Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը Tert.am-ի հետ զրույցում մանրամասներ են ներկայացնում Թուրքիայի հայ համայնքում իշխող տրամադրությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով լուրերին, թե հայ համայնքը երկու մասի է բաժանվել՝ պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրությունների պատճառով:
«Խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն անբուժելի հիվանդությամբ էր տառապում և խնդիր էր ծագել աթոռակից պատրիարք ընտրելու համար, քանի որ այս պատրիարքն այլևս անգործունյա էր և եկեղեցական կարգը թույլ է տալիս անցկացնել նման ընտրություն և ընտրել աթոռակից պատրիարք: Մեր եկեղեցու պատմությունը հարուստ է նման օրինակներով»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
«Սակայն թուրքական իշխանությունները հարմար չգտան անցկացնել պատրիարքի ընտրություն. հայոց պատրիարքի ընտրությունը թույլ է տալիս Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
Սա ինքնին արդեն աբսուրդ է, քանի որ թուրքական պետությունն իր ներքին գործերի նախարարության միջոցով միջամտում է զուտ կրոնական մի գործողության»,– ավելացրեց նա:
Նրա խոսքով՝ այդ կառույցը թույլ չի տվել անցկացնել պատրիարքի ընտրություն և հայ համայնքը դե ֆակտո մնացել է առանց ղեկավարի, քանի որ Թուրքիայում հայերի, հույների և հրեաների համայնքների առաջնորդները նրանց հոգևոր առաջնորդներն են:
Ռուբեն Մելքոնյանը նշեց, թե թուրքական իշխանություններն իրենց այս քայլն իրականացրեցին նաև հայերի միջոցով, մասնավորապես՝ հոգևոր իշխանությունների, ներկայիս պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի և համայնքային օլիգարխիան ներկայացնող Պետրոս Շիրինօղլուի միջոցով, որի ազդեցությունը համայնքում բավական զգալի է՝ հիմք ունենալով նաև ֆինանսական ռեսուրսները, որին նա տիրապետում է:
«Այս երկու անձանց միջոցով, ըստ էության, հայ համայնքն էլ պառակտվեց. ընտրությունների վերաբերյալ Թուրքիայի իշխանություններին հայ համայնքից եղան երկու տարբեր դիմումներ, որն էլ հիմք ընդունելով թուրքական իշխանությունները չարտոնեցին պատրիարքի ընտրությունները»,- նշեց թուրքագետը:
Շարունակելով մանրամասներ ներկայացնել՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե պատրիարք կարող է ընտրվել այն մարդը, որը կա՛մ Թուրքիայի քաղաքացի է, կա՛մ Թուրքիայի քաղաքացի է եղել, կա՛մ ծնվել է Թուրքիայում և առնվազն եպիսկոպոս է։
«Հնարավոր թեկնածուները չորսն են ամբողջ Հայ–առաքելական եկեղեցու սպասավորների մեջ. Արամ Աթեշյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեկչյանը, Ստամբուլից Շահեն Սվաճյանը, որը բավական տարիքով է և Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը: Այս կիսանախընտրական շրջանը համայնքում ցույց տվեց, որ առաջատարը հայաստանցի թեկնածուն է, և համայնքը թեկուզ, երբեմն, ոչ բացահայտ, բայց սատարում էր այդ թեկնածուին: Հավանական էր, որ ընտրության պարագայում կընտրվեր հայաստանցի թեկնածուն, և դա հաշվի առնելով թուրքական իշխանությունները չարտոնեցին ընտրությունները»,– մեկնաբանեց թուրքագետը:
Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրեց նաև, թե Շիրինօղլուի և Արամ Աթեշյանի հարաբերությունները վերջին ամիսներին լարվել են, պատճառը ֆինանսական է, քանի որ համայնքը տիրապետում է մեծ ծավալով անշարժ գույքի, և այդ հողի վրա վեճ է առաջացել նրանց միջև: Որպես վեճի հանգուցալուծում՝ Պետրոս Շիրինօղլուն, օգտագործելով իր լծակները թուրքական իշխանություններում, պարտադրել է, որ անցկացվի պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրություն, չնայած, որ ոչինչ չի փոխվել, որը թուրքական իշխանություններին կարող էր հիմք տալ պատրիարքի ընտրություն անցկացնելու համար:
Թուրքագետի համոզմամբ՝ այստեղ բախվում են երկու շահեր. Թուրքիայի շահերը՝ 2015 թվականի համատեքստում ցույց տալ, որ ինքը հանդուրժող է և թույլ է տալիս պատրիարքի ընտրություն:
«Այս հարցն, իհարկե, հետագա երկար վերլուծությունների խնդիր է»:
Մյուսն խնդիրն էլ, ըստ թուրքագետի, այն է, որ թուրքական իշխանություններն օգտագործելով հայ համայնքի երկպառակությունը, փորձում են իրենց շահերն առաջ տանել, և որպես դրա համար հիմք օգտագործում են հայ համայնքին, նրա ներքին խնդիրները:
«Փաստորեն, տեսնում ենք, որ հայկական, համազգային, կարևոր շահերը հենց հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ստորադասվում են նեղ անձնական, ֆինանսական շահերին: Այս գործընթացն ունի երկու հիմք՝ համայնքում ներքին երկպառակություն և հաջորդ՝ սա հստակ թուրքական իշխանությունների քարոզչական քաղաքականության մեջ հստակ տեղ է զբաղեցնելու: Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ դեր կարող է զբաղեցնել: Չեմ բացառում, որ օրինակ, պատրիարքի ընտրությունն անցկացվի ապրիլի 23-ին: Սա ևս մի խնդիր կլինի, որով կշեղվի հայության ուշադրությունը ապրիլի 24-ից»,- եզրակացրեց Մելքոնյանը:
«Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատեճյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով խնդիրն, ասաց. «Համայնքի որոշ շրջանակներում տակավին հստակ գաղափար չկա, որովհետև Պատրիարքը տակավին ողջ է, ուրեմն պետք է ոչ թե նոր պատրիարք ընտրվի, այլ աթոռակից պատրիարք: Կրոնական ժողովն էլ այս սկզբունքը ընդունել էր, բայց ընտրական հանձնախումբը ինքնագլուխ կերպով դիմում կատարեց, որպեսզի ոչ թե աթոռակից պատրիարք ընտրվի, այլ ուղղակի պատրիարք ընտրվի»:
Քանի որ Անկարայի իշխանությունները երկու տարբեր դիմումներ են ստացած եղել հայ համայնքից՝ աշխարհիկ և հոգևոր ներկայացուցիչներից, Թուրքիայի իշխանությունները «շվարումի մեջ են մնացել» և հարցրել են, թե «ո՞ր մեկը կուզեք»:
Ի վերջո, ժամանակավոր որոշվել է, որ ընդհանուր փոխանորդ ընտրվի:
«Բայց երբ այս բաները պատահեցին, Մեսրոպ Պատրիարքը նոր էր հիվանդացել և յուրաքանչյուրը մտածում էր, որ նրա վախճանը պետք է, որ իրեն շատ երկար սպասել չտա: Բայց հիմա ինքը տակավին բուսական կյանքի մեջ է, ուստի մեզանից շատերը սկսել են համոզվել, որ այսպես չպետք է շարունակել և պետք է ընտրություն անել, սակայն աթոռակից պատրիարք ընտրելով (այսինքն՝ թեմն ունենա երկու կրոնական առաջնորդ )»,- պոլսահայ համայնքի տրամադրությունները ներկայացեց Ռոբեր Հատեճյանը:
Նրա խոսքով՝ դրան ընդդիմացողները պնդում են, որ Պոլսո թեմը նման ավանդույթ չի ունեցել, սակայն դրա կողմնակիցները պնդում են, որ Երուսաղեմի թեմում շատ հաճախ է այդպես եղել, երբ երկուսի պաշտոնավարումը շարունակվում է մինչև մեկի վախճանը, իսկ դրանից հետո մյուսն ինքնաբերաբար դառնում է պատրիարք:
«Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիրը որպես ամփոփում նշեց, որ Պոլսո պատրիարքարանը ընտրության համար նոր դիմում է ներկայացրել Անկարա:
Համայնքը հիմա սպասում է, ընտրության ժամկետ դեռ հայտնի չէ:
Սակայն համայնքում չգիտեն, թե արտոնությունը տրվելուց հետո պատրիարքի կամ աթոռակից պատրիարքի ընտրությունն ինչ սկզբունքով է կատարվելու: Նախորդ անգամ ընտրությունը կատարվել է խառը՝ հոգևոր և աշխարհիկ դասի կողմից քվեարկության միջոցով:
Երբ այս նուրբ խնդիրը «առաջին անգամ արծարծվեցավ», Ռոբեր Հատեճյանի խոսքով եղել են երեք թեկնածուներ. Աթեշյան սրբազանը, Գերմանիայի Հայ-առաքելական եկեղեցու առաջնորդ Բեկչյան սրբազանը, ինչպես նաև մեկ թեկնածու Հայաստանից՝ Վանաձորից:
Yorumlar kapatıldı.