İçeriğe geçmek için "Enter"a basın

Որ կառույցներն են Մոսկվայում համակարգում հայաստանյան ու արցախյան ուղղությունները

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ | TIGRAN GRIGORYAN

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի դերը տարածաշրջանային գործընթացներում զգալիորեն աճել է: Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հակամարտության գոտում կայունության գլխավոր երաշխիքն է դարձել: Մոսկվան նախաձեռնողական քաղաքականություն է վարում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների բացման հարցում, ինչպես նաև Ադրբեջանին իր ինտեգրացիոն գործընթացների մեջ ներգրավելու ուղղությամբ: Ռուսաստանը որոշիչ դերակատարում է ստացել Արցախի շուրջ և ներսում տեղի ունեցող զարգացումներում:

Այս առումով կարևոր է իմանալ, թե ռուսաստանյան որ կառույցներն են մշակում և համակարգում քաղաքականությունը Հայաստանի և Արցախի ուղղություններով, ու ինչպիսի պահելաձև պետք է դրսևորեն արցախյան ու հայաստանյան պաշտոնյաներն նրանց հետ շփումներում:

Մոսկվայում հետխորհրդային երկրներով զբաղվող երկու գլխավոր պետական կառույցները ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն (ԱԴԾ, ФСБ) ու ՌԴ նախագահի աշխատակազմն են:

ԱԴԾ-ի կառուցվածքում գոյություն ունի Օպերատիվ ինֆորմացիայի ու միջազգային հարաբերությունների ծառայություն (5-րդ ծառայություն): Այդ ծառայության Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտը զբաղվում է հետխորհրդային երկրներում հետախուզական գործունեությամբ, ինչպես նաև քաղաքականության մշակմամբ ու համակարգմամբ: Դեպարտամենտը ստեղծվել է 1999 թվականին` նախագահ Բորիս Ելցինի գաղտնի հրամանով:

Ռուսական հատուկ ծառայությունների հետազոտությամբ զբաղվող փորձագետներ Անդրեյ Սոլդատովը և Իրինա Բորոգանը իրենց «Նոր ազնվականությունը. Ռուսաստանի անվտանգային պետության վերականգնումը և ՊԱԿ-ի հարատև ժառանգությունը» (The New Nobility: The Restoration of Russia’s Security State and the Enduring Legacy of the KGB) գրքում նշում են, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր պահպանել իր ազդեցությունը նախկին միութենական հանրապետություններում: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (СВР) 1992 թվականին ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետ պայմանագիր էր ստորագրել, որով պարտավորվում էր հետախուզական գործունեություն չիրականացնել այդ երկրների տարածքում: ԱԴԾ-ն սակայն նմանատիպ պայմանագիր չէր ստորագրել և այդ առումով ֆորմալ սահմանափակումներ չուներ:

Դեպարտամենտը հետխորհրդային տարածքում ակտիվ գործունեություն է սկսել ծավալել 2000-ական թվականների սկզբին, երբ մի շարք երկրներում (Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան) գունավոր հեղափոխություններ տեղի ունեցան: Մոսկվայում այդ քաղաքական գործընթացներում տեսնում էին արևմտյան հատուկ ծառայությունների միջամտություն և ցանկանում էին հակազդող մեխանիզմներ ստեղծել: 2003 թվականին փոփոխություն է մտցվել «Անվտանգության դաշնային ծառայության օրգանների մասին» օրենքում, որով ԱԴԾ-ն արտաքին հետախուզական գործառույթներ էր ստանում:

2004 թվականին դեպարտամենտի ղեկավար գեներալ Վյաչեսլավ Ուշակովը նշանակվել է ԱԴԾ պետի տեղակալ, իսկ դեպարտամենտի նոր ղեկավար է դարձել ազդեցիկ գեներալ Սերգեյ Բեսեդան: 2009 թվականին Բեսեդան նշանակվել է 5-րդ ծառայության պետ, որի կազմի մեջ է մտնում Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտը: Դեպարտամենտը ակտիվ միջամտություն է ունեցել վերջին մեկուկես տասնամյակում հետխորհրդային տարածքում տեղի ունեցած գրեթե բոլոր քաղաքական գործընթացներին: Այն ակտիվորեն ներգրավված է եղել նաև Հայաստանի և Արցախի ուղղություններով աշխատանքներում:

ԱԴԾ 5-րդ ծառայության և Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտի ներգրավվածությունը Արցախի շուրջ և ներսում տեղի ունեցող գործընթացներում զգալիորեն մեծացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այդ մարմինները լրջագույն ազդեցություն ունեն Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքական ղեկավարության կայացրած որոշումների վրա:

Հայաստանյան ու արցախյան ուղղությունները համակարգող մեկ այլ կարևոր մարմին է ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային ու մշակութային կապերի վարչությունը: Այս մարմինը ևս ստեղծվել էր հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների ալիքից հետո` 2005 թվականին: Վարչության առաջին ղեկավարը քաղտեխնոլոգ Մոդեստ Կոլերովն էր: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է երկու տարի: 2012 թվականից վարչությունը ղեկավարում էր արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովը: 2021 թվականի մարտին Չեռնովը թոշակի է անցել, և վարչության նոր ղեկավար է նշանակվել նրա տեղակալ Իգոր Մասլովը, որը մինչ այդ համակարգում էր աշխատանքները Մոլդովայի և Մերձդնեստրի ուղղությամբ:

Վարչության գործառույթները ինչ-որ չափով համընկնում են ԱԴԾ-ի 5-րդ ծառայության և Օպերատիվ ինֆորմացիայի դեպարտամենտի գործառույթների հետ: Այն ՌԴ նախագահին տեղեկություններ է տրամադրում հետխորհրդային երկրներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և ակտիվ մասնակցություն է ունենում այս ուղղությամբ քաղաքականության մշակման ու որոշումներ կայացնելու գործընթացում:

44-օրյա պատերազմը նոր իրավիճակ է ստեղծել Արցախում և Արցախի շուրջ: Այս նոր պայմաններում հայկական կողմերը կորցրել են նախկինում ունեցած հնարավորություններն ու լծակները: Կենսական նշանակության բազմաթիվ հարցերի լուծումները այսօր փաստացիորեն կախված են Մոսկվայում կայացվող որոշումներից: Այդ առումով արցախյան պաշտոնյաների շփումները վերոնշյալ մարմինների ներկայացուցիչների հետ անխուսափելի են դարձել:

Արցախում Ռուսաստանի դերի այսպիսի կտրուկ մեծացումը սակայն ամենևին չի նշանակում, որ հայկական կողմերը պետք է ստանձնեն հնազանդ կամակատարների կարգավիճակ: Նույնիսկ այս տիպի ասիմետրիկ հարաբերություններում հնարավոր է պահպանել ինքնուրույնության որոշակի աստիճան և սահմանել կարմիր գծեր, որոնք պետք է հարգվեն Մոսկվայի կողմից: Այս տեսանկյունից Արցախի համար օգտակար է Աբխազիայի փորձը, որը, Ռուսաստանից ավելի լուրջ կախվածության մեջ գտնվելով, մինչև վերջերս կարողանում էր որոշ հարցերում սեփական կամքը թելադրել Մոսկվային: Դա հնարավոր է նաև մեր պարագայում:

Այս մարմինների հետ ակտիվ աշխատանք պետք է տարվի նաև հայաստանյան համապատասխան գերատեսչությունների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան կողմից: Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց լուծման բանալիները գտնվում են հենց այս մակարդակում: Ռուսաստանի քաղաքական իշխանության մոտեցումների վրա կարելի է ազդել քաղաքականություն մշակող այս կառույցների հետ ամենօրյա շփման ու աշխատանքի միջոցով:


CIVILNET

Yorumlar kapatıldı.