İçeriğe geçmek için "Enter"a basın

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի սկիզբը

Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ավելի քան 10-ամյա գործունեության արդյունքում ձեւակերպվել, մշակվել ու ձեւավորվել են հետեւյալ ծրագրերը, հիմքերը, մեխանիզմները:

1. Գործունեության իրավական – քաղաքական միասնական փաթեթի հիմնական դրույթներն ու ուղղություններն են.
ա) Իրավական-քաղաքական ուղղություն, որը ներառում է
-Ռուսաստանի Կառավարության Դեկրետը Արեւմտյան Հայաստանի մասին՝ 29 դեկտեմբեր 1917 թ.,
-Սեւրի պայմանագիրը՝ 10 օգոսոտոս 1920 թ.,
-ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը՝ 22 նոյեմբեր 1920 թ.,
-Կիլիկիայի Անկախության Հռչակագիրը՝ 4 օգոստոս 1920 թ.,
-հարակից այլ պայմանագրեր եւ իրավական փաստաթղթեր:
բ) Իրավական-քաղաքական ուղղություն եւ գործունեություն, որը ներառում է
-ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ձեւաչափում Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագիրը,
-Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտի ստեղծումն ու կայացումը,
-հարակից այլ իրավական փաստաթղթեր եւ աշխատանքներ:
գ) Իրավական ուղղություն, որը ներառում է Հայերի ցեղասպանության դատապարտման եւ հատուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները միջազգային դատական ատյաններում, այդ թվում՝ Հաագայի դատարանում:
դ) Իրավական ուղղություն, որը ներառում Հայոց պատմամշակութային եւ քաղաքակրթական արժեքների պաշտպանության ուղղությունը Եվրոպական Մարդու իրավունքների դատարանում եւ համապատասխան այլ ատյաններում:
2. Գործունեության իրավական – քաղաքական հիմքերն են.
ա) Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի պաշտոնական հայտարարությունը (ընդունված՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին),
բ) «Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների մասին» հռչակագիրը (ընդունված` 2007 թվականի հունվարի 20-ին),
գ) Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության ստեղծման վերաբերյալ հռչակագիրը (ընդունված՝ 2011 թվականի փետրվարի 4-ին),
դ) Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի մասին որոշումը (ընդունված՝ 2011 թվականի մարտի 2-ին),
ե) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կայացրած «Արեւմտյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի հայերի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշումը, (ընդունված՝ 2011 թվականի մարտի 29-ին),
զ) «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւավորման մասին» հռչակագիրը (ընդունված՝ 2013 թվականի մայիսի 24-ին),
է) «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքը (ընդունված՝ 2014 թվականի մարտի 7-ին),
ը) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի մշակման հանձնաժողով ստեղծելու մասին (հրապարակված՝ 2014 թվականի օգոստոսի 10-ին):
3. Գործունեության մեխանիզմներն ու լծակներն են.
ա) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որի գործունեության արդյունքում ձեւավորվում է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, ինչը տալիս է Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները միջազգային ամենատարբեր ձեւաչափերում պաշտպանելու եւ իրականացնելու հնարավորություն: Սա ի հակադրություն «սփյուռքահայ» որակման, որն ունի թերի ազգային ինքնություն եւ չի ենթադրում ազգային – պետական նշանակության կոնկրետ իրավունքներ եւ դրանք պաշտպանելու եւ իրագործելու հնարավորություն:
բ) Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ
Արեւմտյան Հայաստան Հանրապետության պետականության երեք կառույցները՝
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը),
Արեւմտյան Հայաստանի Նախագահական ինստիտուտը եւ Նախագահական Խորհուրդը միասին
իրականացնում են աշխատանքներ պաշտպանելու Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ եւ ձեւավորելու ու հաստատելու Արեւմտյան Հայաստան պետությունը՝ Բնօրրան Հայրենիքում:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կայացումը, Հայոց պետականաշինության գործում, շարունակական եւ կարեւոր քայլ է՝ ազատ, անկախ, ինքնիշխան եւ միացյալ Հայաստանի հաստատման գործում:
Հաղթանակը մերն է լինելու:
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Վարչապետ

Yorumlar kapatıldı.