«Արաքս» շաբաթաթերթ, 23 հուլիսի 2014թ.
Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Նարմաք եւ Մաջիդիե քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների եւ «Արաքս» շաբաթաթերթի համատեղ նախաձեռնությամբ, այսօր երեկոյան, մեկնարկելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկների շարանը, որը նախատեսվում է իրականացնել տարվա ողջ ընթացքում:
Այս շարանի առաջին եւ երկրորդ ձեռնարկները լինելու են բանախոսական երեկոներ՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի բանախոսությամբ.
Առաջինը՝ այսօր, հուլիսի 23-ին, երեկոյան ժամը 8-ին, Իրանահայ ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղիում,
Երկրորդը՝ ուրբաթ, հուլիսի 25-ին, երեկոյան ժամը 7:30-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում:
Հանձնախումբը հանուն ազգային միասնականության, տարվա ընթացքում կայացող իր բոլոր ձեռնարկների համար օգտագործելու է 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի կողմից ընդունված լոգոն եւ որմազդերը:
Տիրան Լոքմագյոզյանը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Գերմանիայում, ավարտել է տեխնիկական ուսումնարան, զուգահեռ կատարել է իր առաջին երաժշտական քայլերը, հայազգի հայտնի ջութակահար ու երգահան Լուդվիգ Բազիլի մոտ: 1989-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի պետական երաժշտանոցը: 1990-92 թթ. կատարելագործվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում:
1990-ից աշխատում է Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում գտնվող Կոմիտասի ձեռագրերի վրա: Կոմիտասի մասին կարդացել է բազմաթիվ դասախոսություններ եւ տպագրել հոդվածներ տարբեր հանդեսներում: Այժմ պատրաստել է տպագրության նյութեր Կոմիտասի գերմաներեն եւ թուրքերեն երաժշտական ժառանգության վերաբերյալ:
Համահեղինակ է թուրքերեն լեզվի դասագրքի, սահմանված բուհերի համար: Բազմաթիվ թուրքագիտական սեմինարներ է անցկացրել Հայաստանի բուհերում: Ունի բազում թարգմանություններ հայերեն-թուրքերեն-գերմաներենի միջեւ: Հանդես է գալիս մամուլում հոդվածներով՝ մշակութային եւ քաղաքագիտական, մասնավորապես թուրքագիտական թեմաներով:
1998-2008-ը գրել է Հրանդ Դինքի «Ակօս» շաբաթաթերթում եւ հանդիսացել որպես «Ակօս»-ի Հայաստանի ներկայացուցիչ:
2008-ից Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում դասավանդում է թուրքերեն լեզու:
2013 թվականից ունի հեղինակային հաղորդում «Impuls Radio 106.5»-ում Թուրքիայի մասին, «Կիսալուսնի վերջամուտը» վերնագրով:
Հեղինակն է Կոմիտաս վարդապետի մասին թուրքերեն լեզվով հրատարակված առաջին կենսագրական գրքի:
Yorumlar kapatıldı.