Նյութի հեղինակ՝ Լուսինե Պետրոսյան
Հազիվ որեւէ մեկը կարող է հիշել դեպք, երբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Երուսաղեմի կամ Կոստանդնուպոլսի Հայոց Նվիրապետական Աթոռների միջեւ տարաձայնությունները հրապարակային բնույթ ստացած լինեն: Անցյալ դարի կեսերին, երբ 1956-ի Անթիլիասի դեպքերից հետո տարիներ շարունակ բացարձակապես խզված էին հարաբերությունները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների միջեւ, Երուսաղեմի Հայոց Եղիշե Տերտերյան պատրիարքն է կամրջել անդունդը եւ կազմակերպել կաթողիկոսների խորհրդանշական ձեռքսեղմումը 1963-ին:
Աթեիստական ԽՍՀՄ-ի հալածանքների տարիներին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանն է հոգեւորականներ կրթել ու մեծապես կանգուն պահել էջմիածնական թեմերը Սփյուռքում:
Հետեւաբար, ի՜նչ քայլ պետք է կատարած լինեին Մայր Աթոռի միաբանները, ինչպե՜ս պետք է հատեր Երուսաղեմի Հայոց պատրիարքի համբերությունը, որ նա իր հայտնի նամակը գրեր Վեհափառին:
Մի կողմ թողնելով անհարգալից ոճի հանգամանքը, արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է նամակի առանցքային ամբաստանությունը, այն է` Մայր Աթոռը փորձել եւ փորձում է Երուսաղեմի եւ Պոլիսի Հայոց պատրիարքությունների ինքնավարությունը կրճատել, գույները փոքր-ինչ խտացնելով՝ Նվիրապետական Աթոռները թեմերի հավասարեցնել:
Հատկապես այս հարցի պատասխանն ստանալու համար հարցազրույց խնդրեցինք Սբ. Հակոբյանց Միաբանությունից: Նուրհան Պատրիարքը արտերկրում էր, եւ մեր հարցերին սիրահոժար պատասխանեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետը` Գերաշնորհ Տեր Արիս Արքեպիսկոպոս Շիրվանյանը:
Ինչպես պարզվեց, այսօրվա դիմակայությունից դեռ մեկեւկես տասնամյակ առաջ, 2000թ.-ին, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը` Մեսրոպ Արք. Մութաֆյանը, պաշտոնապես հետեւյալն է գրել Գարեգին Երկրորդ Վեհափառին. «Մի քանի կէտեր կան սակայն, զորս պիտի փափաքէինք յանձնել Ձերդ Սրբութեան նկատառման: Ձեր Հմր. 1002 եւ 1669 գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքական Աթոռներուն կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ, ինչ որ ներհակ է Հայ առաքելական Եկեղեցւոյ աւանդութիւններուն…»: Ո՞վ ի Հայաստան կամ ի սփյուռս աշխարհի կկասկածի Մութաֆյան Պատրիարքի ընկալման ճշգրտությանը:
– Ձերդ Սրբազնություն, կա մի ասույթ, չգիտեմ Աստվածաշնչից, թե Հին Կտակարանի մեկնություններից, որը մոտավորապես ասում է. «Որչափ թանձր է խավարը, այնչափ նկատելի է դառնում վառվող թեկուզ փոքր լույսը»: Ի՞նչ լույս էր վառվել Նուրհան Պատրիարքի նամակից, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, թվում է, ողջ Վեհարանն իրար անցավ. Հոգեւոր խորհրդից մինչեւ անհատ հոգեւորականներ հայտարարություններ տարածեցին:
– Թոյլ տուէք յայտնել որ մեր Ամենապատիւ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեանի 26 Նոյեմբեր 2014-ի ոչ-պաշտօնական նամակը Սրբոց Յակոբեանց Միաբանութեան անդամներ եւս ստացան համացանցով, որ անակնկալի բերաւ բոլորին: Կը ցաւինք, որ ան իր անընդունելի ոճով Գարեգին Բ. Ամենայն Կաթողիկոսի նկատմամբ ընկալեալ աւանդական յարգանքի թերացում կը ցուցաբերէ: Նոյնպէս Մայր Աթոռի կարգ մը Սրբազան Հայրերու արժանապատուութիւնը ոտնակոխած որակաւորումներ կը պարունակէ, զորս չենք կրնար արդարացնել: Ահա թէ ինչու ան մեծ յուզում յառաջացուց թէ Մայր Աթոռէն ներս եւ թէ հայ հասարակութեան մէջ ընդհանրապէս:
– Շնորհակալություն, Սրբազան: Ձեր պատասխանը, երեւի, հուզումը կթուլացնի: Սակայն, անդրադառնալով խնդրի բովանդակային կողմին, որքանո՞վ է ճիշտ տեղեկությունը, որ դեռ իր գահակալության առաջին տարում Գարեգին Երկրորդ Վեհափառը Պոլիսի եւ Երուսաղեմի Նվիրապետական Աթոռների ինքնավարությունը սահմանափակելու գրավոր առաջարկներ է ուղարկել մեր պատրիարքություններին եւ թե՛ Մեսրոպ Պատրիարքից, թե՛ Թորգոմ Պատրիարքից մերժումներ է ստացել: Դա ի՞նչ պատմություն է:
– Այս հարցին առ ի լուսաբանութիւն Կոստանդնուպոլսոյ Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆեան իր 3 Նոյեմբեր 2000, թիւ 3848 թուակիր նամակով ուղղուած Ամենայն Հայոց Հայրապետինև կըսէ. «Մի քանի կէտեր կան սակայն, զորս պիտի փափաքէինք յանձնել Ձերդ Սրբութեան նկատառման:
Ա – Ձեր Հմր 1002 եւ 1669 գրութիւններէն զգալի է, որ Պատրիարքական Աթոռներուն կը վերաբերիք որպէս թեմական առաջնորդութիւններ, ինչ որ ներհակ է Հայ առաքելական Եկեղեցւոյ աւանդութիւններուն, 22 Հոկտեմբեր 1925 թուի Կանոնադրութեան – յօդ. 5 -, 19 Յուլիս 1945 թուի Կանոնադրութեան – յօդ. 5, 6, 9բ եւ 19 -, Սահմանադրութեան Նախագծի – յօդ. 3, 7, 21- , եւ 11 Դեկտեմբեր 1991 թուի ՀՀ մօտ պաշտօնապէս գրանցուած «Ներքին Սփիւռքի Կանոնադրութեան» նախաշաւիղի տրամադրութիւններուն: Կաթողիկոսը Պատրիարքի մը իրաւասութեան սահմաններուն միջամտող Նամակներ պէտք չէ գրէ: «Պատրիարք» եւ «Առաջնորդ» եզրերը պատմականօրէն ոչ նոյնանիշ են, ոչ ալ հոմանիշ են»:
Ասկէ զատ Մեսրոպ Պատրիարք կընէ նաեւ ուրիշ նկատողութիւններ, որոնց չենք անդրադառնար այստեղ:
Վեհափառ Հայրապետը Մեսրոպ Պատրիարքին կը պատասխանէ 13 Յունուար 2001-ին ըսելով. «Սիրելի Պատրիարք Սրբազան, բացարձակապէս անհիմն է «Պատրիարք» եւ «Առաջնորդ» եզրերը Մեր կողմից «նոյնանիշ» եւ «հոմանիշ» տեսնելու վերաբերեալ Ձեր անհանգստությունը»:
Իսկ մեր այժմ հանգուցեալ Երուսաղէմի Պատրիարք Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկեան` ի պատասխան Մայր Աթոռի Կանոնադրութեան Յանձնախումբէն Երուսաղէմի Պատրիարքութեան վերաբերեալ նորամշակ յօդուածներու ստացման` Սրբոց Յակոբեանց Միաբանական Ընդհանուր ժողով հրաւիրեց 19 հոկտեմբեր 2000 թուականին քննարկելու այդ յօդուածները: Անոնցմէ միայն կարեւորագոյն երկուքը կը մէջբերենք այստեղ, որոնք կը հաստատեն թէ Երուսաղէմի պատրիարքութիւնը վարչականօրէն ենթակայ չէ Մայր Աթոռի իրաւասութեան` այլ միայն «ի հոգեւորս»` ունենալով իր ուրոյն Կանոնադրութիւնը եւ կը գործէ համաձայն տեղւոյն եւ միջազգային «սթաթուսքօյի» օրէնքներուն: Իսկ պատրիարքի ընտրութիւնը կը վաւերացուի երեք կառավարութիւններէ, Իսրայէլ, Պաղեստին եւ Յորդանան, ու Վեհափառ Հայրապետը միայն կը շնորհաւորէ պատրիարքի ընտրութիւնը:
«Յօդ. 18 – Երուսաղէմի Պատրիարքական Սուրբ Աթոռը անբաժան մասն է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցւոյ, ընդ հոգեւոր իշխանութեան Ամենայն Հայոց Կաթողիկոսին յԷջմիածին, Հայաստան:
Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը պահապանն է եւ սեփականատէրը Սուրբ Տեղեաց Հայկական իրաւունքներուն եւ կը գործէ համաձայն տեղւոյն եւ միջազգային «սթաթուսքօ»յի օրէնքներուն:
Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը ունի իր Ուխտի Կանոնները եւ կը ղեկավարուի իր ուրոյն Կանոնադրութեամբ եւ Սուրբ Տեղեաց Աւանդութիւններով»:
«Յօդ. 20 – Երուսաղէմի Հայ Պատրիարքը կընտրուի Միաբանական Ընդհանուր ժողովի կողմէ, համաձայն Միաբանութեան ներքին կանոնադրութեան:
Պատրիարքի ընտրութիւնը կը հաղորդուի Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը յատուկ կոնդակով կը շնորհաւորէ նորընտիր Պատրիարքը»:
Թորգոմ Պատրիարք յօդուածներու ամբողջական օրինակը կը ներկայացնէ Գարեգին Բ. Կաթողիկոսին եւ Մայր Աթոռի Կանոնադրութեան Յանձնախումբին:
2001-ի Յուլիսի վերջերուն Թորգոմ եւ Մեսրոպ Պատրիարքներ հանդիպում կունենան Գարեգին Բ. -ի հետ եւ կը հարթեն տարակարծութիւնները` քննարկելով նաեւ Հայ Եկեղեցիին վերաբերեալ կարեւոր այլ հարցեր:
– Շնորհակալություն հանգամանալից տեղեկությունների համար: Իսկ չէի՞ք ասի, թե ովքեր են Երուսաղեմի եւ Պոլսո Հայոց պատրիարքություններից մասնակցել վերջերս Էջմիածնում գումարված Եպիսկոպոսական ժողովին: Նվիրապետական Աթոռների ինքնավարության հարցերն այդտեղ քննության առարկա՞ են եղել, ի՞նչ խնդիրներ են ծագել, որ ժողովում մնացել են չլուծված եւ ենթադրաբար առիթ տվել Նուրհան Պատրիարքի նամակի ասպարեզ իջնելուն:
– Թոյլ տուէք այստեղ շփոթութիւն մը փարատել:
Նուրհան Պատրիարքի նամակը կակնարկէ Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովին մէջ ծագած Նուիրապետական Աթոռներու ինքնավարութեան հարցին` որ յառաջ եկաւ նոյն ժողովի համար մշակուած Կանոնադրութեան Նախագծի քննարկման ընթացքին: Այս Ժողովը տեղի ունեցաւ Սեպտեմբեր 18-20, 2014-ի օրերուն Մայր Աթոռի մէջ: Այս Ժողովին կը մասնակցէին 153 հոգեւորական եւ աշխարհական պատգամաւորներ Երուսաղէմի եւ Կ. Պոլսոյ պատրիարքութիւններէն եւ Մայր Աթոռի ենթակայ բոլոր թեմերէն: Իսկ Եպիսկոսական Ժողովը տեղի ունեցաւ Նոյեմբեր 11-13-ի օրերուն` մասնակցութեամբ Մայր Աթոռի եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեանց եպիսկոպոսներու, բացի Երուսաղէմի Պատրիարքութեան եպիսկոպոսներէն:
Եկեղեցական Ներկայացուցչական ժողովին Երուսաղէմի մեր պատուիրակներն էին` Արիս Արք. Շիրվանեան, Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան, Կորիւն Վարդապետ Բաղդասարեան եւ Տիար Գէորգ Հինդլեան: Անհանգստութեան պատճառով Նուրհան Պատրիարք չէր կարողացած մասնակցիլ:
Կ. Պոլսոյ պատրիարքութեան ներկայացուցիչներն էին` Պատրիարքական Ընղհանուր Փոխանորդ Տ. Արամ Արք. Աթէշեան եւ Տիար Վազգէն Պարըն:
Եկեղեցական Ներկայացուցչական Ժողովի Կանոնադրութեան յօդուածները քննարկուեցան եւ քուէարկուեցան կարգ մը բարեփոխութիւններով: Բայց խնդրոյ առարկայ 17-րդ յօդուածը վիճելի դարձաւ մեր պատուիրակութեան կողմէ, որովհետեւ Նուիրապետական Աթոռները դրուած էին թեմական մակարդակի վրայ անտեսելով այն իրողութիւնը, որ անոնք միայն «ի հոգեւորս» ենթակայ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, բայց ոչ վարչական եւ ֆինանսական հարցերու մէջ, Նուիրապետական Աթոռները ինքնավար են այդ հարցերուն մէջ:
Այսպէս էր ներկայացուած այդ յօդուածը.
«Որոշումներն ուժի մէջ են մտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից վավերացումից հետո, եւ պարտադիր են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կառոյցների համար եւ կանոնական բոլոր տարածքներում եւ առանց քննարկման պէտք է ընդգրկվեն ինչպես թեմական, այնպես էլ Նվիրապետական Աթոռներում գործող այլ կառույցների կանոնադրություններում»:
Ի պաշտպանութիւն մեր Նուիրապետական երկու Աթոռներուն` պատրիարքութիւններուն ինքնավարութեան` մենք առաջարկեցինք վերցնել «Նվիրապետական Աթոռներ» բառերը զատորոշելու համար «թեմական» կառոյցներէն: Այստեղ է, որ ծայր տուաւ բուռն վիճաբանութիւն մը մեր եւ կարգ մը եպիսկոպոսներու միջեւ, որուն վրայ Վեհափառ Հայրապետը միջամտեց Աթոռներու հետ խաղաղ համակեցութեան սիրոյն եւ թելադրեց, որ մեր պատուիրակութիւնը եւ Կանոնադրութեան Յանձնախումբը միասնաբար նոր բանաձեւ մը ներկայացնէին ընդհանուր նիստին: Հետեւեալ բանաձեւը ներկայացուցինք նիստին, որ գրեթէ միաձայնութեամբ քուէարկուեցաւ եւ ընդունուեցաւ:
Նոր յօդուած 16/17 – Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի որոշումները`
1. Ուժի մէջ են մտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից վավերացումից հետո եւ պարտադիր են Հայաստանեայց Սուրբ Եկեղեցւոյ բոլոր կառույցների համար եւ կանոնական բոլոր տարածքներում:
2. Կանոնադրական բոլոր որոշումները առանց քննարկման պետք է ընդգրկվեն թեմական կանոնադրություններում:
3. Համա-եկեղեցական նշանակության հարցերի շուրջ որոշումները պարտադիր են Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների համար:
Այս յօդուածի շուրջ ծագած վիճաբանութեան համար է որ Նուրհան Պատրիարք զայրացած է իր նամակին մէջ:
Իսկ միւս խնդիրը որուն տոն տուած է Պատրիարքը իր նամակով` մեր Միաբանական ժողովի կողմէ ընտրուած եպիսկոպոսական երկու թեկնածուներէն մէկուն` Պարետ Ծ. Վարդապետ Երէցեանի նկատմամբ Վեհափառ Հայրապետի վերապահութիւնն ու մերժումն է զայն Եպիսկոպոս ձեռնադրելու` առանց բացատրական պատճառի:
– Մայր Աթոռի այն միաբանները, որոնց անունները Նուրհան Պատրիարքը հիշատակել էր իր նամակում, պատասխան նամակներով հայտարարեցին, թե իրենք Նվիրապետական Աթոռները թեմի վերածելու մտքեր ոչ միայն չեն հայտնել, այլեւ երբեւէ չեն ունեցել: Ի՞նչ հիմքեր կան ասվածին հավատալու եւ չհավատալու:
– Նուրհան Պատրիարք ի մտի ունի մեր յիշատակած Մեսրոպ Պատրիարքի նամակը 2000 թուին եւ նոյն տարուան մեր Միաբանական Ժողովի կանոններու որդեգրութիւնը ի պատասխան Մայր Աթոռի Կանոնադրութեան Յանձնախումբի նախագծին, որ խնդրոյ առարկայ կը դարձնէր մեր պատրիարքութեան ինքնավարութիւնը, ինչպէս յիշեցինք:
– Հավանական է, ես սխալվում եմ, բայց ինձ թվում է` Նուրհան Պատրիարքն իր նամակով, նաեւ Գարեգին Երկրորդ Վեհափառի հանդեպ ի ցույց դրած վերաբերմունքով նախահարձակ էր լինում եւ խնդիր լուծեց: Սբ. Էջմիածնում ինչ մտքեր էլ ունենային Նվիրապետական Աթոռների առնչությամբ, այս հրապարակային բախումից, հրաժարումներից ու ժխտումներից հետո այլեւս հազիվ թե քայլ կատարեն: Ճի՞շտ եմ մտածում, թե՞ սխալ:
– Ինծի չիյնար ենթադրական պատասխան տալ այս հարցումին:
– Եվ վերջին հարցը՝ Էջմիածնի հետ հակասությունների ծիրից դուրս: Օրերս Բարդուղիմեոս Առաջին Տիեզերական Պատրիարքի հրավերով Հռոմի Պապն այցելել էր Թուրքիա, մասնավորապես՝ Պոլիս: Պապը նաեւ այցելել էր Մեսրոպ Պատրիարքին հայոց Սուրբ Ամենափրկիչ հիվանդանոցում: Ըստ Ձեզ, Պապի այցը եւ Բարդուղիմեոս Պատրիարքի հետ համատեղ հայտարարությունն ուշադրություն կգրավե՞ն կամ ապահովություն կբերե՞ն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին:
– Նախ ըսեմ որ Բարթուղիմեոս Առաջին Տիեզերական Պատրիարքի եւ Պապ Ֆրանսիսքոս Առաջինի Պոլսոյ մէջ հանդիպումը երկրորդն է` երկու մեծ եկեղեցիները դէպի միութիւն տանող առաջին հանդիպումը կայացած ըլլալով անցեալ Մայիսին, հոս` Երուսաղէմի Սուրբ Յարութեան Տաճարին մէջ, Քրիստոսի Սուրբ Գերեզմանին առջեւ:
Իսկ հիւանդ Մեսրոպ Պատրիարքին տուած իր այցելութեամբ Պապը անգամ մը եւս հաստատեց իր խոնարհութիւնը եւ Քրիստոսի Աւետարանին հովուական ծառայութեան պատգամը, իր կենդանի օրինակով ցոյց տուաւ, որ հովիւ մը պէտք է հիւանդին այցելէ ու վրան աղօթէ եւ զայն մխիթարէ:
Իմ կարծիքով Բարթուղիմեոս Պատրիարքի եւ Ֆրանսիսքոս Պապի համատեղ յայտարարութիւնը ի հարկէ մեծ ուշադրութիւն կը գրաւէ յաչս քրիստոնեայ աշխարհին եւ այլոց, սակայն կը կասկածիմ, որ ապահովութիւն կը բերէ Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաներուն, որոնք այսօր արդէն հալածանքի կենթարկուին այլազգ ծայրայեղական տարրերու կողմէ:
-Անչափ շնորհակալություն, Սրբազան, հարցազրույցի համար:
Yorumlar kapatıldı.