İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված առաջին հեղինակային գիրքը Թեհրանում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով եւ ի հիշատակ Արմին Թեոֆիլ Վեգների, վերջերս Թեհրանում լույս տեսավ Շարիս Մելքոմ-Աբգարի (Աբգարյան) գրչին պատկանող «ԱՄԻ» գիրքը: Այն Աստվածաշնչյան պատմությունների վրա հիմնաված պոեմ է, ուր հեղինակը փորձում է պատասխանել իր եւ հայ ժողովրդի կարեւորագոյն հարցերից մեկին՝ Ինչո՞ւ Ցեղասպանություն…:

«Արաքս» շաբաթաթերթ, 05 օգոստոսի 2014թ.: 
«Չեմ ուզում Հայր իմ
Այդ փրկութիւնը.
Յայտնւի՛ր այսօր
Եւ պատասխանի՛ր
Հարցերիս բազում,
Որ չխենթանամ
Նախքան զղջումը,
Իմանամ ինչո՞ւ,
Ինչո՞ւ եղաւ Տէր,
Ձեռքդ յանձնելով
Իմ գրիչն այս…»:

Բանաստեղծուհին այստեղ, փաստորեն, երկխոսության մեջ է մտնում Աստծո հետ եւ Տիրոջ առջեւ ներկայացնում «Մարդու հարցը», ապա նոր գլխի տակ բերում «Աստծո պատասխանը»:
Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից՝ «Երկու խոսք» (7-10), «Նախաբան» (11-28), «Մարդու հարցը» (29-215), «Աստծու պատասխանը» (216-283) եւ «Վերջաբան» (284-288): Նախաբանում ամփոփ ներկայացվում է Հայոց Ցեղասպանության վկաներից ու այդ փաստը իր նկարած լուսանկարներով հավերժացնող, գերմանական բանակի բժիշկ՝ Արմին Թեոֆիլ Վեգները, բերված է նաեւ նրա հայտնի նամակը հղված ԱՄՆ նախագահ՝ Վուդրո Վիլսոնին: Գրքում տեղ-տեղ մեջբերումներ կան Սուրբ Գրքից:
Գիրքը խմբագրել է Մովսես Քեշիշյանը, գեղարվեստական ձեւավորումը՝ Ռուբինա Աբրահամյանի գործն է: Այն բաղկացած է 288 էջերից եւ հրատարակվել է 500 տպաքանակով:
Հեղինակի մասին
Շարիս Մելքոմ-Աբգարը ծնվել է 1984 թվին Թեհրանում: Տարրկան և միջնակարգ կրթությունը ստացել է ծննդավայրի «Ալիշան», «Քուշեշ Դավթյան», «Արաքս» եւ «Մարի Մանուկյան» դպրոցներում: Ավարտել է Իրանի Իսլամական Ազատ Համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:
Ուսման շրջանում համագործակցել է տարբեր թարգմանչական կենտրոնների հետ, որպես թարգմանիչ եւ խմբագիր: Արդեն տասը տարի է ինչ պաշտոնավարում է հայոց դպրոցներում՝ որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի:
Գրելը սկսել է վաղ հասակից: Նրա բանաստեղծությունները տպագրւել են «Ալիք», «Հանդէս» եւ «Պայման» թերթերում:
Առաջին գիրքը՝ «Հորիզոնից այն կողմ լռութիւն է լոկ…», լոյս է տեսել 2010 թվին, Թեհրանում, «Նաիրի» հրատարակչության միջոցով: Շարիսի ստեղծագործությունները հիմնականում կարելի է դասել հոգեւոր գրականության շարքում:

Yorumlar kapatıldı.