Թուրքական բանակը օգնել է Սիրիայի ահաբեկիչներին հայաշատ Քեսաբ քաղաքի վրա մարտի 21-ին կատարած հարձակման ժամանակ: Այս մասին պնդումը հաստատվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարիի’ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության Խորհրդի ղեկավարին ուղարկած երկու նամակներով, որոնցում նա կրկին մեղադրել է Թուրքիայի կառավարությանը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված խմբավորումներին աջակցելու մեջ:
«Ահաբեկչական «Ջաբհաթ Ալ Նուսրա» եւ «Իսլամի բանակ» խմբավորումները մարտի 21-ին Թուրքիայի տարածքից ներթափանցել են Սիրիա եւ հարձակվել Քեսաբ քաղաքի վրա: Թուրքիայի բանակն օժանդակել է հարձակումներին եւ լոգիստիկ ու ռազմական օգնություն ցուցաբերել ահաբեկիչներին», – նամակում նշել է Ջաֆարին:
Ջաֆարին նամակում ընդգծել է, որ նման քայլերով Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը տարածաշրջանում, ինչով խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի բանաձեւերը եւ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները:
«Թուրքիայի իշխանությունները թույլատրում են հազարավոր ծայրահեղականներին, վարձկաններին եւ ահաբեկիչներին իր տարածքով թափանցել Սիրիա: Նրանք ահաբեկիչներին ապահովում են փողով, զենքով, ինչով խախտում են հակաահաբեկչության մասին միջազգային համաձայնագրերը եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը»,- ասվում է նամակում:
Նամակում Ջաֆարին կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ երկրներին դատապարտել Անկարայի այդ գործողությունները եւ Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում ընթացող ներքին հակամարտությանը:
Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ մարտի 21-ի առավոտյան մոտ ժամը 5-ին Սիրիայում գործող մի քանի ահաբեկչական իսլամիստական խմբավորումներ, թուրքական բանակի աջակցությամբ, հարձակվել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա, որի բնակչության մեծամասնությունը հայեր եւ ալեւիներ են: Սիրիայի բանակին հաջողվել է հետ մղել հարձակումները: Նախնական տվյալներով 11 մարդ զոհվել, 23-ն էլ վիրավորվել են: Նշվում է, որ զոհվածների մեջ հայեր չկան:
http://topnews.mediamall.am/?id=72628
Yorumlar kapatıldı.