Ներկայացնում ենք “Արմեդիա” ՏՎԳ բացառիկ հարցազրույցը թուրք մտավորական, գրող-հրապարակախոս, ակտիվիստ Սաիթ Չեթինօղլուի հետ: Հարցազրույցի բնագրին անգլերենով կարող եք ծանոթանալ այստեղ:
Սաիթ Չեթինօղլու, թուրք մտավորական, գրող-հրապարակախոս, ակտիվիստ
– Պարո՛ն Չեթինօղլու, Դուք հայտնի եք որպես ակտիվիստ և Թուրքիայում Ազատ համալսարանական համակարգի հիմնադիր, որը գրքույկներ է հրատարակում՝ ներկայացնելով Թուրքիայի իրական և ոչ խեղաթյուրված պատմությունը: Ի՞նչն առիթ հանդիսացավ նման նախաձեռնության համար:
– Իրականում ես Ազատ համալսարանական համակարգի հիմնադիրը չեմ, ես պարզապես իմ ներդրումն եմ ունեցել դրա բացման գործում և այժմ այդ համալսարանի հետազոտողների ընկերակցության անդամ եմ: Համալսարանի առաքելությունը հետևյալ կերպ է ձևակերպված. “Հակառակ շատ սահմանված մեկնաբանությունների՝ Օսմանյան կայսրությունից Հանրապետության անցման ժամանակահատվածում երկրի ղեկավար դասի մոտ կառավարման վերաբերյալ մտածելակերպի ոչ մի արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Փաստացիորեն հանրապետությունը որդեգրեց ամենամռայլ գործելաոճը, որ կարելի էր պատկերացնել, նրա պաշտոնական գաղափարախոսությունը ենթարկվում էր հրահանգավորման, ինչը կանխում էր անկախ մտքի և հաստատությունների առաջացումը”: Այսպիսով՝ մեր նպատակն էր հարցականի տակ դնել պաշտոնական պատմությունը, որը դարձել է երկրի գաղափարախոսական գործիքը: Մենք ցանկանում էինք ազատագրել ճշմարտությունը, ազատագրել մեր մտքի բանտից: Մենք ցանկանում էինք անհատների մոտ ազատ մտածելակերպ զարգացնել:
– Իսկ ո՞րն է Ձեզ համար Թուրքիայի իրական պատմությունը:
– Թուրքիայի Հանրապետությունը բուֆերային երկիր է, որը ստեղծվել է այն բանի արդյունքում, որ գաղութատեր Բրիտանական կայսրությունն ու Խորհրդային Միությունը չէին ցանկանում ընդհանուր սահման ունենալ: Այս գործընթացում Թուրքիան առավելագույնս օգտագործեց իրական քաղաքականության և իր աշխարհաքաղաքական դիրքի ընձեռած հնարավորությունները հզորանալու նպատակով: Շնորհիվ ձեռք բերված այդ հզորության՝ նա կարողացավ ագրեսիվ կերպով մերժել Ցեղասպանությունը, ինչը Ցեղասպանության շարունակությունն է այլ իմաստով, և այս արշավը վերածեց տևական “ստատուս քվո”-ի:
Եթե Մալթայի դատավարություններն ընթանային այն կերպ, ինչ ձևով դրանք ընթացան Նյուրնբերգում, մեր զրույցն այսօր բոլորովին այլ կլիներ:
– Դուք բազմիցս եք խոսել Հայոց Ցեղասպանության մասին: Ի՞նչ է այն Ձեզ համար նշանակում, ե՞րբ առաջին անգամ լսեցիք Ցեղասպանության մասին, և ի՞նչը ստիպեց Ձեր ամբողջ կյանքը, ինչպես Դուք եք ասում, “նվիրել այդ չարիքի բացահայտմանը”:
Ցեղասպանության մասին ես առաջին անգամ տեղեկացա շատ վաղ հասակում: Ես մեծացել եմ այնտեղ, որտեղ հայերի և պոնտացի հույների Ցեղասպանությունն է իրականացվել: Ճանաչել եմ “անհավատ հարսնացուների”, ականատես եմ եղել այն ողբերգություններին, որ թափվել են նրանց գլխին: Ճանաչել եմ նաև Ցեղասպանության մեղավորներին: Լսել եմ՝ ինչպես են պատմում ջարդերի մասին, որ իրենք են իրականացրել` դրանց տալով հերոսական պատմվածքների երանգ:
Երբ բանտում էի, տեղեկացա, որ որոշ տարածքների համար վեճեր են ընթանում: Զուգահեռներ տանելով՝ մի օրինաչափություն նկատեցի. տարածքների համար ամենաուժգին պայքարը, որը մեծ թվով սպանությունների պատճառ էր դարձել, տեղի էր ունենում հենց այն վայրերում, որտեղ էական թվերով հայ և պոնտացի հույն բնակչություն է ապրել: Այս տարածքներում պետությունն ամենախոշոր հողատերն էր: Հողերի բռնազավթման շատ պատմություններ եմ լսել, որ հենց իրենք` իրականացնողներն են պատմել: Որքան շատ էի լսում “Լքված Գույք” կոչվող լայնածավալ կողոպուտի դեպքերի մասին, այնքան այդ պատմություններն ականջիս սովորական էին հնչում:
Այն ամենը, ինչ ես լսել եմ, սկզբից մինչև վերջ անարդարություն է: Եվ այն հիմնական արժեքներից մեկը, որը ես ընկալեցի դեղ վաղ տարիքից, այն էր, որ մարդ պետք է պայքարի անարդարության դեմ՝ դա համարելով իր պարտքը մարդկության հանդեպ:
– Որպես անձնավորություն, ով ապրում է Թուրքիայում, կարո՞ղ եք նկարագրել, թե ինչպիսին է Թուրքիայի բնակչության վերաբերմունքը հայերի, Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ:
– Ինչպես ես եմ նկատել, գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հասկանում է, որ ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, բայց նրանց միտքը պաշտոնական գաղափարախոսությամբ և պատմությամբ այնքան է մշուշված, որ նրանք անկարող են հարցեր տալ: Եթե նրանք կարողանային հարցեր տալ, ապա շատ ժամանակ չէր պահանջվի, որպեսզի հասկանային, թե ինչ է տեղի ունեցել: Այդ դեպքում նրանց համար սա կդառնար խղճի հարց:
Օրինակ՝ մարդիկ մտածում են, թե իրենք կոնկրետ տվյալ վայրից են` գյուղից, քաղաքից, և այլն: Բայց նրանց հայրերն ու պապերը թաղված չեն այդ վայրի գերեզմանոցում: Նրանք չեն հետաքրքրվում, թե ինչու: Եթե հետաքրքրվեին, ապա կբացահայտեին, որ իրենց պապերը մարդասպաններ, գողեր են եղել: Սա է ամենածանր մասը: Այսպիսով՝ ի՞նչ ես անում: Թաքցնում ես, ժխտում:
Մեկ այլ տարօրինակ բան. կան մարդիկ, ովքեր ընդհանրապես հարազատներ չունեն, ում կճանաչեին, և չեն էլ հարցնում, թե ինչու: Տպավորություն է, որ նրանց արագիլն է բերել: Եթե սկսեն փորել, կհասկանան, որ հայ կամ հույն որբերի ժառանգներ են: Եվ այստեղ ստեղծվում է մեկ այլ տհաճ իրավիճակ. դու հանկարծակի դառնում ես մեկը, ում վերևից էիր նայում:
– Այս պարագայում ինչպե՞ս է Թուրքիայի հասարակությունը տեսնում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը:
– Ի պատասխան այս հարցի՝ ես կցանկանայի անդրադառնալ “Վարդան” հյուրանոցի դեպքին, որը տեղի է ունեցել Վանում: Ամերիկայի քաղաքացի Վիկտոր Բեդոյանը Վանում մի հյուրանոց էր ցանկանում գնել (“VK Express” ընկերության միջոցով, որի բաժնետոմսերի 20%-ն իրեն է պատկանում) և աշխատեցնել այն` զբոսաշրջությունը զարգացնելու համար: Սա մի անասելի ակցիաների պատճառ դարձավ. հայերը սկսում են տիրել Վանին: Բեդոյանը հայերեն չէր խոսում: Նա ամուսնացած չէր հայի հետ: Հյուրանոցը նրա տղայի՝ Վարդանի անունով էր:
“VK Express” ընկերությունը չկարողացավ գտնել մեկին, ով դատարանում կպաշտպաներ իր շահերը: Վանում որևէ փաստաբան չվերցրեց այս ընկերությանը՝ որպես հաճախորդի: Այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարը ստիպված էր միջամտել՝ խնդրանքով, որ ԱՄՆ քաղաքացու շահերը հարգվեն: Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստիպված էր յոթ անգամ Վան գնալ՝ հետևելու գործի ընթացքին: Վերջում գործը փակվեց առանց հետագա միջադեպերի, սակայն այդ գործընթացում ընկերությունը 1 մլն դոլարի կորուստ ունեցավ:
Ինչպես հայտնի է, Վանն այսօր “Ժողովրդադեմոկրատական” և “Արդարություն և զարգացում” կուսակցությունների (նրանք կիսում են իշխանությունը տեղական և կենտրոնական մակարդակով) համար ընտրաձայներ ստանալու վստահելի շրջան է: “Ժողովրդադեմոկրատական” կուսակցությունը վերջերս Թուրքիայի խորհրդարան մի օրինագիծ է ներկայացրել, որով կոչ է արվում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Բայց ամբողջ հարցը այն է, թե ինչ է իրականում փոխվել 2001թ.-ից մինչ օրս:
Էրդողանին, ով վերահսկում է իշխող կուսակցությունն ազգային մակարդակով, և Օջալանին, ով տեղական մակարդակով իշխանություն ունի, միավորում են հակահայկական տրամադրությունները: Առաջինն իր խոսքում օգտագործում է ձևակերպումներ, որոնք ցույց են տալիս նրա քամահրանքը հայերի նկատմամբ, երբ արտասանում է “հայ” բառը: Միաժամանակ Օջալանը խոսում է “հայկական լոբբիի” և “իսլամի հազարամյա եղբայրության մասին” (քրդերի և թուրքերի միջև՝ ընդդեմ հայերի): Այս զուգամիտվող հռետորաբանության համապատկերին, իսկապես, բառեր չեմ գտնում արտահայտվելու:
Վերջին օրերին խոսակցություններ են գնում “ազգային ուժերի ոգին” վերականգնելու մասին՝ վկայակոչելով այն աշխարհազորայիններին, ովքեր ակտիվ դեր են ունեցել հանրապետության հիմնադրման գործում: Սա չարագուշակ ստվեր է գցում մեր ապագայի վրա: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մեր հետևում այս ամենը նախապատրաստվում է Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Խոսելով Վան գավառի և այնտեղ տեղի ունեցածի մասին՝ կցանկանայի խոսել նաև Սևան Նիշանյանի՝ նշանավոր հայ մտավորականի մասին, որի հանցանքն այն էր, որ լքված “Չիրքինջե” (թարգմանաբար նշանակում է Տգեղ վայր) անվամբ հելլենական գյուղն իր ինքնուս ճարտարապետական հանճարով վերափոխեց “Շիրինջե”-ի (Հաճելի վայր), ինչպես որ այն այժմ կոչվում է: Սևանն այժմ բանտում է, և չգիտենք, թե որքան կմնա դեռ այնտեղ: Նրա դեմ առաջադրված մեղադրանքների հիման վրա բարձրագույն դատարանների որոշումների համաձայն՝ երևի թե ընդհանուր առմամբ 17 տարի:
Ես և նա 2011թ.-ի ձմռանը Վան գնացինք՝ սկսելու մի ծրագիր, որի մասին նա երազում էր՝ նորից շունչ հաղորդել պատմական Հայաստանի հնագույն հայկական գյուղերից մեկին: Նա մտադիր էր վերականգնել այդ գյուղը՝ օգտագործելով ավանդական հայկական ճարտարապետությունը՝ այսպիսով վերականգնելով գյուղի կյանքն այնպես, ինչպես այն 100 տարի առաջ էր: Նրա համապատասխան փորձը, էլ չեմ ասում խիզախության մասին, օգնեցին նրան Շիրինջեում նախաձեռնել ծրագիրը:
Այն տեղանքը, որը նա ընտրել էր իրականացնելու համար իր երազանքը, հայկական մի հին գյուղ էր (նախկինում կոչվել է Գանձակ, իսկ թուրքական անվանումն է “Ալթընսաչ”), որի ավելի ճշգրիտ տեղանքը “Մեզըր” կոչվող փոքր բնակավայրն է (38 25’ 11’’ N, 42 53’ 28’’ E), որը Վանի Գևաշ շրջանի Ալթընսաչ (Գանձակ) գյուղի հետ ունի վարչական կապ: Վանում մենք հանդիպեցինք պաշտոնյաների, կուսակցության անդամների հետ: Ինչպես Սևանն էր ասում. “Մենք շրջեցինք գյուղով: Գյուղապետի տղայի հետ մի քանի անգամ անցանք ծրագրի նախաբանի վրայով”: Թվում էր, թե այս գաղափարը բոլորի սրտով էր, սակայն որևէ կոնկրետ կետի չէինք հասնում: Նախագծի առաքելությունը հետևյալն էր.
Հայերի համար այն օղակ կհանդիսանար՝ պահպանելու իրենց էմոցիոնալ կապը հայրենիքի հետ, թույլ կտար երիտասարդ սերունդներին ծանոթանալ իրենց նախահայրերի ակունքներին, մեղմել իրենց մեջ արմատավորված նախապաշարմունքները Թուրքիայի և թուրքերի նկատմամբ: Այս վայրը զբոսաշրջիկ հայերի համար կդառնար հետաքրքրության մի վայր՝ տուն տանից հեռու:
Տեղի բնակչությունն այս ծրագրով հնարավորություն կստանար ճանաչել և հաղորդակցվել հայերի հետ, ովքեր տարիներ շարունակ ընկալվել են որպես “թշնամիներ”: Կազմակերպվող կոնֆերանսները, սեմինարները, համերգները, ներկայացումներն ու նման այլ միջոցառումները կաշխուժացնեին մշակութային կյանքը: Հետագայում այս չափազանց աղքատ շրջանը էական տնտեսական օգուտներ կստանար:
Թուրքիայի Հանրապետության համար սա մի “նրբագեղ” ճանապարհ կլիներ՝ առերեսվելու Հայկական հարցի հետ առանց դեմքը կորցնելու: Այն մարդիկ, ովքեր դուրս էին քշվել այստեղից, կլսեին ուղերձը՝ “Սա ձեր հայրենիքն է, և ձեզ այստեղ միշտ ուրախ են”: Այսպես նրանք խորհրդանշական մի հող կստանային՝ մի տուն տանից հեռու: Ամբողջ աշխարհը կընկալեր այն որպես “խաղաղության ժեստի” մի էական մասնիկ, որն այդքան երկար սպասվում էր Թուրքիայից:
– Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս հնարավոր կլինի հասնել հայ և թուրք հասարակությունների մերձեցմանը ու խնդրի հաղթահարմանը:
– Առաջին հերթին պետք է հասկանալ, որ ժամանակակից Թուրքիան ստեղծվել է Ցեղասպանության ընթացքում ձեռք բերված տնտեսական, քաղաքական, ռազմական և այլ օգուտների հիման վրա: Պետք է նաև հասկանալ, որ հարևան Հայաստանը դեռևս զգում է տարածքի, կարգավիճակի և ուժի կորստի հետևանքները, որը Թուրքիայի և Հայաստանի միջև ստեղծել է անհամաչափ հարաբերություններ:
Այս հարաբերություններն անբնական են և ամրագրվել են Ցեղասպանության միջոցով: Թուրքիան և ընդհանրապես ամբողջ աշխարհը որևէ ջանք չեն գործադրել՝ ուղղելու այս իրավիճակը:
Երկրորդ՝ պետք է հասկանալ, որ այս իրավիճակի մեղավորները հայերը չեն: Մեղավորները Առաջին համաշխարհայինի պատերազմող կողմերն են, այդ թվում Թուրքիան և նրա մահմեդական ժողովուրդները: Անարդարությունը դեռ շարունակվում է:
– Ի՞նչը կարող է Թուրքիային ստիպել ի վերջո ճանաչել Ցեղասպանությունը:
– Կարևորագույն հարցն այն է, թե ինչպես է մարդ առերեսվում արդարությանը: Հայոց ցեղասպանության կամ 1915թ.-ի դեպքերի բարոյական շահագործումը այն ամենամեծ խոչընդոտներից է, որը խանգարում է խնդրի լուծմանը: Սկսած ընտանիքից՝ որպես ամենափոքր միավոր, կրթական, իրավական և տնտեսական շրջանակների աջակցությամբ ողջ հասարակությունն ուղղորդված է եղել դեպի պատմական սխալի ստվերում, աղավաղում, ինչն ամրապնդել է թյուր ընկալումը` դարձնելով այն հարատև:
Երբ քո հղման շրջանակը սխալ ընկալումն է, դու չես կարող տարբերակել բարոյականը ոչ բարոյականից, չես կարող լինել արդար, չես կարող հասնել նրան, թե ինչ է պատմական անարդարությունը, ինչը հենց Ցեղասպանությունն է: Այդ իսկ պատճառով, այստեղ մենք գործ ունենք հասարակական բարոյական արժեքների խնդիրների հետ:
– Հայոց Ցեղասպանության մասին խոսելիս Դուք հետևյալ հարցադրումն եք հնչեցրել. “Երբևէ հարցրե՞լ եք թուրք մտավորականներին, թե որտեղ են եղել նրանց նախնիները 1915թ.-ին”: Իսկ Դուք կպատասխանե՞ք Ձեր այս հարցին:
– Ես չեմ հոգնի այս հարցը տալուց: Ամեն ինչ թաքնված է սրա պատասխանի մեջ: Վերցնում են տնտեսությունը, ոչնչացնում բնակչության 30-35%-ն ու փոխանցում նրանց ունեցվածքն ուրիշներին, և այդ ուրիշները չեն ամաչում այս ամենից:
Պարզ է, որ Ցեղասպանության արդյունքում հասարակ հանցագործները աներևակայելի ունեցվածքի տեր դարձան, և սա նրանց ընդհանրապես չի մտահոգում:
Երբ գնում ես Եվրոպա և հանդիպում մեկին, ով ասում է. “Ես պատասխանատու չեմ այն ամենի համար, ինչ իմ պապն է արել”, դա բավարար է այդ մարդուն նացիստ անվանելու համար:
Այսպիսով՝ պատմական հայկական հողերը թուրքական համարելը, դրանք Քուրդիստան անվանելը հավասարազոր է Ցեղասպանություն ոճրագործության պտուղները քաղելուն: Սա նշանակում է, որ դու համաձայն ես պատմական Հայաստանը գաղութացնելու հետ:
Պատասխանատու և ճիշտ մոտեցումը պահանջում է, որպեսզի հրաժարվես Ցեղասպանության արդյունքում ձեռք բերված ավարից:
Զրուցել է Գրետա Ավետիսյանը
Yorumlar kapatıldı.