İçeriğe geçmek için "Enter"a basın

Ի՞նչ կռիվ է շվեյցարահայերի ու Էջմիածնի միջև. կաթողիկոսը ուզում է իշխել սփյուռքին

«Իմ դեմ դուրս եկողին ծունկի կբերեմ»` սա է եղել Էջմիածնի պատասխանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ բացատրելու նրան, որ ծուխը (համայնքը) թեմի չի ուզում վերածվել: Այսպես պատմում են ինձ վրդովված շվեյացարահայ համայնքի ներկայացուցիչները:

Կռիվը հայտնի է. Շվեյցարիայի համայնքը չի ուզում թեմի վերածվել, պնդում է, որ համայնքի հոգևոր հովիվը պետք է մնա Աբել քահանա Մանուկյանը, իսկ Էջմիածինը համայնքին ստիպում է թեմի վերածվել, Աբելին կարգալույծ է անում, ու թեմի առաջնորդ նշանակում Մեսրոպ վարդապետ Պարսամյանին: Սակայն համայնքը ընդվզում է ու թույլ չի տալիս Մեսրոպին մուտք գործել Ժնևի ս. Հակոբ եկեղեցի:
Սփյուռքում սկսվել է ստորագրահավաք` ընդդեմ Էջմիածնի պարտադրանքի, ուր ասվում է. «Մենք դատապարտում ենք որևէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու «հայրապետական տնօրինումը»` համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում»:
Ինչպե՞ս Շվեյցարիայի համայնքը «դարձավ» թեմ
Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հունիսի 6-ին մամուլի ասուլիսում հայտարարեց, թե 1992թ. Շվեյցարիայի ծխական համայքների ներկայացուցիչները նամակով դիմել են կաթողիկոսին, և կաթողիկոսական հատուկ կոնդակով ստեղծվել է Շվեյցարիայի թեմը: Իսկ Աբել քահանան դեռ այն ժամանակվանից`1994-ից, երբ դարձել է Ժնևի հայության հովիվ, անհնազանդ է եղել Էջմիածնի նկատմամբ»:
Հետո բացատրում է, թե ամեն դեպքում ինչու ծուխը թեմ չդարձավ. «Բայց Շվեյցարիայի թեմի ձեւավորումից հետո, 1993 թվականին, որոշ անձիք ինչինչ նկատառումներից ելնելով հրաժարվել են թեմի գաղափարը ընդունելուց եւ սկսում են առաջնորդվել 1985 թվականի ծխական կանոնադրությամբ: 1994 թվականին Տեր Աբել քահանան, որ մինչ այդ պաշտոնավարում էր Կանադայում, առանց կաթողիկոսի հավանության, առանց առաջնորդի գիտության, ժամանում է Շվեյցարիայի թեմ»:
Ուրեմն, ի՞նչ է եղել իրականում.
1982թ. շվեյցարահայ համայնքի հոգևոր հովիվը Վիգեն վարդապետ Հայկազյանն էր: Վիգենը երկու բան էր ուզում` դառնալ եպիսկոպոս և միաժամանակ մնալ Շվեյցարիայում: Բայց հնարավոր չէր այդ երկուսը համատեղել, քանի որ Շվեյցարիայում  ծխական համայք էր, իսկ ծխի հոգևոր հովիվը չի կարող եպիսկոպոս ձեռնադրվել: Դա հնարավոր կլիներ մի դեպքում` եթե ծուխը թեմ դառնար: Բայց թեմի համար եկեղեցին անհրաժեշտ հետևորդների քանակ չունի, ամբողջ Շվեյցարիայում 3000 հայ է բնակվում, մի գյուղի չափ, համայնքին էլ կապված է, քարը տրաքի, 1500 հոգի, հայերի մի մասն էլ բողոքական են ու կաթոլիկ, կամ եկեղեցուց հեռու մարդիկ: Ամենաշատ հայ բնակվում է Ժնևում` 600 հոգի:
Բայց Վիգենի ամբիցիաների համար իրականությունը խոչընդոտ չէր. թիվ ա, կփոխես, 3000 է, թղթի վրա տասը անգամ մեծացրու, տուր Էջմիածին, թող ծուխը թեմ դարձնեն, կաթողիկոսն էլ մեծ մարդ է, հո չի ստուգելու: Ու Վիգենը համայնքի անունից կեղծ նամակ է պատրաստում, որտեղ գրում է, թե շվեյցարահայ համայնքը մեծացել է, դարձել է 25 հազար, և ուզում է դառնալ թեմ: Դասավորում է, որ նամակի տակ մի քանի շվեյցարահայեր ստորագրեն: Վազգեն Կաթողիկոսն էլ ծեր, իրոք չի ստուգում, թե մի քանի տարում ինչպե՞ս այդպես աճեց համայնքը, ու կոնդակով Շվեյցարիայում թեմ է ստեղծում:
Բայց թեմը մեռելածին է լինում: Հենց թեմի ստեղծման մասին լուրը տարածվում է, Շվեյցարիայի համայնքը ապստամբում է Էջմիածնի դեմ, ի՞նչ թեմ, 3000-անոց համայնքի ծախսերը ինչո՞ւ տասը անգամ ավելանան, ինչ է թե մեկը ուզել է եպիսկոպոս դառնալ: Աղմուկ է բարձրացնում, համայնքը մերժում է թեմ ունենալու գաղափարը, իսկ Վիգենին քշում երկրից: Բայց Վիգենը արանքում հասցնում է ձեռնադրվել եպիսկոպոս : Այ թե որոնք են Արշակ սրբազանի ասած. «ինչինչ պատճառները»:
Շվեյցարհայերն էլ անհովիվ մնալով Կանադայից հրավիրում են Աբել վարդապետ Մանուկյանին ու ընտրում իրենց հոգևոր հովիվ: Աբելը ամուսնանում է, դառնում քահանա: Համայնքի եկեղեցական խնդիրները լուծվեցին, խաղաղություն տիրեց: Աբելի մասին շվեյցարահայերից ում հարցնես, կասեն` «Լավ հայր է, լավ ամուսին, լավ հոգևորական»: Այս գովեստները արվում են նաև ի հակադրություն Վիգենի, որի աշխարհիկ կյանքի մասին անեկդոտներ են պտտվում:
Այս ընթացքում Էջմիածինը Շվեյցարիայում թեմ ստեղծելու մի քանի փորձեր է անում, բայց` ապարդյուն, բախվում է համայնքի դիմադրությանը: Ու որ Արշակ եպիսկոպոսը հայտարարում է, թե Աբելը ոչ թե վերջերս է անհնազանդ դառել, այլ դեռ 1994 թվից, մեղմ ասած, ճիշտ չի ասում, քանի որ անհնազանդը, ինչպես տեսանք, ոչ թե Աբելն է, այլ համայնքը, Աբելը չլիներ էլ, մեկ է, համայնքը չէր ընդունելու Էջմիածնի պարտադրանքը, ինչպես հիմա, Աբելը կարգալույծ է եղել, բայց նշանակովի թեմի առաջնորդը եկեղեցի չի կարում մտնի: Բայց հո չի՞ կարա ամբողջ համայնքին` 3000 հոգու մեղադրել, թե չեն ուզում իրանց վրա թեմ պարտադրվի, մեկին պիտի մեղադրի՞, ո՞ւմ, իհարկե Աբելին` եկեղեցու սպասավորին, ով ոչ թե հայրապետի, այլ իր ծխի կողքն է կանգնել, ու Արշակ սրբազանը փորձում է  վարկաբեկել նրան. «Իմ իմացած բոլոր կոնֆլիկտները մի պատճառ են ունենում. մարդիկ որոշ նյութական շահագրգռվածություն ունեն եւ չեն ուզում հրաժարվել դրանցից: Աբել քահանան իր ծառայության դիմաց ստանում է 8 հազար ֆրանկ աշխատավարձ, եւ, ըստ երեւույթին, չափազանց դժվար է  հրաժարվել նման գայթակղիչ մի գումարից»:
Աշխատավարձը տալիս է համայնքը, չուզեր Աբելին, ուրիշին կընտրեր, նրան կտար աշխատավարձ: Համ էլ, հո զոռով չի՞, համայնքը չի ուզում վճարել թեմի առաջնորդին ու նրա հետ նաև թեմական հոգևորականներին աշխատավարձ, ինչքան էլ կաթողիկոսը ստիպի:
Բայց հետաքրքիրն այն է, որ հենց մի կոնֆլիկտ եղավ հոգևորականի հետ, եկեղեցին սկսեց խոսել փողից, այդ դեպքում, խնդրեմ, ներկայացրեք ամբողջ ցուցակը, յուրաքանչյուր հոգևորականի իրական եկամուտները, բանկային հաշիվները` կաթողիկոսից ու եպիսկոպոսներից մինչև սարկավագ:
Ի՞նչն է ստիպում կաթողիկոսին փոքրիկ համայնքին թեմ պարտարդել, եթե ոչ անձնական շահը:
Եթե ազգային շահերով ու հոգևոր պահանջմունքով հետաքրքրվեր, թեմ կբացեր Աբխազիայի 50 հազարանոց համայնքում: Բայց չէ, ծուխ էլ չի բացում, մի տերտեր էլ չի ուղարկում: Աբխազիայի համայքնը 1999թ. նոյեմբերի 15-ին նամակով խնդրել էր կաթողիկոսին, որ գոնե Գագրայում եկեղեցի հիմնեն, բայց մերժում էր ստացել, Էջմիածնից Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը նամակով պատասխանել էր, թե Վրաստանի հայկական թեմին դիմեք: Իսկ աբխազահայերը ասում են, թե իրենց համար Վրաստան դիմելը նույնն է, թե ղարաբաղցիները Բաքու դիմեն, դա նշանակում է` ընդունել Վրաստանի գերիշխանությունը (այդ մասին այստեղ): Բայց որ ավետարանականները հանկարծ Աբխազիայում համայնք ստեղծեն, կխառնվեն իրար: Էն էլ չեն անում, գոնե Անթիլիասը ֆայմեր եկեղեցի բացեր, հովիվ ուղարկեր:
Իսկ Շվեյցարիան յուղոտ պատառ է Էջմիածնի համար, ճիշտ է, համայնքը փոքր է, բայց փողը շատ, հայերը հարուստ: Նաև Ժնևում են ՄԱԿի գլխավոր գրասենյակները, էկումենիկ շարժման, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնները, ու Շվեյցարիայում թեմի մակարդակով ներկայությունը` եպիսկոպոսով, աբեղաներով, Գարեգին կաթողիկոսի քաշը կավելացնի: Ահա թե ինչու հանգած հակամարտությանը նա կրկին բորբոքեց:
Համայնքը, ինչպես առաջ, հիմա էլ չի ուզում թեմ պահել, և համայնքի խորհուրդը կրկին մերժում է թեմ ստեղծելու գաղափարը, բայց հարգելով կաթողիկոսական գահը փետրվարին պատվիրակություն  ուղաարկեց Էջմիածին ու ստացավ այդ բացասական պատասխանը` «ծնկի կբերեմ»:
Համայնքի եկեղեցական խորհրդի նոր ժողով է գումարվում, կաթողիկոսի խաթեր կրկին քվեարկության դրվեցին թեմի ու Աբելի հովիվ մնալու հարցերը: 98 տոկոսը դեմ արտահայտվեց թեմ ստեղծելուն ու նույնքան էլ կողմ, որ Աբելը շարունակի հովվությունը:
Համայնքի որոշումը կաթողիկոսը բանի տեղ չի դնում ու մարտին նշանակում է Շվեյցարիայի թեմի առաջնորդ ու հոգևոր հովիվ Մեսրոպ վարդապետին եւ ապրիլին ուղարկում Ժնև: Նաև մի խորամանկ քայլ է անում,  նրա հետ Ժնև է ուղարկում ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանին, ով Աբելի մանկության ընկերն է, միասին են սովորել Դպրեվանքում, և ով կարող էր Աբելի վրա ազդեցություն ունենալ:
Շվեյցարիայի համայնքը Ժնևի եկեղեցու դուռը փակում է ու թույլ չի տալիս զույգ հոգևորականներին մտնել ներս ու բարի ճանապարհ է մաղթում:
Այ սրանից հետո սկզբում կաթողիկոսը Աբելին կանխակայում է, հետո էլ հունիսի մեկին կարգալույծ անում, իսկ երկու օր անց Աբելը նրան պատասխանում է. «Ոչ Ձեզանից կարգ ստանալն է պատիվ, ոչ էլ կարգալույծ լինելը՝ անպատվություն։ Դուք կարծում եք՝ կարգալույծ անելը Ձեր զորությունն է, մինչդեռ դա Ձեր ամենամեծ տկարությունն է։ Նկատի ունենալով, որ կարգալույծ անելու սույն տնօրինումը եկեղեցական, վարդապետական, ծիսական, կանոնական և կարգապահական ոչ մեկ հիմք չունի, այլ արդյունքն է ընդամենը կաթողիկոսին վստահված իշխանության չարաշահմանը, կարգալուծման սույն որոշումը համարում եմ անարդար, անընդունելի և ապօրինի»:
Հիմա համայնքը անհովիվ է մնացել, Աբելը կարգալույծ է, չի կարող շարունակել ծառայությունը, ու եկեղեցական արարողությունները սարկավագն է անում:
Բայց դեռ ամեն ինչ ավարտված չի. Մեսրոպ վարդապետը Ժնևում է ու նույնիսկ Շվեյցարիայի թեմի էջ է բացել ֆեյսբուքում(այստեղ): Էջմիածինը իր բոլոր կապերով փորձում է նրան պարտադրել համայնքին, նրան աջակցում են երկու մեծահարուստ շվեյցարահայ կողմնակիցներ` Վարդան Սրմաքեշը ու Արտեմ Շելեֆյանը: Սրմաքեշի ժամացույցի ֆիրմայում են աշխատում բազմաթիվ հայեր, ովքեր իրենց գործատուի խաթեր կարող է ընդունեն թեմի առաջնորդին: Նաև փորձում է ազդել համայնքի այն հեղինակավոր հայերի վրա, ովքեր դեմ են թեմին:
Կաթողիկոսի նոր կանոնագիրը, դեմոկրատիայի ավարտը համայնքներում
Մինչև վերջերս հայկական համայնքները գործում էին յուրաքանչյուրը իր կանոնադրությամբ, դեմոկրատական կառույցներ էին, համայնքն էր ընտրում հոգևոր հովվին, որին հետո հաստատում էր Էջմիածինը: Նաև, հոգևոր հովիվը զբաղվում էր միայն հոգևոր հարցերով, պատարագ, կնունք, ծնունդ, ու չէր խառնվում համայնքի կազմակերպչական ու ֆինանսական խնդիրներին: Մի խոսքով, համայնքը Էջմիածնից անկախ, դեկմոկրատական կառույց էր ու իր խնդիրները լուծում էր ինքնուրույն: Բնականաբար սա դուր չի գալիս մեծ ախորժակներ ունեցող Գարեգին կաթողիկոսին, ցանկանում է իշխանություն հաստատել բոլոր համայնքների վրա, իր կամքը պարտադրել նրանց ու 2009-ին ստեղծում է «Ուղենիշ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմական կանոնդրության», որով համայնքները (ծուխ, թեմ) զրկվում են ինքնուրույնությունից ու ինքնակառավարումից.
Ըստ կանոնադրության` այլևս համայնքը առաջվա պես չի կարող ընտրել հովիվ, հոդված 3.3-ով. «Հոգևոր հովիվը նշանակվում և ազատվում է թեմական առաջնորդի կողմից թեմական և ծխական խորհուրդների հետ խորհրդակցելով»,  ու նա առաջվա պես միայն պատարագ մատուցող, կնունք ու պսակ անողը չի, այլ ծխի ղեկավարը` հոդված 3.4-ով. «Հոգևոր հովիվը նախագահն է ծխական բոլոր կառույցների ի բացառյալ վերստուգիչ հանձնաժողովի»,  այսինքն` «Ընդհանուր անդամական ժողովի նախագահը հոգևոր հովիվն է», «Ծխական խորհուրդը ծուխի գործադիր մարմինն է հոգևոր հովվի նախագահությամբ», այսինքն` համայնքը ղեկավար ընտրելու հնարավորությունից զրկվում է, հոգևոր հովիվն է ղեկավարը, նա թագավորական լայն իշխանությամբ օժտված մեկն է, ում ձեռքում են կենտրոնացած և՛ գործադիր, և՛ օրենսդիր մարմինները: Ահա ինչ նկատի ունի Արշակ եպիսկոպոսը` շվեյցարահայ համայնքին մեղադրելով, թե նա «սկսում է առաջնորդվել 1985 թվականի ծխական կանոնադրությամբ», այսինքն` չի ենթարկվում նոր կանոնադրությանը, ինքն է ուզում որոշել, թե ով լինի իր հովիվը:
Կանոնադրությամբ նույնն է նաև թեմի առաջնորդը թեմում, նա էլ բոլոր մարմինների ղեկավարն է. «Առաջնորդը նախագահն է թեմական բոլոր կառույցների ի բացառյալ վերստուգիչ հանձնաժողովի»: Այսպիսով, հոգևորականները թեմի առաջնորդ ու ծխի հովիվ լինելուց բացի նաև նախագահներ են` պրեզիդենտներ, բյուջեները նրանց ձեռքն են:
Միայն  թեմերին մի փոքր ազատություն է թողնված թեմի առաջնորդ ընտրելու հարցում. հոդված 8.2-ով` «Թեմի առաջնորդը ընտրվում է թեմական Խորհրդի կողմից ներկայացված և ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված եռանուն ցանկից», հոդված 8.3-ով  «առաջնոդի ընտրությունը կատարվում է ԹՊԺում և հաստատվում ամենայն հայոց կաթողիկոսի կողմից»: Սակայն սա ոչ բոլոր թեմերին է վերաբերում, իր կամքը մի փոքր դժվար կլինի պարտադրել միանգամից բոլոր թեմերին, դրա համար կանոնադրության մեջ այսպիսի կետ կա. «8.2 և 8.3 կետերը գործում են բացառապես առաջնորդի ընտրության ավանդույթ ունեցող թեմերում, այլապես առաջնորդը նշանակվում է ամենայն հայոց կաթողիկոսի կողմից»:
Այսինքն, եթե Շվեյցարիայում ի վերջո կարողանա թեմ պարտադրել, ապա թեմի առաջնորդին միանձնյա նշանակում է  կաթողիկոսը:
Կանոնադրությունը վրդովեցրել է ոչ միայն Շվեյցարիայի, այլև Բելգիայի և Ֆրանսիայի համայնքներին:
Սփյուռքը Հայաստան չի, որ Էջմիածինը ինչ ուզի` անցկացնի. կառավարությունը թիկունք, առաքելականի նվիրյալներն էլ զգոն, որ հենց եկեղեցու ու հոգևորականի քննադատություն տեսնեն, վրա տան (ենթադրություն կա, թե կանոնադրության մեջ Հայաստանի իշխանության մատն է խառը, դրանով փորձելով Էջիմածնի միջոցով Սփյուռքի վրա իշխանություն հաստատել):
Սփյուռքի վրա չես կարա ամբոխ ու կառավարություն ուղարկես ազատ երկրներում, ու կաթողիկոսի միահեծան իշխանություն հաստատելու, Սփյուռքի կառավարումն իր ձեռքն առնելու և Աբել քահանային կարգալույծ անելու դեմ շվեյցարահայության նախաձեռնությամբ Սփյուռքում  սկսվել է կաթողիկոսին ուղղված նամակի ստորագրահավաք, որի տեքստն ամբողջությամբ մեջբերում եմ.
Ամփոփագիր
Մենք, ներքոստորագրյալներս, կոչ ենք անում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին՝ հետ  կանգնել իր ներկայիս քաղաքականությունից, այն է` տեղական եկեղեցիների վերահսկման կենտրոնացում եւ դրանց առնչվող հարցերի վերաբերյալ միակողմանի որոշումների ընդունումը: Մենք խնդրում ենք վերադառնալ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ավանդական ժողովրդավարական սկզբունքների վերականգնմանն ու պահպանմանը: Այս պահանջը ներառում է հոգեւոր խնդիրների (հոգևորականների պատասխանատվության ոլորտ) եւ կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրների (աշխարհականների կողմից կառավարելիք խնդիրներ) տարանջատման սկզբունքի նկատմամբ հարգանքի վերահավաստումը, մեր բոլոր համայնքների հետ, ինչպես նաեւ այդ համայնքների ու դրանց անդամ բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության սովորույթի հաստատումը. եւս մեր հավատացյալների ցանկությունը հաշվի առնելը՝ ընտրելու սեփական եկեղեցական կարգավիճակը եւ հոգեւոր հովվին:
Բաց խնդրագիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բին
2011 թվականի հունիսի 3-ին Շվեյցարիայի հայ համայնքն Էջմիածնի կայքէջից տեղեկացավ, որ Տ. Աբել քհն.Մանուկյանը՝ անցած 16 տարիների իր հարգելի (եւ միակ օրինական) հոգևոր հովիվը, Ձեր կողմից կարգալույծ է արվել «կարգազանց ընթացքի» համար, այն է.
•«Շվեյցարիայում հաստատված կանոնական թեմի իրողությունը մերժելու.
 Նշանակված առաջնորդական տեղապահի և Ժնևի Ս. Յակոբ եկեղեցու հովվի հանգամանքը չճանաչելու,
 Մայր Աթոռ ներկայանալու Հայրապետական հրահանգները չկատարելու համար»:
Մենք, ներքոստորագրյալներս, ներկայացնելով Շվեյցարիայի Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ անդամների մեծամասնությանը, ինչպես նաեւ` եկեղեցական այլ համայնքների անդամներին եւ համայն հայությանը՝ անկախ մասնագիտական կամ քաղաքացիական պատկանելությունից, հայտարարում ենք հետեւյալը.
Մենք դատապարտում ենք որևէ քահանայի վերոհիշյալ (անհիմն) հիմքերով կարգալույծ անելու «հայրապետական տնօրինումը»՝ համարելով այն անընդունելի եւ չարդարացված, քանի որ մեր համընդհանուր կանոնական օրենքներից ու ավանդույթներից բխող որեւէ ապացույց կամ հիմք առ այն չենք տեսնում: Հետևաբար, ինչ վերաբերում է շվեյցարահայ համայնքին, մենք կցանկանայինք, որ նա շարունակեր Շվեյցարիայում քահանայի պաշտոնակատարի իր ծառայությունը, այդ մասին որոշումը թողնելով եկեղեցական համայնքին:
Մենք հայտարարում ենք, որ Շվեյցարիան միակողմանիորեն թեմ հռչակելը եւ այն պարտադրելը հակասում է Շվեյցարիայում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հավատացյալների մեծամասնության բացահայտ կամքին: Սա ընդունելի չէ: Մենք հիշեցնում ենք, որ Շվեյցարիայում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ընդհանուր Ժողովը երբևէ չի հաստատել Շվեյցարիայի թեմը:
Հիշեցնում ենք Վեհափառ Հայրապետին, որ քահանան կամ եկեղեցական խուրհուրդը չեն, որ մերժում կամ ճանաչում են թեմը. վերջինիս խնդիրը քննարկելը, այն ընդունելն ու դրան օժանդակելը հայ եկեղեցական համայնքների լիարժեք իրավասության խնդիր է:
Մեզ համար Սբ. Էջմիածինը կարեւոր եւ պատկառելի հոգեւոր կենտրոն է, որին մենք եղել և շարունակելու ենք մնալ կապված: Մենք այդպիսով լիարժեքորեն զորավիգ ենք Սբ. Էջմիածնին, իբրեւ հաստատություն, եթե այն կառավարվում է թափանցիկորեն, եւ հարգանքով առ նրանց, ում ծառայում է:
Մենք եզրակացնում ենք, որ ներկայիս իրավիճակն ու մթնոլորտը տանում են մեր համայնքների բաժանման և ապակայունացման, ինչը սոսկ փոքր մի խմբի է ծառայում՝ բացասաբար ազդելով մեր ժողովրդի միասնականություն վրա:
Մենք հավատարիմ ենք մնում մեր առաքելական եկեղեցու հիմքում ընկած ավանդական ժողովրդավարական սկզբունքներին, ինչպես սահմանված է դեռեւս 5-րդ դարում գումարված առաջին Ազգային եկեղեցական ժողովներում, հարգում ենք քրիստոնեական արժեքներն ու վարքագիծը, եւ որոշում ենք մեր տեսակետները բացահայտ ու հրապարակային կերպով արտահայտել:
Մենք խնդրում ենք Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին.
1.ընդառաջել մեր հավատացյալների ցանկությանը՝ ընտրելու իրենց հոգևոր հովվին.
 2.պահպանել մեր ավանդական իրավունքներն ու ժողովրդավարական սկզբունքները` հոգևոր խնդիրները (հոգեւորականության պատասխանատվության ոլորտ) տարանջատելով կառուցվածքային, ֆինանսական, վարչական ու իրավական խնդիրներից (աշխարհիկ անդամների կողմից կառավարելիք հարցեր).
 3.հետ շրջել իր ներկա քաղաքականությունն ու ուղղել ռազմավարությունը՝ հանուն հայ համայնքներում և դրանց բոլոր հավատացյալների միջեւ կառուցողական երկխոսության հաստատման, խնդրում ենք կենտրոնանալ հոգևոր և կրոնական խնդիրների վրա, և հանձնառություն՝ դառնալու մեր համայնքները միավորող դրական ուժ, այլ ոչ թե գործել որպես կազմալուծման ու պառակտման գործոն:
Մենք ամուր ենք մեր հավաքական վճռականության մեջ` օժանդակելու Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում ժողովրդավարության եւ թափանցիկության սկզբունքների ամրապնդմանը:
Մենք, ներքոստորագրյալներս, համաձայն եւ զորավիգ ենք այս խնդրագրին և հրավիրում ենք համայն աշխարհի մեր հայրենակիցներին միանալ մեզ:
Ստորագրահավաքի կայքը այստեղ
Վահան Իշխանյան

Yorumlar kapatıldı.