FrVahram Melikyan
Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով: Ժողովին ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարվեց օրերս համացանցում տարածված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին:
Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով:
Գերագույն Հոգևոր Խորհուրդն անընդունելի է համարում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ Պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ:
Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորում է Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալու Իջման Ս. Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը` լծվելով իր առաքելության իրականացմանը:
«Օրինա´կ եղիր հավատացյալներին քո խոսքով, վարմունքով, սիրով, հավատով և մաքուր կենցաղով» (Ա Տիմ. Դ 12):
Գերագույն Հոգևոր Խորհուրդն իր բարձր գնահատանքն է արտահայտում և զորակցությունը բերում Սրբոց Հակոբյանց միաբանությանը նվիրյալ իր ծառայության համար` հորդորելով նախանձախնդիր նույն ոգով շարունակել պահպանել սուրբ տեղյաց հայոց իրավունքներն ի պայծառություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/829031777160103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Yorumlar kapatıldı.