İçeriğe geçmek için "Enter"a basın

Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ

Ոսկան Մխիթարեան
– Տիար Մխիթարեան, Դուք հայաստանյան և սփյուռքի մամուլում հանդես եք գալիս եկեղեցական խնդիրներին նվիրված  ծավալուն հոդվածներով  և ուսումնասիրություններով: Հայաստանյան ընթերցողներին համառոտակիորեն կներկայացնե՞ք Ձեր կենսագրությունը:

-Ոսկան Մխիթարեան `1966-ին աւարտած է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը ու ապա ձեռնադրուած կուսակրօն քահանայ: 1968-ին ներկայացնելով իր աւարտաճառը Ոսկան Երեւանցիի մասին, ստացած է Վարդապետական Աստիճան : 1966-1971 եղած է տեսուչ Կաթողիկոսարանի տպարանին եւ անգլերէն լեզուի ուսուցիչ Մարտիկեան Ազգային Վարժարանէն ներս: 1971-ին մեկնած է Միացեալ Նահանգներ, ուր ստանձնած է Հոլիվուտի Ամէնօրեայ Վարժարանի (ներկայիս՝ Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Վարժարան) տնօրէնութիւնն ու Հոլիվուտի հայահոծ գաղութին հոգեւոր հովուութիւնը: 1972-ին հիմնած է Կլէնտէյլի Ս. Աստուածածին եկեղեցին, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Արեւմտեան Ամերիկայի Թեմին ամենէն բարգաւաճ եկեղեցիներէն մէկն է այսօր: 1972-1974 Լոս Անճէլըսի  Trade Technical College-ի մէջ հետեւած  եւ աւարտած է ճարտարապետութեան (Architechtural Drafting) դասընթացքները ու ապա 1974-1976  Լոս Անճէլըսի City College-ի մէջ հետեւած եւ աւարտած է առեւտրական եւ կալուածային օրէնսգիտութիւն (Real Estate and Business Law): 1988-1989 հետեւած է Glendale School of law-ի իրաւաբանական դասընթացքներուն, իսկ 1995-1996-ին ներկայացնելով իր թէզը  “The Court of International Trade”, American University of Hawaii-էն ստացած է մագիստրոսութեան վկայականը (MBA):
1990-2000 եղած է դասախօս Մխիթարեան կաճառի Լոս Անճէլըսի մասնաճիւղին հայագիտական դասընթացքներուն՝ դասաւանդելով Կանոնագիտութիւն, Ազգային Սահմանադրութիւն եւ Հայ Եկեղեցւոյ պատմութիւն: 2000-2005 թուականէն աշխատակցած է Եղիայեան իրաւաբանական հաստատութեան հետ եւ իր բաժինը բերած է Նիւ Եորք Լայֆի դատավարութեան առընչուող բանասիրական պրպտումներուն մէջ:
2005-էն սկսեալ անհատապէս վարած է հետախուզական աշխատանքներ Ֆրանսայի Nantes քաղաքի՝ Արտաքին Գործոց Նախարարութեան արխիւներուն մէջ, եւ թուայնացուցած (digitize) է աւելի քան 60,000 էջ, սկսելով 1860-էն մինչեւ 1923 թուականը: Դարձեալ 2005-էն սկսեալ թուայնացուցած է աւելի քան 20,000 էջ՝ Ամերիկեան մամուլին մէջ լոյս տեսած ցեղասպանութեան վերաբերեալ յօդուածներու եւ ականատեսներու  վկայութիւններուն, որոնց առաջին հատորը ( “Armenians At The Twilight of the Ottoman Era”) 2011-ին հրատարակուեցաւ Երեւանի մէջ, հովանաւորութեամբ եւ մեկենասութեամբ Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան եւ Փիւնիկ Բարեսիրական Ընկերակցութեան համագործակցութեամբ: 
2008-2009 դպրոցական տարեշրջաններուն վարած է Լոս Անճէլըսի Մխիթարեան Վարժարանի տնօրէնութիւնը: Այժմ կը շարունակէ իր բանասիրական աշխատանքները մասնաւորաբար ցեղասպանագիտութեան ոլորտին մէջ:
-Ձեր հոդվածների կապակցությամբ  եկեղեցական շրջանակներից  արձագանքներ ստանու՞մ եք:
-Անդադրում քաջալերանք կ’ըստանամ եկեղեցական բոլոր շրջանակներէն, նոյնիսկ՝ Կաթողիկէ եւ Բողոքական համայնքներէն:  Կապերս ամուր պահած եմ բոլոր եկեղեցականներուն հետ, Եպիսկոպոսէն մինչեւ համեստ քահանան (Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղէմ, Պոլիս, Վիեննա եւ Վենետիկ): Անոնց մէջ կան դասընկերներ, աշխատակիցներ, աշակերտներ եւ սրտակից միաբաններ: Դժբախտաբար քաջութիւնը չունին արտայայտուելու. թէկուզ գուլիսներու ետին եւ կամ բարեկամական շրջանակներուն մէջ կ’արտայայտուին եկեղեցւոյ ղեկավարութեան դէմ, բայց դուրս չեն կրնար գալ իրենց ստրկական վիճակէն:
-Դուք պատրաստել եք ծավալուն ուսումնասիրություն նվիրված Հայ Եկեղեցու բարեփոխումների խնդրինն, որտեղ ներկայացնում եք Ձեր տեսակետները այդ արդիական խնդրի տարբեր բնագավառների մասին: Այդ ոլորտին ոչ քաջատեղյակ ընթերցողի համար համառոտակիորեն հատկապես ո՞ր հարցերն եք կարևորում և ամենաարդիականը համարում:
-Հոգեւոր պատրաստութեան եւ Կոչումի պակասը: Պէտք է յստակացնել նոր սերունդին, որ Եկեղեցւոյ ծառայութիւնը կը պահանջէ անձնուրաց նուիրում :  Եկեղեցին շահոյթի աղբիւր չէ, հոն չ’ի կրնար ըլլալ դրամ եւ ինչք, հոն կայ միայն անսակարկ զոհաբերում: Մէկդի դրած ենք ամէն տեսակի առողջ դատում եւ իրաւական արժէք ներկայացնող ամէն խարիսխ որ իր մէջ կը մարմնաւորէ ազնիւ սկզբունքներ:
-Հայ եկեղեցու դավանաբանությունը հայ հոգևորականները շատ հակասական կերպով են ներկայացնում: 5-րդ դարում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով հայերը ստիպողական դավանաբանական «ընտրություն» են կատարել, որը կարծես թե այդպես էլ ենթարկված մնաց քաղաքական իրավիճակներին: Ձեր կարծիքով, արդյո՞ք այսօր չի հասունացել դավանաբանության հարցում ճշգրտումներ կատարելու պահը, թե արդեն ավանդույթները  դարձել են ինքնանպատակ և հին արևելյան եկեղեցիներն արդեն չեն կարող շեղվել ավանդույթներից:  Հին արևելյան եկեղեցիների  ասվածաբանական միտքը արդյո՞ք արդեն քարացել է:
-Ժամանակն է որ Եկեղեցին անյապաղ բարեկարգէ ինքզինք: Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ, սահմանափակելով ինքզինք միայն արարողութիւններու մէջ: Ո’չ միայն վերանորոգուիլ ներքնապէս, այլեւ վերաշխուժաւորուիլ արտաքին ճակատի մէջ:  Եկեղեցիներու մերձեցումը անժխտելի հրամայական մըն է այսօր:  Անցեալի դաւանաբանական վէճերը անիմաստ են եւ անհեթեթ:  Նոյն Քրիստոսի մասին կը խօսինք տարբեր մեկնաբանութիւններով:  Լաւագոյն օրինակներէն մին կը հանդիսանայ այսօր Հռովմի  նոր Պապը, որ քառացած Կաթողիկէ Եկեղեցիին դաւանաբանական եւ վարդապետական ուսուցումներուն նոր մեկնաբանութիւն կու տայ, քսանմէկերորդ դարու լոյսին տակ:
-Էջմիածնում ստեղծվել է սոցիալական հայեցակարգով զբաղվող գրասենյակ: Ինչ եք կարծում, հնարավո՞ր է ձևավորել եկեղեցու սոցիալական հայեցակարգն առանց դավանաբանական և աստվածաբանական խնդիրները քննարկելու և արդյո՞ք հնարավոր է սոցիալական հայեցակարգ ստեղծել առանց ճշտելու փիլիսոփայական աշխարհայացքը:
-Գործնական, շօշափելի արդիւնքները կուզեմ տեսնել այդ գրասենեակի աշխատանքներուն:  Ներքնապէս կը տառապիմ երբ կը տեսնեմ սրտաճմլիկ տեսարանները անտուն եւ անօթեւան մեր եղբայրներուն եւ քոյրերուն:  Ահաւոր հակասութիւն մը կայ Երեւանի մէջ ապրող, գործող յղփացած հարուստներուն եւ մեր հասարակ ժողովուրդի կենցաղային պայմաններուն միջեւ:  Եկեղեցին իր ընկերային ծառայութեան ձեռքը պարտաւոր է երկարել իւրաքանչիւր հայուն առանց նկատի ունենալու անոր դաւանական պատկանելիութիւնը:
-Ինչ եք կարծում, ո՞րն է եկեղեցու և պետության մեևձեցման այն սահմանը, որը կարող է դառնալ վտանգավոր թե՛ եկեղեցու, թե՛ պետության համար:
-Դժբախտաբար արդէն հոն ենք, այդ սահմաններուն մէջ:  Հայց. Եկեղեցին պատմական իր կոչումի ճամբէն շեղած է ներքին եւ արտաքին բազմաթիւ ազդակներու, պատճառներու եւ դասալքութեան հետեւանքով եւ կանգնած է այսօր գահավիժումի եզրին: Եկեղեցին միշտ ալ աշխատած է իր պետութեան հետ եւ կողքին, սակայն այսօր՝ կլանուած է քաղաքական կեանքի բոլոր ոլորտներուն մէջ, եւ դարձած է պետութեան «նախարարութիւններէն» մէկը, գործելով միայն յօգուտ անհատներու (եկեղեցական եւ աշխարհական) շահերուն: Այլ խօսքով՝ Եկեղեցին գործիք է այսօր պետութեան ձեռքին մէջ:
religions.am

Yorumlar kapatıldı.