Սեպտեմբերի 28-ին Վարագա Ս. Խաչի տոնին մեծ շուքով նշվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու օծման 170-ամյակը: Տոնական պատարագ մատուցեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը: Այս մասին հայտնում են Բուլղարիայի «Կանթեղ Արարատյան» հայկական տեղեկատվական կայքից:
Հավարտս Սուրբ Պատարագին Տեր հոր հանդիսապետությամբ սարգավագներից ու դպիրներից կազմված եկեղեցական թափորը դուրս եկավ եկեղեցու բակ, ուր Տեր Հայրը Սուրբ Խաչով ու Ավետարանով օրհնեց ներկա հավատացյալներին, այնուհետև իր հոգևոր պատգամն ուղղեց ներկաներին:
Արժանապատիվ Տեր Հայրը շնորհավորեց բոլորին եկեղեցու 170-ամյակի կապակցությամբ և խոսեց հայ ժողովրդի Աստծո կողմից որպես քրիստոնյա ազգ ընտրված լինելու և միշտ Աստծո օգնությունը վայելող ազգ լինելու մասին և մասնավորապես նշեց. «170 տարի առաջ էլ այս քաղաքում ապրող հայերը զգացին, որ իրենք Աստծո ժառանգությունը կրող մարդիկ են և Աստծո օգնությամբ կարողացան կառուցել այս եկեղեցին»:
Տոնական պատարագին ներկա էին նաև Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդի ատենապետ Անդրանիկ Շաքարյանը, Ս. Սարգիս եկեղեցու Ծխական Խորհուրդի ատենապետ Մասիս Բագդատյանը, Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխը:
Եկեղեցու բակում խոսեց նաև քաղաքապետ պարոն Պորտնիխը: Նա շնորհավորեց եկեղեցու հավատացյալներին և կիսվեց, որ Ս. Պատարագի ժամանակ աղոթել է Վառնայի հայ համայնքի ամեն մի ներկայացուցչի առողջության և բարօրության համար: «Հայ համայնքը մեր քաղաքի հասարակության անքակտելի մի մասնիկն է:», ասաց քաղաքապետը: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից, հայ համայնքի ներկայացուցիչները պարոն Պորտնիխին ներկայացրեցին Վառնայի հայկական գերեզմանատան հետ կապված խնդիրները: Քաղաքապետը խոստացավ, որ ամենասեղմ ժամանակահատվածում այդ խնդիրները իրենց լուծումը կգտնեն:
Ծխական խորհուրդի անունից ելույթ ունեցավ Ծխական Խորհուրդի անդամ Էդմոն Մարտիրոսյանը, ով հակիրճ ներկայացրեց 170-ամյա պատմությունը: Այնուհետև ներկաներին էլ ավելի տոնական տրամադրություն փոխանցեցին Վառնայի «Ս. Սարգիս» մշակույթի տան փոքրիկ երգչուհիներն ու «Գայանե Մարաշլյանի» պարախմբի երեխաները:
Ս. Սարգիս եկեղեցու 170-ամյա հոբելյանին շատ լավ պատրաստվել էին Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու Ծխական Խորհուրդի անդամներն ատենապետ Մասիս Բագդատյանի գլխավորությամբ: Նրանք դեռևս շաբաթներ առաջ սկսել էին իրենց աշխատանքները, 170-ամյակի առթիվ պատրաստել էին հայկական սրբանկարներ, Ս. Սարգիս եկեղեցու մասին հայերեն-բուլղարերեն թերթոններ, տոնին ծաղիկներով զարդարել էին եկեղեցին, ինչպես նաև տոնական միջոցառումից հետո հյուրերի և հավատացյալների համար եկեղեցու բակում կազմակերպել էին բաց հյուրասիրություն:
Yorumlar kapatıldı.