Սոնա Ադամյան
Հարցազրույց պոլսահայ երգչուհի Սիբիլի հետ
- Սիբիլ, այս տարի Ձեր՝ Հայաստան գալու առիթն «Ավրորայի աղոթքը» երգի շնորհանդեսն էր, որը մեծ արձագանք ունեցավ։ Մի քիչ պատմեք երգի ստեղծման մասին:
- Երգը հանրությանը ներկայացրինք սեպտեմբերի 10-ին, որը, սակայն, 4 տարվա աշխատանքի արդյունք էր, 4 տարի սպասեցինք, որ ճիշտ ժամանակին ներկայացնենք։ Ու երբ անցած տարի պատերազմի շրջանում Հայաստանում էի գտնվում, ասեցի՝ այս երգն ուրիշ ձեւ պետք է լինի, եւ ուրիշ հոգեվիճակով պետք է երգեմ։ Պատերազմի ծանր հոգեվիճակով նորից ձայնագրեցի երգն ու նոր կյանք տվեցի նրան։
- Երգը ներկայացվե՞լ է Պոլսում, ի՞նչ արձագանք է ունեցել, արդյո՞ք թուրքական մամուլն անդրադարձել է, ի՞նչ է գրվել նաեւ հայալեզու մամուլում։
- Հայալեզու մամուլն անմիջապես արձագանքեց, թուրքական 2 առաջատար թերթերն էլ են արձագանքել, իմ թուրք ընկերներից ով լսել է, շատ լավ արձագանք են տվել, ասեցին, որ սա բոլորիս երգը, բոլորիս աղոթքը պիտի լինի, քանի որ պատերազմները երկու կողմից են լինում, եւ մարդիկ մի կողմից չեն զոհվում։ Սա աշխարհի պատերազմների, ցեղասպանությունների հետեւանքով որբացած երեխաներին ձոնված երգ է՝ տիրամոր աղոթք, քանի որ տուժողը միշտ երկու կողմն է լինում։
- Արցախյան վերջին պատերազմից հետո ի՞նչ տրամադրություններ են գերիշխում Թուրքիայում` արդյոք սրվե՞լ են հակահայկական տրամադրությունները։
- Շատ ծանր ընթացք էր, երբ հայաստանցի ընկերուհիս լուր տվեց, որ պատերազմ է սկսվել, թուրքական թերթերից մեկը գրեց, որ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա։ Այդպիսի լուրեր սկսեցին տարածվել, բայց հետո, իհարկե, իրենք խոստովանեցին, որ իրենք սկսեցին պատերազմը, որովհետեւ անհնար էր, որ Հայաստանը պատերազմը սկսեր։ Ատելություն կար, եւ շատ հուզիչ էր՝ գտնվել այդ հողերի վրա, երբ ոչինչ չես կարող անել, խոսել։ Այդ շրջանում թուրք ընկերներս հեռաձայնեցին՝ ասելով, որ գիտենք ինչ վատ վիճակի մեջ ես, ինչպես կտանջվես, բայց մենք կաղոթենք, որ ժամ առաջ այս պատերազմը վերջանա, ու խաղաղություն լինի։
- Հայերի համար, անվտանգային առումով, հիմա ինչ-որ բան փոխվե՞լ է Թուրքիայում։
- Փառք Աստծո, վտանգ չեղավ, մի քանի ցույցեր եղան, նեղություններ, բայց վատ բան չեղավ։
- Ես հիշում եմ, որ պատերազմից հետո հայկական եկեղեցիներից մեկի վրայից էլի պոկեցին խաչը։
- Այդպիսի բաներ միշտ եղել են, կելնեն եկեղեցու գմբեթի վրա, կպարեն, խաչը կպոկեն, կամ այդ շրջանում ազերիներն իրենց դրոշներով անցան, այդ թվում՝ Հրանտ Դինքի մամուլի շենքի մոտով, բայց այսքանով, փառք Աստծո, ամեն ինչ վերջացավ։ Զայրացած մարդիկ երկու կողմից էլ կային, որովհետեւ թուրքական մամուլն այդ օրերին գրում էր, որ խաղաղ բնակիչների վրա են հարձակվել հայերը, իսկ քանի որ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, ի՞նչ պիտի անեն՝ պիտի զայրանան։
- Հետաքրքիր է, այս երգի հետ կապված՝ յութուբյան ալիքում մեր հարեւաններից հակերային գրոհներ, արգելափակման փորձեր եղե՞լ են։
- Երբ «Սպուտնիկում» այս երգի մասին գրվեց, այդ ժամանակ ազերիները սկսեցին վատ բաներ գրել իմ անձնական սոցիալական էջերին, բայց շատ չէր։ Ի դեպ, մենք միտումնավոր այս երգը թարգմանել ենք մի քանի լեզուներով՝ ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն ու թուրքերեն, որոնք տիտրերով հայտնվում են տեսահոլովակի մեջ։ Այս երգը պետք է տարածենք ու մեր բոլորի աղոթքը դարձնենք, որովհետեւ պատերազմների պատճառով մարդիկ կկորցնեն իրենց ամենաթանկը։
- Գիտեմ, որ պրոդյուսեր չունեք, դժվար չէ՞ ինքնուրույն կազմակերպել այս ողջ ստեղծագործական ընթացքը։
- Շատ դժվար է, եւ արդեն 10 տարի է՝ փորձում եմ ոտքի կանգնել, երբեմն թեւաթափ եմ լինում, որովհետեւ 3 րոպեանոց տեսահոլովակի հետեւում շատ մեծ աշխատանք կա։ Առանց քրտինք թափելու ես ոչ մի բանի չեմ հասել, միշտ դժվարությունների եմ դեմ առել, բայց վերջը միշտ լավ է եղել, միշտ բարի մարդիկ են ինձ հանդիպել, որն իմ բախտն է։ Իսկ այդ պայքարի ու դժվարությունների միջով անցնելով՝ ավելի կգնահատեմ իմ արած գործը։ Պատրաստի բան երբեք չեմ ստացել, միշտ պայքարել եմ։ Այս տեսահոլովակի նկարահանման ժամանակ էլ մենք Սերժ Ավետիքյանի հետ պատրաստվեցինք, բայց պատերազմի, համաճարակի պատճառով չեղավ մեր ուզածը, մինչդեռ մենք պետք է նկարեինք Արեւմտյան Հայաստանում, ինքն ուրիշ տեսահոլովակ էր պատկերացնում, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ չստացվեց, ու մենք գտանք Հրանտ Մովսիսյան հրաշալի ռեժիսորին։ Երբ երգի հեղինակը՝ Հասմիկ Հախվերդյանը, երգն ուղարկեց Հրանտ Մովսիսյանին, նա մի քանի ժամ հետո մեզ զանգահարեց, ու մենք տեսնվեցինք, սցենարը գրեցինք, այնուհետեւ 3 օր Դիլիջանում նկարահանումներն արեցինք, որի բնությունը դրախտ լիներ կարծես, ու նաեւ օտարները պետք է տեսնեն, թե ինչ գեղեցկություններ մենք ունենք։
- Երգարվեստից դուրս հիմնել եք արծաթյա զարդերի ապրանքանիշ, ինչպե՞ս է այն կոչվում, որտե՞ղ է վաճառվում։
- Կոչվում է Sibil La Reine, որը Կիլիկի թագավոր Լեւոնի կնոջ անունն է․ թագուհի Սիբիլը Զապելի մայրն էր, եւ որոշեցինք միավորենք այդ երկու Սիբիլների անուններն ու հայկական ոգուն համահունչ զարդեր ստեղծել։ Բոլոր զարդերն իրենց պատմությունն ունեն, նույնիսկ Լեւոն թագավորի օրիգինալ կնիքով մատանիներ ունենք, բոլորն արտադրվում են Հայաստանում, այստեղի քանդակագործ, դիզայներների հետ ենք աշխատում, բայց, դժբախտաբար, համաճարակի, պատերազմի պատճառով մենք չկարողացանք մեզ լավ ձեւով ներկայացնել։ Հիմա դեռ օնլայն է, խանութ չունենք, միայն ֆեյսբուքյան, ինստագրամյան էջեր ունենք։
- Ամեն անգամ Ձեր այցից հետո ինչպե՞ս է փոխված լինում Հայաստանը, մարդիկ:
- Վերջին մեկ տարում, անշուշտ, տխրություն եմ տեսնում մարդկանց դեմքերին, եւ դա մի բան է, որ դժվարությամբ են մարդիկ հաղթահարում, ժամանակի կարիք բոլորս ունենք, բազմաթիվ զոհեր տվինք, ու դեռ ամեն ինչ վերջացած չէ, որովհետեւ ունենք գերիներ։ Համաճարակն էլ մեծ վտանգ է իրենից ներկայացնում, եւ, դժբախտաբար, շատ մարդիկ մահացան, իսկ Հայկոյի համար շատ կցավեմ, ուժ ու համբերություն եմ մաղթում իր հարազատներին։ Եթե խորը մտածես այսքան մահերի մասին, չես կարող ապրել, դրա համար ես ասում եմ՝ իրենք ուղղակի հեռու տեղ են գնացել, ու պարզապես մենք իրենց չենք տեսնում։ Հիմա Հայկոյի երգը որ լսում եմ, ինքն իր երգերով պիտի հավերժ ողջ մնա։
- Առաջիկայում ի՞նչ ստեղծագործական պլաններ ունեք, եւ Ձեր հաջորդ այցին ե՞րբ սպասենք։
- Պիտի փորձեմ գնալ ու շուտ գալ, նոր երգ եմ պատրաստում, որն այս անգամ ավելի ռիթմիկ, ոգեւորիչ պետք է լինի։ Հուսով եմ՝ Պոլիս հասնելուն պես կկարողանամ ձայնագրել։ Միշտ ուզում եմ ստեղծագործություններս Հայաստանում ներկայացնել, նոր օտար երկրներին, իմ ստեղծագործելու տեղը պետք է լինի Հայաստանը։
İlk yorum yapan siz olun