İçeriğe geçmek için "Enter"a basın

ճշմարտության լույսը` Մայր Տաճարի խորանից

Պատմությունը գրում է ժամանակը, ամրագրում են պատմաբանները, իսկ թե ինչպես և ինչ են գրում, ցույց է տալիս կրկին ժամանակը: Վերջիններիս թեթև ձեռամբ, ոչ միայն անձերն ու իրադարձություններն են մոռացումի մատնվում, խեղաթյուրվում, այլև` մշակութային արժեքները: Սակայն ճշմարտության լույսը ի զորու է հաղթահարել դարերի կապանքներն անգամ. քանզի երկաթե վարագույրները հազարամյակները մեկ ետ են քաշվում…

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը հայ և համաշխարհային մշակույթի հոգևոր գանձերից մեկն է, առաջին քրիստոնեական տաճարն աշխարհում: Աշխարհասփյուռ հայության Սրբատունն է, գոհարը` հայոց ճարտարապետության, հայ մշակույթի դարերի մեծագույն նվաճումներից մեկը: Բացառիկ է նրա երկհազարամյա խորհուրդն ու տոկունությունը, զորության ուժը, անգնահատելի է մարդու և տիեզերական ուժի մեկտեղման` գերբնական դաշտի ստեղծման նրա Աստվածային շնորհը: Հայ ժողովրդի հազարամյակների լինելիության, մաքառումի անխոնջ վկան լինելով` դիմակայել է դարերի հոգևոր և աշխարհիկ փորձությունների քմայքներին` նեցուկ ունենալով հայ ժողովրդի մեծագույն հավատն առ Աստված:
Պատմական վավերագրերը փաստում են. Հայաստանում մինչև քրիստոնեության ընդունումը հոգևոր պաշտամունքը կրակապաշտությունն էր, հեթանոսական կրոնին ու բազմաթիվ կուռքերի պաշտամունքին, բազմաստվածությանը փոխարինեց միաստվածային կրոնը` քրիստոնեությունը: Բոլոր հեթանոսական տաճարները վերածվեցին եկեղեցիների. հոգևոր և նյութական ողջ մշակույթը ոչնչացվեց, որպեսզի ոչինչ չհիշեցնի հին աստվածներին: Ագաթանգեղոսը գրում է. «Սբ. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում եպիսկոպոսական ձեռնադրություն ստանալուց հետո, վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է լինում քրիստոնեական պաշտամունքային շինություններ կառուցելուն. գիշերային մենության մեջ, մտորումներով տարված, նա տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին երկնքից ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով վայրը, որտեղ պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը. «Սոյնպես եւ ի տեղիս մեհենացն զոր կործանեաց յառաջագոյն, … յամենայն տեղիս, յաշխարհս և ի գաւառս առ հասարակ, սոյն օրինակ գործեաց եւ բազմացոյց զեկեղեցիս»»: Սա պատմական անհերքելի փաստ է, որ Սբ. Գրիգոր Լուսավորիչը ոչ միայն հիմքից սկսած նոր պաշտամունքային կառույցներ է ստեղծել, այլև որոշ եկեղեցիներ կառուցել է մեհյանների շինությունների հիմքի վրա, իսկ որոշ դեպքերում` ձևափոխել ու վերածել քրիստոնեական տաճարների:
5-րդ դարի հայ պատմիչների վկայության համաձայն, Մայր Տաճարը հիմնադրվել է հեթանոսական Արտեմիս աստվածուհուն նվիրված մեհյանի տեղում, և որի կառուցումն ավարտվել է 303-ին և անվանվել Սբ. Մարիամ Աստվածածին: Միածնի էջքի ճիշտ կետը` տեղը, տաճարի մեջտեղի իջման խորանն է, որի համար ասվում է, թե սկզբում լոկ բոլորակ մի քար կար եկեղեցու մեջտեղում, որի վրա 17-րդ դարի վերջերին խորան է կառուցվել: Տաճարը սկզբում բազիլիկատիպ էր, 480թ. իշխան Վասակ Մամիկոնյանը վերակառուցել է այն՝ տալով խաչատիպ հատակագիծ և գմբեթավորելով 4 ազատ մույթերը: 17-րդ դարում կառուցվել է զանգակատունը, 18-րդ դարում՝ թանգարանը:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը առաջին գմբեթավոր քրիստոնեական եկեղեցին է ողջ քրիստոնյա աշխարհում: Նրա սյուներին ու կամարներին, որմերին ու գմբեթներին, քարերին միաձուլվել է դարերի հազարամյա դրոշմը` հավատավոր հայ ժողովրդի հավատն առ Աստված: Սրբազօծ տաճարի խրհրդավոր լռությունը` թաքցված ճշմարտության լույսը, 15 դար անց պիտի ճառագեր Մայր Տաճարի` Սբ. Մարիամ Աստվածածնի խորանից. 1958թ. հնագիտական պեղումների և վերանորոգման ժամանակ Մայր Տաճարի Ավագ Խորանի տակ 1-1,5 մետր խորության վրա հայտնաբերվել է 5-րդ դարում Վահան Մամիկոնյանի կողմից կառուցված սրբատեղին, բացվել են սյունապատ հիմքերը, բեմը և Խորանի հիմնաքարը: Հին խորանը նույնպես երկշերտ է: Կառույցի ներսում պահպանվել են առավել հին խորանի որմեր, որոնք պատկանում էին 5-րդ դարից առավել վաղ շրջանի: Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում` Ավագ խորանի տակ հայտնաբերվել հղկված որձաքարից պատրաստված հուշակոթողը, որը պատկանում է Ն. Ք. Ը դարի (մ.թ.ա. X դար -Ջ. Բ.) ուրարտական ժամանակաշրջանին, ինչպես նաև նույն տեղից հանված հեթանոսական ժամանակներին վերագրվող կարասի մեջ առնված թոնրաձև «կրակարան» կոչվածը` ակը դեպի արևմուտք (Հասրաթյան Մ., Էջմիածնի Մայր Տաճար, «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 367): Թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարանի մեջ դեռևս մնացել են ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ:
Երբ մոտենում ես Տաճարին, անհնար է չնկատել ու չզգալ նրա մեծագույն արժեքը, վեհաշուք գեղեցկությունը, պատկառազդու խորհուրդը, բայց և գիտենալով նրա <սրտի> մեջ ի պահ առնված մեհյանի հանրությանը` շարքային քաղաքացուն, անհասանելի` տեսանելիորեն անմատչելի լինելու հանգամանքը, անբացատրելիության զգացումն է պարուրում, և դեմ հանդիման ծառանում են հարցադրումներն անպատասխան: Մեհեյանների ոչնչացումը ծանրակշիռ հարված է եղել հայկական հազարամյակների մշակույթին. հոգևոր հարստության կորուստն ահռելի է: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայ հոգևոր-մշակութային արժեքների մասին խոսելիս` պատմագիրները <չափազանց զուսպ են եղել>: Այդպես էր և է բոլոր դարաշրջաններում. պատմությունը գրի են առնում պատմաբանները (այս դեպքում` պատմագիրները) և այնպես, ինչպես թելադրում են իշխանավորները, և պահանջում է նրանց շահն ու հեղինակությունը: Եվ Ոսկե դարում` հայ պատմագրության ծաղկուն ժամանակաշրջանում, հայոց պատմագրությունը սկզբունքայնորեն լռել է մեհյանների գոյության և դրանց ոչնչացման մասին: Անշուշտ ճարտարապետական լուծումներով անհամեմատելի են Գառնիի հեթանոսական տաճարն ու Մայր Տաճարի խորանի տակի հեթանոսական մեհյան-կրակարանը` վերգետնյա կարաս հիշեցնող, իսկ որպես հոգևոր-մշակութային արժեք` երկուսն էլ նույն հարթության վրա են:
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ խորանի տակ մինչ օրս պահպանվում է հեթանոսական ատրուշանը` կրակարանը: 5-րդ դարից մինչև 20-րդ դարի կեսերը` 1958 թվականը, հայ պատմագրության և գրականության մեջ որևէ հիշատակում չկա մեհյանների գոյության մասին: Ի դեպ միայն Սբ. Մարիամ Աստվածածնի Ավագ խորանի տակ չէ որ պահպանվում հեթանոսական մեհյան. մեհյան կա Հաղարծին և Նորավանք եկեղեցիների տակ (դեռևս այս երեքն են ինձ հայտնի): Աշխարհիկ քանի՞ հավատացյալ հայի է սա հայտնի: Քանի՞սը գիտի այս մասին: Ինչո՞ւ է պատմագրությունը լռել ու լռում: Միչև ե՞րբ պետք փակված մնա երկաթե այդ վարագույրը: Տարիներ առաջ բարեբախտություն եմ ունեցել անզեն աչքով տեսնել Մայր Տաճարի տակ պահվող հեթանոսական մեհյան, շնորհիվ Ռուսաստանի հայերի հոգևոր առաջնորդի բարեխոսության: Ինչու` բարեխոսության, քանզի իրոք այն տեսնելու համար բարեխոս է հարկավոր, ոչ թե Երկնավոր Տիրոջ, այլ եկեղեցու վերադասի կամ նար ազդեցիկ սպասվորների միջև:
Մեր նախնիներին քննադատելու, հինը ոչնչացնելով նորը ստեղծելու, նրանց արարքներին գնահատական տալու մտայնությունը չէ իմ հոգը: Այլ Հայոց պատմության հոգևոր-մշակույթի` հազարամյա ժառանգության հետ առերեսման անհամարձակության խնդիրը, որը ծնրադիր է աշխարհիկ և հոգևոր հայ իշխանաց առջև: 15 դար մեհյանը պահել Հայոց Մայր Տաճարի <սրտում> և ցույց չտալ ոչ միայն աշխարհին, այլև` հարազատ ժողովրդին: Մինչ դեռ աշխարհում օտարազգիները 100 տարվա մի ծակ կարաս էլ որ գտնեն, վայրկյաններ անց կհեղեղվի միջազգային ողջ լրատվադաշտը: Իսկ մենք լռում ենք, անարդարացի այն մտավախությամբ, որ կվանասենք Քրիստոնեության սկզբունքները, կխաթարվի նրա հեղինակությունը: Եթե ամբողջ աշխարհի առջև ազգովի հպարտանում ենք երկազարամյա Գառնիի տաճարով, ապա ինչո՞ւ չհպարտանալ Աստծո տաճարներում Տիրոջ օրհությամբ ի պահ առած հազարամյա մեհյանով` որպես հայ մշակույթի մեծագույն ժառանգություն: Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքը պատահական վայրում չի հայտնվել. Աստծո Միածին Որդու հայտնության տեսիլքով սրբազօծված վայրը դեռ դարեր առաջ` մինչ քրիստոնեությունն էր սրբատեղի:
Արդարացի չէ Հայոց պատմության 15 դարյա լռությունը: Ահա և կես դարից ավելի է` լռում ենք և մենք, երբ ճշմարտության լույսը Մայր Տաճարի խորանից է ճառագում: 1958-ից մինչ օրս Հայաստանում հրատարակված Հայոց պատմության դպրոցական դասագրքերում, բուհական ձեռնարկներում, որևէ տող կամ ազատ` անարգելք արված լուսանկար Սբ. Մարիամ Աստվածածնի տակ գտնվող հեթանոսական մեհյանի գոյության մասին չկա: Հնարավորինս ամեն ինչ արվել է և արվում է սերունդների անիրազեկումն ապահովելու համար: Հնագիտական ուսումնասիրությունների համար այն փակ է. քանզի բազմաթիվ հարցեր ու հարցադրումներ կառաջանան, իսկ հայ առաքելական եկեղեցու սպասավորաց գիտական թևը դրանց պատասխանները չունի, հոգևոր վերադասն էլ` ոչ ավելորդ ժամանակ և ոչ էլ ցանկություն…: Հոգևոր հովիվների շրջանում միջնորդի կամ բարեխոսի <հայեցի> աջակցությունն անպայման պիտի լինի մեհյանը տեսնելու համար: Այն փակ է տեսախցիկի և լուսանկարչական սարքի առջև. խստիվ արգելվում է: Օրեր առաջ Մայր Տաճարի թանգարանի աշխատակցից փորձեցի ճշտել, թե ինչպես կարող եմ մեհյանը կրկին տեսնել: Պարզվեց` չեմ կարող, քանի որ այն ութ ամիս է, ինչ փակ է: Իմ ենթադրությունը տեղին չէր և թանգարանի, այդ թվում նաև մեհյանի փակ լինելու հանգամանքը ամենևին էլ կապված չէր Տաճարի արտաքին վերանորոգման հետ: Եվ իմ այն հարցին. «Հապա ինչո՞վ է պայմանավորված փակ լինելու հանգամանքը»: Ասացին.  «Չգիտենք: Հրաման է: Եվ փակ է լինելու անորոշ ժամանակով»:
Ո՞ւմ հրամանն է, ՀՀ մշակույթի նախարարի՞, Հայոց Հայրապետի՞, թե՞ Տեր Աստծո:
Լույս իջնի շիրմիդ Պարո´ւյր Սևակ.
<…Արդեն 10 տարի, 110 տարի, 1010 տարի
Ես վախենում եմ,
Շա՜տ եմ վախենում,
Բյուրավոր ու բո՛ւթ հավատացյալից,
Բյուրատեսք ու սո՛ւտ հավատացյալից:
Եթե աստված եք՝
Փչեցե՛ք նրանց բոլոր մոմերը,
Մարեցե՛ք նրանց կանթեղներն ամեն,
Հանգցրե՛ք նրանց ջահերն այլազան,
Որ… եղիցի լո՜ւյս>:
  
 Ջեմմա Բաղդադյան

Posted by: Jemma Baghdadyan <baghdadyan@yahoo.com

Yorumlar kapatıldı.