Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի դատարանը հաստատեց մի որոշում, համաձայն որի Նիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին չի կարող կոչվել առաքելական: Հիշեցնենք, որ սա Գարեգին Բ կաթողիկոսի որոշմամբ էր, քանզի այնտեղ չեն ցանկացել հետևել կաթողիկոսի առաջարկած կանոնադրությանը։
Հիշեցնենք, որ առաջարկված կանոնադրության համաձայն՝ աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում գտնվող հայկական եկեղեցիներն իրենց շարժական և անշարժ գույքով պետք է լինեն ոչ թե համայնքի սեփականությունը, այլ կաթողիկոսարանինը։ Նիսի հետ կապված այս պատմությունը ձգվում է արդեն մոտ երեք տարի։
ԳԱԼԱ-ն կապ հաստատեց Նիսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ իմանալու նրանց տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Վերջիններիս արձագանքը բուռն էր, պատրաստվում են դատավճիռը բողոքարկել, քանզի համարում են, որ դատարանի որոշումն արդար չէ․«Մենք կանք ու կմնանք առաքելական։ Դատարանի որոշումը հեռախոսով են հայտնել մեր փաստաբանին և հիմա այս մի քանի օրվա ընթացքում, երբ արդեն գրավոր որոշումը կստանանք, պետք է ընդհանուր ժողով անենք՝ 200-300 հոգի ենք, այդ ժամանակ էլ կքննարկենք դատարանի գրավոր որոշումը, և համայնքը կընդունի, որ բեկման դնենք դատարանի այդ որոշումը։ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեզ դատեց իբրև գույքի և ոչ թե հավատացյալի ու եկեղեցու։ Ֆրանսիայի օրենքով իրավունք չկա եկեղեցու կյանքին խառնվելու, դրանք զատված են։ Նա փորձեց մեզ դուրս նետել, բայց մենք ետ կգանք և մեր առաքելական անունը նորից ետ կբերենք»,- նման տեսակետ հայտնեց Ժան Ղազարյանը։
Նիսի հայ համայնքում այս դեպքի և նման զարգացում ստացած պատմության հետ կապված հիշեցին մի իրողություն ևս, որը ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ աշխարհի մի շարք երկրներում մեծ աղմուկ էր բարձրացրել․ «Այստեղ մի քահանա ուղարկվեց՝ Տեր Վաչե քահանան, ով հիմա Ստրասբուրգում է։ Դրանից հետո եկեղեցին վերածվեց մաֆիայի: Հայաստանից եկած զանազան երիտասարդներ, ովքեր ոչ օրինական գործունեությամբ էին զբաղվում, հավաքույթներ էին անցկացնում այդ քահանայի՝ Տեր Վաչեի գլխավորությամբ հենց եկեղեցու ներքևի սրահում։ Այս ամբողջը տեղի ունեցավ եկեղեցու հետ, և եկեղեցական վարչությունը դուրս հանեց այդ քահանային և ֆրանսիական իշխանության կողմից նա դատապարտվեց երկու տարով և նրա ոտքին էլ ապարանջան կա՝ նա իրավունք չունի Ստրասբուրգից այստեղ գալու։ Հենց սա կարծեք պատճառ դարձավ, որ եկեղեցու կանոնադրությունը փոխելու առաջարկով հանդես եկավ կաթողիկոսը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեցին համայնքի ներկայացուցիչները՝ հավելելով, որ վերջինս ոտքին կապված ապարանջանը «վաստակել է» հենց այն ժամանակ, երբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ նման դեպքերից հետո նորից այցելել էր Նիս ու նստել հենց կաթողիկոսի կողքը, չնայած որ տեղի ոստիկանները հաշվի առան կաթողիկոսի փաստը, սակայն ամեն դեպքում աղմուկ բարձրացվեց, և նրան առհասարակ արգելվեց Նիս գալը։
Ժան Ղազարյանն այն համոզմանն է, որ խնդիրների շարանը սկսվեց, երբ տեղի եկեղեցուն ծառայելու ուղարկեցին այնպիսի մարդկանց, որոնք կնախընտրեին, որ չլինեին․ «Մենք չենք հասկանում հիմա, թե խնդիրն ինչումն է, որովհետև մենք հայ ենք և մեր համայնքում ամեն ինչ կարգին էր, մենք առաքելական եկեղեցու հետևորդ ենք։ Մենք ենք, որ 1928 թվականից շենացրել ենք տեղի եկեղեցին։ Այստեղ համայնքում մենք պարզապես չցանկացանք ընդունել նոր եկեղեցական օրենքներ, նոր կանոնադրություն, որովհետև արդեն եղած կանոնադրությամբ 1700 տարի մենք եկեղեցի ենք ունեցել և պահել, ինչ-որ գույքի մասին նոր կանոն մեզ պետք չէ»։
Ժան Ղազարյանն ավելացնում է, թե իրենք չեն ուզում փոփոխություններ և հենց ամենասկզբից էլ դրա մասին ասել են․ «Հայ ենք, թող մեր հայկական եկեղեցին մնա հայկական առաքելական եկեղեցին։ Եկեղեցին շարունակում է մնալ անբաժան մասը մեր Սուրբ Էջմիածնի, բոլոր արարողություններն էլ կատարվում են առաքելական եկեղեցու կանոններին ու ծեսերին համապատասխան, փաստորեն եկեղեցին միայն չի կարող հայտարարել, որ սա առաքելական է։ Այդ պարագայում Ֆրանսիայի իշխանություններն արդեն պատժիչ միջոցներ կառնեն, որովհետև այդ անունը Գարեգին Ներսիսյանին է պատկանում, ով և արգելեց մեզ՝ հայերիս, որ կոչենք մեր եկեղեցին»։
Զառա Ղազարյան
Նորություններ02.10.2014 | 17:06
Yorumlar kapatıldı.