ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ
1978 թուականից Չինաստանի տնտեսական բարեփոխումներն արտասահմանցի գործարարներին հնարաւորութիւն տուեցին լայնածաւալ գործունէութիւն ծաւալել աշխարհի ամենամեծ շուկայում: Յետագայ տարիներին Չինաստան ժամանած միլիոնաւոր արտասահմանցի գործարարների թւում էին նաեւ փոքրաթիւ հայեր: Հայերի թիւը Չինաստանում սկսեց աճել 2000ականներից: Որոշ տուեալներով, 2013ին հայերի թիւը հասնում էր 800-900ի:
Սկզբնական շրջանում հայերը միաւորւում էին քաղաքների, նահանգների մակարդակով: Օրինակ՝ Շանհայում հայերին միաւորելու գործում մեծ ներդրում ունեցաւ Վաչէ Պետրոսեանի ղեկավարած Շանհայի հայկական ակումբը: Պեկինի հայերը միմեանց հետ ծանօթանում էին ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառումների շրջանակներում: Հայկական համայնքները յատկապէս ակտիւ էին Չինաստանի հարաւում՝ Հոնկոնգ, Գուանջոու, Շենջեն քաղաքներում:
Սակայն այս քաղաքների համայնքները միաւորուած չէին, հանդիպում էին տօնից տօն, չկային ընդհանուր նպատակ եւ քաղաքականութիւն: Իրավիճակը փոխուեց, երբ 2006թ. Շենջենում բնակուող ֆրանսահայ Միհրան Փափազեանի նախաձեռնութեամբ ստեղծուեց Չինահայ համացանցային-սոցիալական հարթակը:
Հարթակի շրջանակներում ստեղծուեց Չինահայ (http://www.chinahay.com) կայքը, Չինահայ անուամբ էջեր բացուեցին սոցիալական ցանցերում, որոնք հնարաւորութիւն տուեցին համախմբել Չինաստանի հայութեանը: 2006ից սկսած՝ Չինահայ համացանցային կայքի միջոցով հայերը հաւաքւում եւ նշում են հայկական տօները, կազմակերպում միջոցառումներ: 2006-2013թթ. բազմաթիւ միջոցառումներ կազմակերպուեցին հայաշատ քաղաքներում՝ Հոնկոնգում, Գու-անգջոում, Շանհայում, Շենջենում, Նանջինգում եւ Պեկինում:
2013ը կարեւոր էր համայնքի վերջնական կազմաւորման գործում: Հայաշատ քաղաքների մի շարք անդամներ՝ Հենրի Արսլանեանի գլխաւորութեամբ, ձեռնամուխ եղան համայնքի ղեկավար մարմնի եւ իրաւաբանական կազմակերպութեան ստեղծման գործին: Համայնքի կայացմանը մեծ լիցք հաղորդեց բարերարներ æէք եւ æուլի Մաքսեանների նուիրատուութեամբ ստեղծուած Հոնկոնգի Հայկական կենտրոնը: Հայկական կենտրոնի բացմանը մասնակցեց եւ իր օրհնութիւնը բերեց Գարեգին Բ. կաթողիկոսը: Բացման հանդիսաւոր արարողութեանը մասնակցեցին նաեւ Չինաստանում ՀՀ դեսպան Արմէն Սարգսեանը, տարբեր երկրների հայկական համայնքների ղեկավարներ:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԾԱԴԻՐ
ՄԱՐՄԻՆ. ԿԱՌՈՒՑՈՒԱԾՔՆ
ՈՒ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ
2013թ. ստեղծուեց համայնքի Գործադիր մարմինը, որի նախագահ ընտրուեց Հենրի Արսլանեանը: Կազմուած է 13 անդամից: Ներկայացնում են Չինաստանի հայաշատ քաղաքների՝ Հոնկոնգի, Գուանջոուի, Նանջինգի, Շանհայի, Պեկինի, Շենջենի հայերի շահերը: Գործադիր մարմինն ամէն ամիս հեռաձայնային ժողով է անցկացնում, որի ընթացքում որոշում եւ կազմում է տուեալ ամսուայ գործունութեան պլանները: Համայնքի գործունէութեան կշիռն ու կազմակերպուածութիւնը բարձրացնելու համար Հոնկոնգում գրանցուեց «Հոնկոնգի եւ Չինաստանի հայկական համայնք» կազմակերպութիւնը, որի տնօրէնների խորհրդում ընդգրկուեցին Գործադիր մարմնի անդամները: Համայնքն ունի Խորհրդականների խորհուրդ, որտեղ ընդգրկուած են ԱՄՆի, Մեծ Բրիտանիայի, Հոնկոնգի հայկական համայնքների ղեկավար կազմից յայտնի մարդիկ: Խորհրդականների խորհրդի անդամ է նաեւ Չինաստանում ՀՀ դեսպանը:
ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵԱՆՔՆ
ՈՒ ԾՐԱԳԻՐԸ
2014թ. Մարտին լոյս տեսաւ Չինաստանի հայկական համայնքի առաջին տեղեկագիրը: Այն երկլեզու է՝ հայերէն եւ անգլերէն: Տեղեկագիրը պատմում է համայնքի կեանքի եւ ծրագրերի մասին, սփռւում է թէ՛ Չինաստանի, թէ՛ այլ հայկական համայնքներում:
Գործադիր մարմինը ներկայումս խնդիր է դրել ստեղծել նոր, հզօր համացանցային կայք, որը կը համապատասխանի եւ կը նպաստի համայնքի գործունէութեանն արդի շրջանում:
Համայնքը սերտօրէն համագործակցում է Հայկական վիրտուալ քոլեջի հետ: Համայնքի անդամները հնարաւորութիւն ունեն æեք եւ æուլի Մաքսեանների անուան հայկական կենտրոնում մասնակցել հայերէն լեզուի դասընթացներին: Դասընթացներն անցկացւում են համացանցի միջոցով, որը հնարաւորութիւն է տալիս մասնակցել նաեւ տարբեր քաղաքներում բնակուող հայերին: Ներկայումս համայնքի նախագահ Հենրի Արսլանեանը բանակցում է եւրոպական առաջատար ֆոնդերի հետ, որպէսզի ասպիրանտական կրթաթոշակներ յատկացուեն Չինաստանի հայկական համայնքի պատմութիւնը վաղ ժամանակներից ուսումնասիրելու համար: Այս բնագաւառում առաջին յաջողութիւնը գրանցուեց 2014թ. Ապրիլին, երբ «Կիւլպէնկեան» հիմնարկը Չինաստանում հայկական համայնքի պատմութիւնն ուսումնասիրելու համար 6ամսեայ կրթաթոշակ յատկացրեց, որի նպատակն է լինելու ուսումնասիրել Չինաստանում հայերի ներկայութիւնը 20րդ դարում:
Չինաստանի հայկական համայնքը փորձում է միաւորել նաեւ Հեռաւոր Արեւելքի՝ Սինգապուրի, Թաիլանդի, Մալայզիայի, Վիետնամի հայերին: Այն իր օժանդակութիւնն է բերում Մեանմարի, Բանգլադեշի հայկական եկեղեցիների պահպանման գործում: 2014թ. հայկական համայնքի շրջանակներում ստեղծուեց Չինաստանի հայկական ուսանողական միութիւնը, որի նպատակն է համախմբել Չինաստանում գտնուող հայ ուսանողներին, օգնել միմեանց, փոխանակուել գիտաժողովների, կրթաթոշակների վերաբերեալ տեղեկատուութեամբ, նպաստել հայ-չինական բարեկամութեանը: Ուսանողական միութիւնն ունի 50 անդամ, որոնք Չինաստան են եկել թէ՛ ՀՀից, թէ՛ Սփիւռքից: Տարբեր քաղաքներում գտնուող հայ ուսանողները մշտական կապի մէջ են wechat սոցիալական ցանցի միջոցով:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԷՆ
Չինաստանում հայկական համայնքը ձեւաւորուել եւ կայացել է Ֆրանսիայից, Կանադայից, Աւստրալիայից, ԱՄՆից, Հայաստանից, Լիբանանից, Սիրիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից եկած հայերի շնորհիւ:
Կարծում եմ, որ հզօրացող Չինաստանում կարեւոր է ունենալ միաւորուած եւ կարող հայկական համայնք, որը կը նպաստի Հայկական աշխարհ-Չինաստան կապերի ամրապնդմանը: Փորձը ցոյց է տուել, որ այն երկրներում, որտեղ հայկական համայնքները կազմակերպուած են՝ ՀՀ եւ հայութեան շահերն աւելի լաւ են ներկայացուած: Թէեւ Չինաստանում հայկական համայնքը մեծ չէ, բայց ունի կիրթ եւ լաւ կազմակերպուած մարդկային ռեսուրս: Չինաստանը, իւրայատուկ զարգացող երկիր լինելով, արտասահմանից մեծ մասամբ աշխատանքի է հրաւիրում արեւմտեան լաւագոյն բուհերի շրջանաւարտներին կամ նրանց, ովքեր պատրաստ են մեծ ֆինանսական ներդրումներ կատարել: Լեզուի իմացութիւնն էլ է սահմանափակում Չինաստանում աշխատանք գտնելու հնարաւորութիւնները, քանի որ Չինաստանում կարելի է աշխատանք գտնել կամ չինարէնի, կամ անգլերէնի գերազանց իմացութեամբ: Համայնքը համալրում են կամ բարձր որակաւորում ունեցող սփիւռքահայ մասնագէտներն ու ներդրողները, կամ հայաստանցի ուսանողները, ովքեր սովորել են Չինաստանում: Նրանցից շատերն ուսումն աւարտելուց յետոյ վերադառնում են ՀՀ, աշխատանք չեն գտնում եւ նորից մեկնում են Չինաստան: Նրանց մեծամասնութիւնը տիրապետում է չինարէնին, անգլերէնին կամ ռուսերէնին, նրանք ունեն չինական դիպլոմներ եւ հեշտութեամբ աշխատանք են գտնում, յարմարւում տեղի կեանքին:
Այսպիսով, Չինաստանի հայկական համայնքը, լինելով համեմատաբար երիտասարդ ու կրթուած, արագ կազմակերպւում է, ինչպէս նաեւ փորձում է միաւորել ու առաջնորդել թէ՛ Չինաստանի, թէ՛ Հեռաւոր Արեւելքի հայկական միւս համայնքները: Հայկական համայնքը Խորհրդականների խորհրդի միջոցով կապուած է ԱՄՆի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Լիբանանի, Աւստրալիայի հայկական համայնքների հետ: Տարբեր երկրներից եկած համայնքի անդամները եւս օգնում են յարաբերութիւններ ստեղծել Արեւելքից Արեւմուտք ցրուած հայկական համայնքների միջեւ: Կարեւոր է նշել, որ համացանցի զարգացումը նպաստում է աշխարհով մէկ ցրուած հայութեան միաւորման գործին:
«Գլոբուս»
ՄՀԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ, Նանճինկի համալսարանի միջազգային յարաբերութիւններու ճիւղի թեկնածու է
http://asbarez.com/arm/195910/
Yorumlar kapatıldı.