Վերջերս Երուսաղեմի Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանը Գարեգին Բ-ին քննադատող մի նամակ էր հրապարակել, որում մասնավորապես ասված էր. «Ժամանակը եկած է, Վեհափառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ»։ Այս նամակին հաջորդեցին որոշ եպիսկոպոսների հայտարարությունները, որով նրանք վիրավորական արտահայտություններ էին արել Երուսաղեմի պատրիարքի հասցեին՝ պաշտպանելով Գարեգին Բ-ին։
Այս ամենից հետո խնդրի հետ կապված մեզ հետ զրույցում իր մեկնաբանությունն է տվել Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նախկին հոգեւոր հովիվ տեր Սահակ քահանան։
Նրա խոսքով` Երուսաղեմի պատրիարքի նամակում՝ ուղղված Գարեգին Բ-ին, շատ սուր գնահատականներ են տրվել պատրիարքի կողմից։
«Եվ պետք է նկատենք, որ այնտեղ կարեւոր հարց է բարձրացվում եկեղեցու համար՝ Գարեգին Բ-ի հրաժարականի հարցը, որտեղ ասվում է, որ Դուք ինքներդ Ձեզ կարգազուրկ արեք՝ եկեղեցին ամբողջական կործանումից փրկելու համար, այսինքն տողերի արանքում դա է կարդացվում, որ ինքը պահանջում է նրա հրաժարականը, սա բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում։ Մենք բոլորս միանում ենք այդ հայտարարությանը։ Այսօր երկու հարյուր հոգուց ավելի մարդ կա, որ եկեղեցուց վռնդվել են եւ այս բոլոր հոգեւորականներն ունեցել են իրենց համայնքները, որտեղ նրանք ծառայություն են արել եւ կապ են ունեցել այդ համայնքների հավատացյալների հետ, սա նշանակում է, որ այսօրվա կաթողիկոսի ապաշնորհ գործունեության արդյունքում եկեղեցին կանգնած է մի հարցի առաջ՝ կա՛մ պետք է շարունակվի, կա՛մ պետք է վերջանա եկեղեցու գոյությունը։
Իսկ ո՞ւմ շնորհիվ է դա եղել՝ Գարեգին Բ-ի եւ իր եղբայր Եզրաս աբեղայի ապաշնորհ գործունեության շնորհիվ։ Ես նրան ասում եմ աբեղա, որովհետեւ ինքը արքեպիսկոպոս չի, նա շինծու արքեպիսկոպոս է»,- ասաց տեր Սահակը։
Քահանան իր վրդովմունքն է հայտնում նաեւ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոսին ուղղված որոշ եպիսկոպոսների հայտարարությունների վերաբերյալ՝ որակելով դա «պատվերով համերգ» եւ համարելով՝ ամբարտավան կեցվածք։
«Նուրհան արքեպիսկոպոսը եզակի հոգեւորական է եւ ինձ համար հպարտություն է, որ եկեղեցին այսօր ունի նման արժանի հոգեւոր առաջնորդ, եւ նա արժանի է, որ նստի Գրիգոր Լուսավորչի գահին, որովհետեւ նա առանց վախենալու, ամեն ինչ մի կողմ դնելով՝ բարձրաձայնել է եկեղեցու բոլոր վերքերի մասին։ Եկեղեցին այսօր քաղցկեղով հիվանդ է, իսկ պատճառը՝ Ներսիսյան եղբայրներն են։ Այդ ձեռագիրը, որ կարդում ենք, ինչպես իշխանության մեջ են պաշտոնյաներն իրենց պահում ամբարտավան ձեւով, նույնպես եւ եպիսկոպոսները, նրանք ոչ միայն մի կտոր հացի համար այդքան ստորացրել են իրենց՝ նրանք մարդկային արժանապատվություն են կորցրել։ Ինչ-որ գրված է պատրիարքի նամակի մեջ, դրանք իրական բաներ են, նա բարձրացնում է մի կաեւոր հարց, որ այս մարդը ունակ չի եկեղեցում պաշտոնավարելու։
Երուսաղեմի երջանկահիշատակ Թորգոմ պատրիարքը վկայում էր, որ Գարեգին Բ-ն ընտրված չի, Մեսրոպ պատրիարքի նամակը նույնպես դա էր վկայում, դուրս է գալիս, այդ բոլոր պատրիարքները սո՞ւտ են խոսում, իրականությունը բարձրաձայնելը ստախոսություն է, իսկ սուտ խոսողները, ինչպես որ այս սուտ եպիսկոպոս կոչեցյալներն են՝ ճի՞շտ են խոսում։ Միանշանակ կարող եմ ասել, որ այս նամակը մեծ ազդեցություն պիտի ունենա մեր պայքարի համար, իսկ մեր պայքարը միակն է՝ փրկել եկեղեցին»,- ասաց տեր Սահակ քահանան։
Yorumlar kapatıldı.