Այն, որ Հայաստանն աստիճանաբար ներքաշվում է հակառուսական պատժամիջոցների շղթայի մեջ և միանում Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի ու Միացյալ Նահանգների կողմից պարտադրվող սահմանափակումներին, այլևս իրողություն է։ Դրա առաջին արձագանքը դարձավ ռուսական «Միր» վճարային համակարգից Հայաստանի բանկային համակարգի անջատումը։
Հայտնի է, որ հայաստանյան բանկերը, բացառությամբ մեկից, հայտարարել են մարտի 30-ից այդ համակարգի սպասարկումը դադարեցնելու մասին։
Սա լինելու է Հայաստանի առաջին ուղղակի մասնակցությունը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, որը, անշուշտ, անհետևանք չի մնա մեր ֆինանսական համակարգի ու ընդհանրապես տնտեսության համար։ Բայց ամեն ինչ կարծես դրանով չի սահմանափակվում։
Սպասվում է, որ Հայաստանի ներգրավվածությունը հակառուսական պատժամիջոցներին աստիճանաբար կընդլայնվի։ Դա կլինի հարկադրվա՞ծ, թե՞ կամավոր, միևնույն է, հետևանքները ծանր են լինելու։
Դժվար է ասել՝ այս ամենի հետ որքան ուղղակի առնչություն ունի, բայց վերջին շրջանում ակտիվացել են ռուսական տնտեսական կապիտալի՝ Հայաստանից դուրս գալու խոսակցությունները։ Խոսվում է մասնավորապես հայտնի խոշոր ձեռնարկություններից մեկը դեմոնտաժելու և տեղափոխելու մասին։
Խոսքը փայլաթիթեղի արտադրությամբ համաշխարհային շուկայում հայտնի ձեռնարկության՝ «Արմենալի» մասին է, որի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է։
Այն լիարժեք ռուսական կապիտալով ընկերություն է, որը տասնյակ տարիներ հաջողությամբ գործել է Հայաստանում։ Բայց հիմա ընկերության սեփականատերը՝ դատելով տարածված տեղեկություններից, մտադիր է գործարանի սարքավորումներն ապամոնտաժել և տեղափոխել։
Արդյո՞ք դա նշանակում է, որ ռուսական տնտեսական կապիտալը մտավախություններ ունի ու այլևս անվտանգ չի զգում իրեն Հայաստանում։
Ընկերության շուրջ պտտվող խոսակցություններն այս հարցի պատասխանը դեռևս չեն տալիս։ Բայց դժվար է չհասկանալ, որ նման մտադրությունները կարող են ուղղակիորեն կապված լինել հնարավոր պատժամիջոցների հետ։
Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչ կա թաքնված այս ամենի տակ, դա չափազանց վատ ազդակ է Հայաստանի տնտեսության համար։ Ոչ այնքան՝ նույնիսկ այն պատճառով, որ մի քանի հարյուր մարդ կկորցնի իր աշխատանքն ու աշխատավարձ ստանալու հնարավորությունը, տնտեսությունը կզրկվի բավական լուրջ արտադրական ու արտահանման հզորությունից, այլ այն պատճառով, որ դա ուղղակի ազդեցություն կունենա երկրի տնտեսական միջավայրի վրա։
Հատկապես որ, մինչ այդ էլ դրսի կապիտալի համար մտահոգիչ երևույթների պակաս Հայաստանի տնտեսության մեջ ու ֆինանսական համակարգում չկար։
Ինչպես հայտնի է, տարեսկզբին շուրջ երեք տասնամյակ հաջողությամբ գործելուց հետո, հայաստանյան ակտիվները վաճառելու ու հեռանալու մասին հայտարարեց բրիտանական հեղինակավոր HSBC բանկը։ Դրա համար որքան էլ բազմաթիվ պատճառաբանություններ ու հիմնավորումներ բերվեցին, փաստն այն է, որ խոշորագույն միջազգային բանկի հեռանալը չէր կարող բխել Հայաստանի տնտեսության շահերից։ Այնպես, ինչպես չի կարող բխել «Արմենալի» նման ընկերության դեմոնտաժումը։
Այդպիսի երևույթները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս։ Դրանք չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության նկատմամբ օտարերկրյա ներդրողների վստահության վրա։ Այդ վստահությունն առանց այդ էլ չափազանց ցածր է։ Վերջին տարիներին ավելի է վտացել այնպիսի գործողությունների հետևանքով, որոնք ոչ մի նորմալ տրամաբանության մեջ չեն կարող տեղավորվել։ Դրա համար պատճառները բազմաթիվ են՝ տնտեսական իրավիճակով սկսած, անվտանգային խնդիրներով ու ներդրումների պաշտպանությամբ ավարտված։ Միայն այն, որ օտարերկրյա ներդրողը Հայաստանում կարող է բախվել այլ երկրից ստացվող ուղղակի ռազմական ներգործության հետ, իսկ պետությունը ոչնչով չկարողանա պաշտպանել նրան, բավարար է պատկերացում կազմելու Հայաստանի ներդրումային միջավայրի մասին։
Ու այսքանից հետո էլ օտարերկրյա կապիտալով տասնյակ տարիներ հաջողությամբ գործող ընկերություններ են հեռանում կամ պատրաստվում հեռանալ Հայաստանից։ Սա շատ վատ ազդակ է երկրի տնտեսության համար։
Առանց դրա էլ՝ բարձր աճերով «համաշխարհային նվաճումներ» արձանագրող Հայաստանի տնտեսության արտադրական կարողությունները գնալով կրճատվում են։ Բազմաթիվ ոլորտներում արտադրությունների ծավալները նվազում են, արտադրություններ են փակվում։ Ու հիմա ևս մեկ բավական խոշոր արտադրական հզորություն կարող է դուրս մնալ այս պրոցեսից։ Ոչ թե դադարեցնել գործունեությունը, վաճառել ընկերությունը, փոխանցել մեկ այլ ներդրողի, այլ ապամոնտաժել և երկրից հանել արտադրական սարքավորումները, արտադրությունն ամբողջությամբ տեղափոխել այլ երկիր։
Նման բան սովորաբար հազվադեպ է լինում, եթե նույնիսկ լինում է։ Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանի տնտեսությունը կարող է հայտնվել հենց այդպիսի կարգավիճակում։ «Արմենալի» նման խոշոր ձեռնարկությունը, որն էական տնտեսական ու սոցիալական, գուցե նաև՝ ռազմավարական նշանակություն ունի, կարող է ամբողջությամբ ապամոտաժվել ու հանվել երկրից։
Այդպես կլինի՞, թե՞ այնուամենայնիվ որոշակի լուծումներ կգտնվեն այդպիսի ծայրահեղ քայլից հրաժարվելու համար, առաջիկայում կտեսնենք։ Բայց այն, ինչ երբեմնի ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում անում են այս իշխանությունները, ոչ մի լավ բան չի կարող խոստանալ Հայաստանի տնտեսությանը։ Այդ հարաբերություններում, ցանկացած լարում լինելու է ի վնաս մեր տնտեսության։
Մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, երբ քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները պահանջում են հնարավորինս հավասարակշռված մոտեցում բոլոր կողմերի հետ, նշանակում է՝ միտումնավոր երկիրը ներքաշել ցնցումների մեջ։ Իշխանությունների վարած քաղաքականությունը բերել է նրան, որ կենսական տնտեսական շահերով կախվածություն ունենալով Ռուսաստանի տնտեսությունից, Հայաստանն աստիճանաբար ներգրավվում է այնպիսի գործընթացների մեջ, որոնց հետևանքները չեն կարող երկար սպասեցնել տալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Yorumlar kapatıldı.