İçeriğe geçmek için "Enter"a basın

Ռուսաստանն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ. Զախարովա

Մենք մտահոգությամբ ենք ընկալում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության ցանկացած դրսևորում։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Անշուշտ, դա խիստ բացասաբար է ազդում տարածաշրջանային իրադրության վրա, չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում է չարդարացված կորուստների երկու երկրների բնակչության շրջանում: Այս կապակցությամբ կցանկանայի ցավակցություն հայտնել զոհված հայ զինծառայողի հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ ՝ սահմանային միջադեպերի ընթացքում բոլոր տուժածներին»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ սահմանային միջադեպերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական–դիվանագիտական ճանապարհով։

«Համոզված ենք, որ լարվածության թուլացումը կարող է ապահովել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման աշխատանքի անհապաղ գործարկումը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ։ Պատրաստ ենք ամրապնդել մեր ունեցած քարտեզագրական տեղեկատվության այդ ջանքերը։ Ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են քննարկումը տեղափոխել կառուցողական հուն։ Ներկայումս այդ թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանապահ ծառայությունների գծով»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ տարածաշրջանային կայունության խնդիրը եղել է Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև բանակցությունների օրակարգում:

«Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը մի քանի փուլ է անցկացրել՝ նախանշելով տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների շարք: Հույս ունենք, որ առաջիկայում խումբը կկարողանա վերսկսել իր նիստերը։ Դա թույլ կտա անցնել համատեղ ենթակառուցվածքային նախագծերի փուլային իրականացմանը, ինչը լիովին համապատասխանում է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ ողջ Հարավային Կովկասի շահերին»,- ասել է Մարիա Զախարովան։


CIVILNET

Yorumlar kapatıldı.