İçeriğe geçmek için "Enter"a basın

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատասխանատվությունը Թուրքիային է․ Կիրակոսյան

Հրայր Թամրազյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքի բեռը, փորձությունը և մարտահրավերը ընկած է միայն թուրքական կողմի վրա, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ շեշտելով՝ հայ-թուրքական գործընթացը Թուրքիայի տապալված քաղաքականությունն էր։

Թուրքիայի քաղաքականությունն էր՝ մերժել դիվանագիտական հարաբերությունները և պահել փակ սահմանը, որը չբերեց որևէ զիջումների Հայաստանի կողմից, ասաց Կիրակոսյանը՝ նկատելով՝ Հայաստանն առանց նախապայմանների քաղաքականություն է վարում, պատասխանատվության բեռը Թուրքիայինն է՝ ապացուցելու իր անկեխղծությունը։

«Եթե նրանք վերջին պահին առաջ քաշեն որևէ նախապայման, կամ եթե Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը, Հայաստանը չէ, որ պիտի տուժի, դա կլինի Թուրքիայի դիվանագիտական հնարավորության ավարտը», – ասաց վերլուծաբանը։Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով հայ և թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցինհունվարի 14-ին՝ Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: Հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Բանագնացների երկրորդ հանդիպման օրակարգի մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդում: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը օրերս խորհրդարանում միայն ասաց, թե Երևանը սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ուղղված առարկայական քննարկումներ է ակնկալում:

Հարցին, թե օրինակ, հայ-թուրքական սահմանի բացումը, իրատեսակա՞ն ակնկալիք է, Կիրակոսյանը պատասխանեց՝ դա ոչ միայն իրատեսական է, այլ նվազագույն ակնկալիքն է։

«Այլ կերպ ասած, Թուրքիան Հայաստանի հարևանն է, դուր է գալիս դա մեզ, թե ոչ։ Սահմանի բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այն պարզ նվազագույնն է, որ երկու հարևաններ կարող են ունենալ։ Սա Թուրքիայի համար պարգևատրում չէ կարգավորում իրականացնելու համար, ոչ էլ Հայաստանի պարտությունը, սա հիմնական նվազագույնն է։ Այս համատեքստում հարաբերությունների կարգավորումը հաշտեցում չէ, ոչ էլ պետք է դիտարկվի որպես որևէ տեսակի մերձեցում, սա մեկնարկային կետն է», – ասաց վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

https://www.azatutyun.am/a/31702304.html

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın