İçeriğe geçmek için "Enter"a basın

Ծոցի երկրներում Վրաստանի մասին գիտեն, Հայաստանի մասին` ոչ․ «Սփյուռքի ձայնը»

Նաիրա Աղաբեկյան

Ծոցի արաբական երկրներում հայ համայնքները գործում են, սակայն հայերի թիվն աստիճանաբար նվազում է։ Ծոցի արաբական երկրների Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ջեբեջյանը նշում է, որ հիմնական պատճառը քաղաքացիություն չունենալն է։ 

Պետություններ, որտեղ շատ հայեր կարևոր գործունեություն են ծավալել տարիներ շարունակ, բայց քաղաքացիություն չեն ստացել, այդ երկրներում որևէ օտարերկրացու քաղաքացիություն չի շնորհում։ Դա, ըստ Հրայր Ջեբեջյանի, հյուրի կարգավիճակի նման մի բան, իսկ հյուրերը վաղ թե ուշ լքում են տվյալ երկիրը։

Քուվեյթում այսօր ապրում է մոտավորապես երեք հազար հայ, Դուբայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ հինգ հազար, Քաթարի հայ համայնքը, որն ավելի նոր է՝ 350 հայ, Բահրեյնի թագավորությունում՝ մոտ հիսուն, Օմանում՝ 35 հայ է ապրում, հայեր կան նաև Սաուդյան Արաբիայում։ Այս բոլոր երկրներում հայերը արմատանալու հնարավորություն չունեն։ 

«Բոլոր այս երկրներում հայերը և ոչ միայն, ընտրելու կամ ընտրվելու հնարավորություն չունեն։ Չնայած այս հանգամանքին, հայկական իրականություն կա այս բոլոր երկրներում։ Դա նշանակում է, որ գործում է հոգևոր կենտրոնը, Քուվեյթում, օրինակ, ունենք հայկական դպրոց, մյուս երկրներում մեկօրյա վարժարաններ և այլն»,- ասում է Հրայր Ջեբեջյանը։

Իսկ քաղաքացիություն Ծոցի երկրները օտարերկրացիներին չեն տալիս սեփական ինքնությունը պաշտպանելու համար, «քանի որ արաբների թիվը ծոցի երկրներում ավելի պակաս է, քան այլազգիներինը, իսկ քաղաքացիություն շնորհելու պարագայում շատ կարևոր ոլորտներում օտարները կարող են ավելիի հասնել, քան տվյալ երկրի քաղաքացիները»։

Հրայր Ջեբեջյանը նշում է, որ հայ ներդրողներ և գործարարներ շատ կան այս երկրներում, որոնք նաև մեծ ճանաչում և համբավ ունեն։ «Խնդիրն այստեղ այն է, որ որևէ օտարերկրացի, երբ որոշում է գործ սկսել արաբական երկրներում, պետք է ունենա արաբ գործընկեր, անկախ նրանից, թե այդ գործընկերը ծանոթ է գործին, թե՝ ոչ»,- ասում է։

Ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղարը նաև անդրդարձավ վերջերս ՀՀ ԳԱԱ –ում անցկացված գիտաժողովին, որում նաև ինքն է ներկայացրել Ծոցի արաբական երկրնեի հետ համագործակցության իր տեսլականը։ Նշում է, որ պետք է աշխատանքներ տարվեն՝ Հայաստանն այդ երկրներում ավելի ճանաչելի դարձնելու համար։ 

«Մեր հարևան Վրաստանի մասին շատ են խոսում արաբական երկրներում, Հայաստանի մասին ոչինչ չկա։ Մենք պետք է համագործակցենք տնտեսությունը զարգացնելու համար, իսկ ամենակարևորը՝ տուրիզմին զարկ տալու համար։ Հայաստանն այսօր ամեն ինչ ունի արաբ զբոսաշրջիկներին ներկայացնելու համար։ 

Պետք է պարզապես խոսել մեր երկրի մասին, իսկ դա հնարավոր է համատեղ՝ հայ համայնքների, դեսպանատների և ՀՀ կառավարության աշխատանքների շնորհիվ»,- նկատում է Հրայր Ջեբեջյանը։

https://hy.armradio.am/2022/07/27/ծոցի-երկրներում-վրաստանի-մասին-գիտեն/?fbclid=IwAR1o204R_fhlNdmY3IvLNTPqCA2Jpppimb18uTPgB4zymMf13G0_TNrTtTk

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın