İçeriğe geçmek için "Enter"a basın

Հանդիպում պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում 

Սույն թվականի օգոստոսի 4-ին, ժամը 16։00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլի հետ։

Համայն հայության կողմից սիրված Սիբիլը հայտնի է իր բազմազան երգացանկով։ Սիբիլը, չնայած մասնագիտությամբ ֆինանսիստ լինելուն, սկսել է երգել դեռ մանուկ հասակից՝ իր առաջին քայլերը կատարելով Կ․Պոլսի «Սուրբ Վարդանանց» հոգևոր երգչախմբում։

2010 թ․ նոյեմբերին նա թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ ընդգրկվել են «Տեր, Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնեմ», «Նամակ» և այլ երգերը։ Այս ալբոմը մեծ հաջողություն է ունեցել Թուրքիայում․ «Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը պատրաստվել է Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ և դարձել առաջին հայալեզու տեսահոլովակը, որ ցուցադրվել է թուրքական պետական հեռուստատեսությամբ։

Թուրքիայում հայերեն երգերը տարածելու գործում մեծ նպաստ ունեցած Սիբիլը 2012 թ․  մրցանակի է արժանացել Մոսկվայում կայացած «Արմենիա» մրցանակաբաշխությանը, իսկ մեկ ամից անց, Հայաստանում երգչուհուն շնորհվել է Ազգային երաժշտական մրցանակ։

Սիբիլը հայ ունկնդիրներին հայտնի է նաև Արևմտյան Հայաստանին և Կիլիկիային նվիրված իր կատարումներով, իսկ ընդամենը 10 օր առաջ նա հանդես է եկել նոր ուշագրավ տեսահոլովակով, որ նկարահանվել էր Թուրքիայում բնակվող համշենահայ երգչուհի Այշենուր Քոլիվարի հետ։

Վարդավառի տոնին նվիրված «Լույսի հատիկ» երգը և տեսահոլովակն առաջինն էր իր տեսակի մեջ, քանի որ նրանում Սիբիլն ու Այշենուր Քոլիվարը երգը կատարում էին արևմտահայերենով և հայոց լեզվի Համշենի բարբառով։

Երգչուհին այժմ գտնվում է Հայաստանում և սիրով ընդունել է հայաստանցի երկրպագուների հետ մեր կենտրոնում հանդիպում կազմակերպելու առաջարկը։ Հանդիպմանը Սիբիլը կպատմի իր անցած ուղու, Թուրքիայում հայկական երգերը ներկայացնելուն և տարածելուն ուղղված իր ջանքերի, ինչպես նաև վերջին տեսահոլովակի՝ «Լույսի հատիկի» մասին»։

Հանդիպմանը տեսակապով կմիանա նաև Այշենուր Քոլիվարը։

Մուտքն ազատ է: Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին:

Ամսաթիվ` 2022 թ. օգոստոսի 4, ժամը` 16:00

Հասցե՝ Գյուլբենկյան 38 (HSBC բանկի հարևանությամբ), 5-րդ հարկ

Akunq.net

https://akunq.net/am/?p=84881&fbclid=IwAR1e_uiDoOtLDQOnbUqVgDa2E8qH3ZRZaetrjfuGIWcNrg7FxgdZfXIDfhU

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın