İçeriğe geçmek için "Enter"a basın

Աուտիզմ ազգային հիմնադրամը

Մամուլի հաղորդագրություն. 02.03.2014թ. – Ս.թ. ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային հիմնադրամը» ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ:

Քայլարշավին մասնակցեցին ավելի քան հարյուր աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ և արտերկրից ժամանած հյուրեր:

«Աուտիզմ ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանում շուտով կգործի վերանորոգված, կահավորված և միջազգային չափանիշներին համապատասխան նոր դպրոց, որն իր հյուրընկալ դռները կբացի աուտիզմով երեխաների առջև: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, իրագործել աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան»,- հաղորդեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:
Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մինչև Ազատության հրապարակ, երթն ուղեկցվեց աուտիզմի մասին բազմաթիվ իրազեկման սիմվոլներով և լոզունգներով, բաժանվեցին իրազեկման թռուցիկներ: Երթի ավարտին Ազատության հրապարակում տեղի ունեցավ աուտիզմով երեխաներին նվիրված երգի շնորհանդես և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի (ԵԶՄԿ) սաների նկարների բացօթյա ցուցահանդես:
«Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Մինչ այսօր աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Դիտարկվում են, սակայն չեն ապացուցվում հետևյալ վարկածները՝ խնդիրներ հղիության, ծննդաբերության ժամանակ, գենետիկական մուտացիաներ, արտաքին միջավայրի գործոններ, ժամանակակից կյանքի տեմպ և տեղեկատվական գերհագեցվածության յուրացման դժվարություն»,- հաղորդեց ԵԶՄԿ տնօրեն Նարինե Վարդանյանը:
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այս տարի առաջին անգամ Հայաստանը նաև միացավ «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) միջազգային նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 2-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով: Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով, որի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին և խթանել ներառական միջավայր: Տարիների ընթացքում լուսավորվել են նյույորքյան Empire State Building-ը, Սիդնեի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:
«Օրվա խորհուրդը աուտիզմ ունեցող երեխաների՝ հասարակությունում լիիրավ անդամ հանդիսանալու և նրանց սոցիալական ներգրավվածությունը խթանելու մեջ է, ինչպես նաև այդ ճանապարհին խոչընդոտների աստիճանական վերացման մեջ»,- հաղորդեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում Հենրիետ Արենսը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը չի հաճախում դպրոց և յուրաքանչյուր երեք երեխայից մեկը չի մասնակցում համայնքի միջոցառումներին: Այս ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակներն են ստեղծել ծառայությունների շարունակական շղթա երեխայի կյանքի ողջ ընթացքի համար, ապահովել բոլոր նախակրթարանների և ընդհանուր հանրակրթական դպրոցների հասանելիությունն ու ներառական կրթության տրամադրումը, ինչպես նաև կանխել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը»:
###
Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա մասին՝
2008թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրով՝ այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքի բարելավման անհրաժեշտությունը՝ դրանով իսկ աջակցելով նրանց լիարժեք և բովանդակալից կյանք վարելուն:
«Աուտիզմ Ազգային Հիմնադրամ»-ի մասին`
2012 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Աուտիզմ Ազգային Հիմնադրամ» որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ խնամատարների և մասնագետների համար, իրագործել աուտիզմով ախտորոշված անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասին՝
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի և մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:
 Լրացուցիչ տեղեկատվության համար դիմել՝
Լիլիթ Աթաջանյան, Նարինե Վարդանյան, Աուտիզմ ազգային հիմնադրամ, + 37410 580 733, icdc.child@gmail.com, www.anf.am կամ www.autism.am

Զառա Սարգսյան, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան, + 37477 23 21 69, zsargsyan@unicef.org
UNICEF Armenia [zsargsyan@unicef.org]

Yorumlar kapatıldı.