İçeriğe geçmek için "Enter"a basın

Ո՞վ է Հայը. Հայկական Սփիւռքի Հարցախոյզ 

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՀԱՐՑԱԽՈՅԶԻ ԾՐԱԳԻՐԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ․ ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ ՀԵՏ

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ԴՈԿՏ․ ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Մայիսի 6ին ԱՄՆում կը մեկնարկի բնոյթով բացառիկ հարցախոյզ, որի նպատակն է պարզել, թէ ո՞վ է 21րդ դարում Սփիւռքում ապրող հայը. Ինչպէ՞ս է սփիւռքահայն ընկալում եւ սահմանում հայկական ինքնութիւնը, եւ ո՞ր բաղադրիչներն են ձեւաւորում հայկական աշխարհը: Ըստ ծրագրի տնօրէն դոկտոր Հրաչ Չիլինկիրեանի, «Հայկական Սփիւռքի Հարցախոյզ»ը աշխարհի տարբեր երկրների հայ համայնքների հանրային կարծիքը ուսումնասիրող գիտահետազօտական աշխատանք է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նպատակով է ստեղծուել Հայկական Սփիւռքի Հարցախոյզ ծրագիրը:

ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ – Հայկական Սփիւռքի Հարցախոյզն աննախադէպ ուսումնասիրութիւն է, որ երբեւէ չի իրականացուել: Իր տարողութեամբ եւ ծաւալով բաւական մեծ ծրագիր է, որի հիմնական նպատակն է գիտական հիմքերի վրայ ուսումնասիրել տարբեր երկրների հայ համայնքներում Սփիւռքի հանրային կարծիքը մի շարք հիմնական թեմաների մասին: Հարցերի թւում առաջնային են ինքնութեան, հայոց լեզուի, հայ մշակոյթի, հոգեւոր կեանքի, համայնքային ներգրաւուածութեան, ինչպէս նաեւ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ հարցերը:

Մինչ այժմ մենք արծարծել ենք այս թեմաները` հիմնուելով ենթադրութիւնների վրայ, որոշների մասին գաղափարներ ունենք, սակայն գիտական ուսումնասիրութիւն չկայ` հիմնուած փաստերի, տուեալների վրայ: Հետեւաբար, այս ծրագիրը ստեղծուել է այդ բացը լրացնելու, Սփիւռքին լաւ ճանաչելու համար, պարզելու, թէ տարբեր երկրներում ապրող հայ մարդը ի՞նչ մտորումներ ունի, ի՞նչ է կարծիքը համահայկական մի շարք հարցերի շուրջ:

Հետազօտութեան ամբողջական արդիւնքները հասանելի են հանրութեանը, եւ գիտաշխատողների, համայնքային ղեկավարների, հանրային քաղաքականութիւն մշակողների, Հայաստանի պատկան մարմինների համար արժէքաւոր տուեալներ են պարունակում` Սփիւռքի համար ծրագրերի եւ նախագծերի մշակման հարցում:

Ծրագրի նախաձեռնութիւնը «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեանն է, որ իրականացւում է Լոնդոնի Հայկական հիմնարկի համատեղ ջանքերով: Հարցախոյզը սկսուել է 2018 թուականին, եւ մինչ այժմ անցկացուել է տասը երկրում եւ քսանից աւելի համայնքում, որին մասնակցել է շուրջ 6500 մարդ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հարցախոյզին մինչ այժմ մասնակցած սփիւռքահայերի պատասխաններից ելնելով, որո՞նք են ազգային  ինքնութեան հիմնական բաղադրիչները:

ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ.- Ինքնութեան հարցը հիմնականն է Սփիւռքի կեանքում, եւ մեր բոլոր հարցերը կապուած են հայ մարդու ինքնաճանաչման եւ ինքնաընկալման հետ: Եւ ուրեմն, մեր ուսումնասիրութեան առանցքում ինքնութեանն վերաբերող թեմաներն են: Մինչ այժմ  իրականացուած հետազօտութեան մասնակիցներին ուղղուած  գլխաւոր հարցն է, թէ ինչպէս են իրենք սահմանում ինքնութիւնը: Եւ ականատես ենք լինում մի երեւոյթի, ինչի մասին գիտէինք, սակայն հաստատւում է նաեւ տուեալներով: Խօսքն այն մասին է, որ սփիւռքեան իրականութեան մէջ ինքնութիւնը զուգորդուած ձեւով է ընկալւում: Այսինքն, կայ տուեալ երկրում ապրող մարդու ինքնութիւն, որ շաղկապուած է այդ երկրի մշակոյթի, ժողովրդի հետ, եւ  զուգորդուած է հայկականութեան հետ:

Որո՞նք են հայ ինքնութեան սահմանման եւ ընկալման հիմնական գործօնները հարցին ի պատասխան առաջին երեք պատասխաններն են` ընտանիք, լեզու, մշակոյթ:

Սա հետաքրքիր է այն առումով, որ  համայնքային կառոյցները, պէտք է մտածեն, թէ ինչ ունենք առաջարկելու ընտանիքներին, որպէսզի հայկական ինքնութիւնը, հայ մշակոյթը, լեզուն կենսունակ պահուեն ընտանեկան շրջանակում: Իհարկէ, Սփիւռքի կեանքում, ինչպէս գիտենք, ընտանիքն է առաջին տեղում, որ երեխային կապում է  իր ազգային ինքնութեան հետ, բայց կարծում եմ, որ այսօր նաեւ պահանջարկ կայ ծրագրերի եւ բազմապիսի միջոցառումների նաեւ ընտանիքների համար, եւ ոչ միայն մանուկների կամ երիտասարդների:

Հիմնական հարցերից է նաեւ լեզուի խնդիրը: Մասնակիցները պատասխանել են, թէ ինչպէս են ընկալում իրենց կողմից հայերէնի օգտագործումը: Հարցուածներից եօթից տասը նշել են, որ սահուն խօսում են հայերէն: Անշուշտ, մենք չենք սահմանում, թէ սահունը ինչ է ենթադրում: Կարող է պատահել որ իրենց ընկալմամբ, եթէ տանը խօսում են, դա համարում են սահուն, կամ գիրք գրելու մակարդակն են համարում սահուն: Մենք այդ սահմանումը չենք տուել:

Անշուշտ, հայոց լեզուն այսօր ունի իր խնդիրները Սփիւռքեան կեանքում, եւ պէտք է մտածենք, թէ ինչպէս կարող ենք կենսունակ պահել, ինչպիսի միջոցառումներ, վայրեր ստեղծենք` ապահովելու լեզուի լայն գործածումը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ- Հայկական ինքնութեան անքակտելի  մաս են կազմում հայ եկեղեցին եւ հայրենիքը: Ինքնութեան այս հիմնասիւնների մասին ի՞նչ պատասխաններ կան:

ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ.- Քրիստոնէութիւնն ու հայ եկեղեցին դարերի ընթացքում եղել են եւ շարունակում եմ լինել հայկական ինքնութեան նշանակալի բաղադիչը, ինչը հաստատում են նաեւ մեր հարցախոյզի մասնակիցները:

Հայաստանը որպէս անկախ երկիր Սփիւռքի համար կարեւոր  յենակէտ է: Շատ հետաքրքիր էր այն փաստը, որ հարցուածների մեծ մասը` շուրջ եօթանասուն տոկոսը մէկ կամ աւելի անգամ այցելել են Հայաստան, ինչը բաւական մեծ ցուցանիշ է երեսուն տարուայ ընթացքում:

Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների մասին խօսելիս, անդրադառնամ մի հարցի, որ հաշուի չի առնւում կարծես: Ժամանակին, Հայաստանի անկախացումից առաջ, յատկապէս Միջին Արեւելքում, Սփիւռքի այլ համայնքներում ապրող հայի յարաբերութիւնը հայկականութեան հետ միջնորդուած էր եւ տեղի էր ունենում քաղաքական, մշակութային, հոգեւոր, կրթական կառոյցների միջոցով: Բայց այսօր իրավիճակ է փոխուել, եւ սփիւռքեան դասական կառոյցները անպայման չէ, որ միջնորդ լինեն: Մարդիկ, յատկապէս նոր սերունդը, ուղղակիօրէն են կապւում Հայաստանի հետ: Այցելում են, առցանց տարբեր ձեռնարկներ կազմակերպում, դրամ հաւաքում եւ փոխանցում, եւ կարիք չունեն միջնորդութեան: Սա ի յայտ է գալիս նաեւ մեր ուսումնասիրութեամբ: Հետեւաբար, մեր կառոյցներն էլ կարիք ունեն վերագնահատելու իրենց դերն այսօր: Յետ Ցեղասպանութեան շրջանում,  եկեղեցին, դպրոցները, կուսակցութիւնները մեծ դեր են ունեցել ազգային ինքնութիւնը, լեզուն, մշակոյթը պահելու առումով, բայց այսօր պատկերն ամբողջութեամբ փոխուել է, իսկ մեր կառոյցները կարծես նոյն մտածողութեամբ են առաջնորդւում ինչ յիսուն տարի առաջ:

Տուեալ համայնքի կենսունակութեանը խոչընդոտող խնդիրներին անդրադառնալիս, ամենաբարձր ցուցանիշ ունեցող պատասխաններից է եղել այն, որ տեսլական ունեցող ղեկավարի պակաս կայ համայնքում: Հարցուածները ցանկանում են իրենց համայնքներում ականատես լինել հետաքրքրիր ու որակեալ հայկական մշակութային եւ կրթական միջոցառումների:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ցայսօր ո՞ր երկրներում է կատարուել հարցախոյզը, եւ ի՞նչ սկզբունքով էք ընտրել քաղաքները:

ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ.- 2018 թուականին փորձարարական ուսումնասիրութիւն կատարեցինք Կահիրէում, Մարսելում, Բոստոնում եւ Փասադենայում: Դա հնարաւորութիւն տուեց մեզ հասկանալ, թէ ինչպէ՛ս ուսումնասիրել Սփիւռքը, որովհետեւ բաւական բարդ էր կազմակերպչական առումով: 2019 թուականին հարցախոյզն անցկացուեց Արգենտինայում, Բուլղարիայում, Լիբանանում եւ Կանադայում:

Երկրներ ընտրելու մեր մօտեցումը հետեւեալն է` ներառել  փոքր, միջին եւ մեծ հայկական համայնքներ եւ չհիմնուել միայն առաւել մեծ համայնքների վրայ: Որոշ երկրներում, օրինակ Սիրիայում, որտեղ վիճակն անկայուն է, դժուարանում ենք ծրագիրն իրականացնել:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Տուեալ երկրում ովքե՞ր են իրականացնում ուսումնասիրութիւնը:

ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ .- Երբ կազմակերպում ենք դաշտային աշխատանքը, մի քանի մօտեցում ունենք: Առաջին հերթին, կապ ենք հաստատում համայնքային բոլոր կազմակերպութիւնների հետ, հանդիպում ենք, ներկայացնում ենք ծրագիրը: Երկրորդ, իւրաքանչիւր համայնքում ստեղծում ենք տեղական խորհրդատու մարմին, յանձնախումբ` կազմուած գիտաշխատողներից, համայնքին ծանօթ անհատներից, ովքեր տեղեակ են տուեալ երկրի ու համայնքի առանձնայատկութիւններին, եւ  այդ խումբը մեզ օգնում է որոշ մեթոդաբանական հարցերի եւ խնդիրների լուծման եւ այլ հարցերով:

Կարծում եմ, այս  հարցախոյզն ու արդիւնքները կարեւորութիւն ունեն նաեւ համայնքի կառոյցների համար, որ հնարաւորութիւն են տալիս հասկանալու տուեալ համայնքի մտածելակերպը, հարցերն ու խնդիրները: Հետեւաբար, նման համագործակցութիւնը շատ կարեւոր է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մայիսի 6ին հարցախոյզը մեկնարկում է նաեւ Միացեալ Նահանգներում: Ինչպէ՞ս կարող է համայնքը մասնակցել:

ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ.- Հիւսիսային Ամերիկայում մեր ուսումնասիրութեան մեկնարկը տեղի կ՛ունենայ Մայիսի 6ին եւ կը տեւի 12 շաբաթ` մինչեւ Յուլիսի 29ը: Այդ ընթացքում, հարցաշարն առցանց տեղադրուելու է մեր կայքում եւ հասանելի է լինելու բոլոր յիսուն նահանգներում (https://www.armeniandiasporasurvey.com):

Հարցախոյզին կարող է մասնակցել տասնութ տարին լրացրած իւրաքանչիւր հայ` լրացնելով հարցաթերթիկը, որ հասանելի է լինելու արեւելահայերէնով ու արեւմտահայերէնով, անգլերէնով եւ  ռուսերէնով: Միաժամանակ,  մենք նաեւ անձնապէս ներկայութիւն կ՛ունենանք Ամերիկայի չորս համայնքներում` Լոս Անջելեսում, Նիւ Եորքում, Նիւ Ջըրզիում, Միչիգանում, եւ նաեւ ներառել ենք Օնթարիոն, Կանադայում: Համայնքի տարբեր կազմակերպութիւններում, կենտրոններում, եկեղեցիներում հարցաթերթիկը կը տրամադրուի նաեւ տպուած տարբերակով:

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın