղ բոլորն էլ գիտեին՚:
Դ. Գ. ՙ1944թ. մեր պապիկը կորցրեց իր ողջ ունեցվածքը٫ թեև շատ բան չուներ: մահվան սպառնալիքի տակ խլեցին քուրդ աղաները: Ընտանիքի որոշ անդամներ իսլամ են ընդունել: Մորական կողմից բազմաթիվ ազգականներ ունեմ,որ մահմեդականացել են: Պապիկս 1944թ. նոյեմբերին լքում է գյուղը և տեղափոխվում քաղաք: Դիարբեքիրի կենտրոնում նոր տուն է կառուցում: Ամեն ինչ զրոյից է սկսում: Այդ տարիներին իր նմանները՝ գյուղերից քաղաք եկածները٫ շատ էին: Ես երբեք չեմ գնացել մեր գյուղը, թեև 12 կիլոմտր էր հեռու՚:
Այսպիսով՝ որպես ամփոփում կարող ենք փաստել, որ 1940-ական թթ. Թուրքիայի հայության համար նույնպես ճակատագրական դարձան. սկիզբ առած նոր ազգային և կրոնական ճնշումները պատճառ դարձան նոր արտագաղթերի և իսլամացման:
Փաստ է, որ Թուրքիան Երկրորդ աշխարհամարտն օգտագործեց որպես հարմար առիթ՝ իրականացնելու երկրի համար առաջնային խնդիր հանդիսացող ուծացման, թուրքացման, միատարր երկիր ստեղծելու նպատակը: Այլ կերպ ասած՝ Երկրորդ աշխարհամարտում Թուրքիան փորձեց ավարտին հասցնել այն, ինչը սկսել էր Առաջին աշխարհամարտին:
Կարող ենք եզրակացնել,որ եթե Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքն այլ կերպ ընթանար, արևմտահայության վիճակը շատ ավելի ծանր կլիներ և թուրքերի ազգայնական ծրագրերը շատ ավելի հեռուն կգնային՝ վերջնականապես հայաթափելով ամբողջ երկիրը:
Սննկացած պոլսահայությունը հիմնականում բռնեց Եւրոպայի ուղղին, սակայն մի քանի տարի անց Ստամբուլի դատարկվող հայկական թաղամասերում նրանց փոխարինելու եկան գավառահայերը, որոնց գյուղերից քաղաք և հատկապես Ստամբուլ արտագաղթը սկիզբ առավ հենց այդ տարիներին: Հարկ եմ համարում նշել, որ գավառահայերը թեև Ստամբուլում կազմավորեցին իրենց փոքրիկ համայնքները, սակայն քաղաքային կյանքն٫ անշուշտ٫ ազդեց դեռևս հայախոս գավառահայերի բարբառի մոռացության և տեղական ավանդույթների վրա, և, բնականաբար, արագացրեց նրանց թուրքախոս դառնալու գործընթացը: Քաղաք տեղափոխված արևմտահայերը նաև ավելի քիչ հնարավորություն ունեին ՙմիջհամայնքային՚ ամուսնությունների. 2-3 սերունդ անց նրանց երեխաների և թոռների՝ այլազգիների հետ ամուսնությունները դառնում են անխուսափելի, ինչի ականատեսն ենք այօր:
_______________
Աղբյուրներ
Հակազուն Ալվրցյան٫ Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում٫ Երևան٫ 2014թ.:
Mahmut Goloğlu٫ Türkiye Milli Şef Dönemi 1939-1945 (1974).
Ayhan Aktar, Varlık Vergisi ve “Türkleştirme” Politikaları.
Ayhan Aktar٫ Türk Milliyetçiliği, Gayrimüslimler ve Ekonomik Dönüşüm .
Ա. Քիւրքճեան٫ Թուրքերուն՝ ՔշԹուրքիան թրքացնելու քաղաքականությունը:
Հ.Գ. Նյությում օգտագործվել են նաև 24 վկայություններ՝ հավաքված Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում ապրող հայերից:
Yorumlar kapatıldı.