İçeriğe geçmek için "Enter"a basın

ՊՆ պաշտոնյան ընդունել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին

ՊՆ պաշտոնյան ընդունել է Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին
CIVILNET 28 Հուլիս, 2021 01:07 ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Հուլիսի 28-ին Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում և անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար:

Լևոն Այվազյանն ասել է, որ հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից․ «Նշվել է, որ իրավիճակի սրման և հետագա ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը»։


Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել են տեղային մարտեր:

Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։

«Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։

Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել է հրադադար։


CIVILNET

Yorumlar kapatıldı.