Արդեն հինգ տարի է` Սիլվա Կապուտիկյանը մեզ հետ չէ, բայց հայրենիքում թե սփյուռքում հայությունը շարունակում է համախմբվել նրա գործի շուրջ, կազմակերպել իմաստալից, գեղեցիկ հանդիպումներ: Օրերս Քյոլնի <<Սիլվա Կապուտիկյան>> գերմանահայ կանանց միությունը հյուրընկալել էր բանաստեղծուհու անունը կրող գրական հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Արմենուհի Դեմիրճյանին, ով հանդես եկավ <<Կապուտիկյանը, սփյուռքը և արցախյան շարժումը>> թեմայով բանախոսությամբ, ցուցադրեց հետաքրքիր տեսանյութեր: Հուզիչ երեկոյից հետո դր. Համազ Ղազարյանը զրուցեց նրա հետ:
–Տիկին Դեմիրճյան, խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք` որն է սույն այցի նպատակը:
–Ես Գերմանիա եմ ժամանել մի ծրագրով, որ կարելի է անվանել <<Կապուտիկյանի հետքերով>>: Նախագծիս թեև հիմնականում հայկական շրջանակների հետ էր նախատեսվում, հովանավորվեց Հայաստանի հետ գիտակրթական ծրագրեր իրականացնող գերմանական DAAD կազմակերպության կողմից, իսկ համագործակցությունը կազմակերպեց Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Իրմելա Շնայդերը: Այցիս բուն նպատակը հայրենիք–սփյուռք կապերը ըստ Կապուտիկյանի վերարծարծելը ու նաև Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարանը արժանվույնս ներկայացնելն է, թանգարանի զարգացման համար հեռանկարներ որոնելը:
–Կարելի± Է ենթադրել, որ Ձեր աշխատանքի հիմքում Դուք դնում եք Սիլվա Կապուտիկյանի ուղեգրությունները:
–Այո, ճիշտ եք գուշակում: Ընդհանրապես, հայրենիք–սփյուռք կապը և սփյուռքի վերազարթոնքը դժվար է պատկերացնել առանց Կապուտիկյանի ուղեգրությունների: Նա քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող մեր այն գրող–գործիչներից էր, որ կռահեց ապագան ճիշտ շարունակելու, հայոց մասնատված հատվածները միմյանց կապելու անհրաժեշտությունը և կամավոր դարձավ դեպի սփյուռքի գաղութներ թևածող այն ծիծեռնակը, որ շյուղ առ շյուղ հավաքեց, Հայաստան բերեց սփյուռքահայ կյանքի պատմությունը, կամուրջ կապեց հայության երկու հատվածների միջև: Ժամանակն է գնահատել բանաստեղծուհու մեծ վաստակը և շարունակել նրա սկսած գործը, որովհետև սփյուռքը անընդհատ փոփոխվող ու շարժուն մարմին է, իսկ թանգարանը հայոց սրբատեղիների շարքում մի նորաբաց օղակ է, որ կարող է դառնալ հայոց մեծ երազանքն իրականացնող` հայությանը համախմբող պտուտակներից մեկը:
-2008 թ. բացված այս թանգարանը հիմնադրվեց հենց այն տանը, որտեղ կյանքի վերջին երեսուն տարիներն ապրեց ու արարեց բանաստեղծուհին: Ժամանակին պատշգամբ դուրս գալիս նա սիրում էր կատակով ասել. <<Տեսնո±ւմ եք ինչ հոգատարությամբ եմ շրջապատված. դիմացից Ազգային ժոողովն է, ձախից`Գիտությունների ակադեմիան, իսկ աջից`Նախագահի նստավայրը>>: Այսպիսի միջավայրում` երևանյան նոր ժամանակների հևքն իր մեջ կրող այս օազիսում, մարդ ակամայից սուրբ երկյուղածությամբ է համակվում, որովհետև հայությամբ ապրել–շնչելու մի անիմանալի դող, վարակիչ մի հոսանք է անցնում յուրաքանչյուրի մարմնով: Արդյոք դա նկարներից ճառագող նրա մայրական աչքերի հոգատար արտահայտությունի±ց է, պատերին թողած նրա ձեռքերի հետքերի±ց, տանը թևածող նրա հոգո±ւց… Անշուշտ, բոլորը միասին, որովհետև սա պարզապես կոչվում է Կապուտիկյանի հարկ: Թանգարանի տնօրեն Ռաֆլետա Հաջյանը` բանաստեղծուհու զարմուհին, առանց հուզմունքի չի կարողանում հիշել, թե երկրային կյանքին հրաժեշտ տալուց առաջ ի~նչ հոգատարությամբ էր նա դասավորում սփյուռքի տարբեր գաղութներից, Ղարաբաղից, ընդհանրապես աշխարհի տարբեր անկյուններից ստացած հուշանվերները, մտորում գալիքի մասին, որն ինքը, ավաղ, այլևս չէր տեսնելու: Այսօր առանց վարանելու կարող ենք ասել, որ տուն–թանգարանը կատարում է այն նույն աշխատանքը, որ կյանքի օրոք անհատնում սիրով իրագործում էր բանաստեղծուհին:
–Ո±րն է հիմնադրամի դերը: Պետք է ենթադրել, որ դուք խիստ համագործակցված եք աշխատում:
–Միանգամայն ճիշտ է: Մենք գործում ենք միևնույն հարկի տակ, և նպատակները մեծ մասամբ նույնն են: Թանգարանային ցուցադրությունը կազմակերպելուց զատ խնդիր ենք դրել վերահրատարակել բանաստեղծուհու գրական ժառանգությունը, տպագրել հուշեր և գիտական ժողովածուներ: Արդեն իսկ հրատարակել ենք հուշերի առաջին գիրքը, գիտական մեկ ժողովածու և մի քառահատորյակ, որում ամփոփել ենք Կապուտիկյանի լավագույն բանաստեղծությունները: Թողարկել ենք նաև նրա խոսքերով գրված լավագույն երգերի երկու ձայնասկավառակ: Այժմ նպատակ ունենք գեղեցիկ նկրազարդումներով հրատարակել մանկական բանաստեղծությունները, ապա նաև` տարբեր լեզուներով մի առանձին ընտրանի, որը խիստ ցանկալի է`բանաստեղծուհու վաստակը միջազգային հանրությանը պարզելու տեսակետից: Օրվա թելադրանքով`մենք պիտի շտապենք հայոց բարձր բանաստեղծությունը ներկայացնել համայն մոլորակի բնակչությանը, որի իրականացման մեջ, կարծում ենք, մեծ պիտի լինի նաև սփյուռքի աջակցությունը:
–Ի±նչ կասեք գերմանահայ համայնքից ստացած Ձեր տպավորությունների մասին:
–Ուղևորությանս ընթացքում ես հասցրի ծանոթանալ Քյոլնի, Մայնի Ֆրանկֆուրտի և Բեռլինի հայությանը, եղա նաև Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Ուրախացնողն այն է, որ վերջին հարյուր տարվա գիտական և մշակութային ձեռքբերումները դարձյալ ընթացքի մեջ են, և կան ուժեր, որոնք կայուն զարգացում են ուզում ապահովել վաղվա համար: Կարևորագույններից են Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը /Ազատ Օրդուխանյանի ղեկավարությամբ/, Բոխումի Ռուր համալսարանում գործող սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտը /Միհրան Դաբաղի տնօրինությամբ /, Հալեի համալսարանում բացված <<Մեսրոպ>> հայագիտական կենտրոնը /Արմենուհի Դրոստ–Աբգարյանի գլխավորությամբ/, Գերմանիայի հայ գործարարների միությունը /Մուրադ Աքյուզի տնօրինությամբ/, Պոտսդամում գործող Լեյփսիուսի գիտահետազոտական տուն–թանգարանը, Հայ ակադեմիականների միությունը, որն, ի դեպ, մեծ առաքելություն է ստանձնել Հայաստանում հիմնելու օտարալեզու գրքերի գրադարան, որում ցանկալի կլիներ տեսնել նաև Կապուտիկյանին վերաբերող բոլոր նյութերը:
Առօրյա դժվարություններից, թերևս, ամենաբարդը Թուրքիայից եկած թրքախոս սերնդի լեզվական խնդիրն է, որի հաղթահարման հոգսը ստանձնել է ինչպես եկեղեցին`արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ, այնպես էլ այլ միություններ: Մշակութային լուրջ աշխատանք է տանում նաև <<Սիլվա Կապուտիկյան>> գերմանահայ կանանց միությունը /Այլին Խաչատրյանի ատենապետությամբ/, որտեղ հիմնականում ընդգրկված են պարսկահայ ու հայաստանյան ուժեր և ամեն ինչ անում են, որ ասմունքի, երգ–երաժշտության, թատերական ներկայացումների միջոցով գործուն պահեն հայկական միջավայրը:
–Ի±նչ կուզենայիք մաղթել մնացողներին:
–Մեկ բառով`լավատեսություն, իսկ ավելի ընդարձակ` անխոնջ աշխատելու, շատ ավելի մեծ ծրագրեր իրականացնելու ուժ ու եռանդ: Սա, իհարկե, միակողմանի հնարավոր չէ: Մենք մեր երազանքներին կհասնենք հայրենիք–համայնք կապերի բոլոր լծակներն աշխատացնելով, մեզ ձեռք մեկնող երկրների ու կազմակերպությունների հետ առավել արդյունավետ համագործակցելով: Դրա լուծման բանալիները տվել է նաև հայոց սփյուռքի հետ հասակ առած, նրա խնդիրները լավ իմացող Կապուտիկյանը`ամենայն հայոց բանաստեղծուհին: Նրա գործերը միշտ էլ կխանդավառեն մեզ և կստիպեն ապրել բաց աչքով, գնալ դեպի հաղթանակներ:
Հարցազրույզը վարեց
Գերմանահայոց կեդրոնական խորհրդի փոխնախագահ
ՀԱՄԱԶ ՂԱԶԱՐՅԱՆԸ
Yorumlar kapatıldı.