İçeriğe geçmek için "Enter"a basın

44-օրյա պատերազմի հետևանքով վնասված 52 ավտոմեքենայի դիմաց աջակցություն է տրվել

44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց աջակցության ծրագրի շրջանակում 52 ավտոմեքենայի վնասի դիմաց փոխհատուցում է տրվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Արդեն մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման գործընթացը: Տվյալ ծրագրի շրջանակներում այս ընթացքում արդեն տրամադրվել է 52 ավտոմեքենայի վնասի դիմաց աջակցություն (մի մասը՝ լրիվությամբ՝ բռնազավթված տարածքներում մնացած, մյուս մասը՝ մասնակի՝ արկերի պայթյուններից վնասված)»,- գրել է Արցախի նախագահը։

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այս պահին պետական հանձնաժողովը տարբեր գույքային կորուստների դիմաց ընդունել է ավելի քան 3900 դիմում․ «Իմ հանձնարարությամբ՝ բոլոր դիմումները կենթարկվեն պատշաճ ուսումնասիրության ու քննարկման, և, ըստ կարգի, մեր բոլոր քաղաքացիները կստանան համապատասխան աջակցություն»,- գրել է նա։


CIVILNET

Yorumlar kapatıldı.