Մխիթարյաններն առանձնակի նախապատրաստական
աշխատանքներ են տանում 2015 թվականի ապրիլին ընդառաջ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը զանգահարեց Վենետիկˋ շնորհավորելու միաբանության և հայ կաթոլիկների Սուրբ Ծնունդն ու Ամանորը և զրույցի ընթացքում պարզեց, որ Սուրբ Ղազար կղզում բազմաբովանդակ միջոցառումներ են նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100ամյակին ընդառաջ: Մասնավորապես, եկող տարի Հայաստանի կառավարությունը միաբանության հետ կնախապատրաստի Սուրբ Ղազար կղզում տարիներ շարունակ կազմակերպվող արվեստի միջազգային «Բիենալե» փառատոնի հայկական տաղավարը: Այս փառատոնի ժամանակ տարբեր երկրների արվեստագետները հատուկ տաղավարներում ներկայացնում են իրենց աշխատանքները:
«Այս ամենին զուգահեռ կլինեն գիտաժողովներ, երաժշտական միջոցառումներ, լուսանկարների ցուցահանդես և մեկերկու հրատարակություն», մեզ հետ զրույցում հայտնեց Մխիթարյան միաբանության հոգևոր այրերից Հայր Եղիան:
Իր ողջ ծավալով առաջին անգամ ցուցադրության կհանվի Վենետիկի, Վիեննայի Մխիթարյանների լուսանկարչական հավաքածուն: Այն ներառում է 18001927 թվականների լուսանկարներ և բաղկացած կլինի երեք բաժնիցˋ «Հայկական կենցաղ», «Հայակական հուշարձաններ» և «Եղեռն» թեմատիկայով: Հրատարակությունները նույնպես նվիրված են Ցեղասպանության 100ամյակին, դրանցից առաջինում կընդգրկվեն ամերիկյան բոլոր թերթերի անդրադարձները Հայկական հարցին:
Գնահատելով անցնող տարին` Հայր Եղիան նշեց. «Միաբանությունն ազգի զավակն է: Ազգի ապրած ամեն տեսակ դժվարություններն անդրադառնում են նաև միաբանության վրա: Հալեպում, Լիբանանում միաբանությունը ծանր օրեր է ապրում, քանի որ համայնքները վատ վիճակում են: Հայ գաղութներում տիրող իրավիճակն անպայման իր դրական կամ բացասական ազդեցությունն է ունենում միաբանության վրա»: «Աստված խաղաղ տարի թող պարգևի մեր ժողովրդին», զրույցի ավարտին հոգևոր հայրն իր ուղերձը հղեց հայ ժողովրդին:
Մխիթարյան միաբանությունը (Մխիթարյաններ) հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է, որն հանդիսանում է հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8ին Կ. Պոլսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական, բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Օսմանյան հետապնդումներից խուսափելու նպատակով Մխիթարն ու մյուս միաբանները տեղափոխվում են Վենետիկի իշխանության տակ գտնվող Մորեա թերակղզի, ապա 1717 թ. օգոստոսի 26-ին Մխիթարյաններին մշտական բնակության իրավունքով շնորհվում է Սուրբ Ղազար կղզին:
Yorumlar kapatıldı.