ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հյուրընկալվել է ՍիվիլՆեթում։ Էմիլիո Կրիկիոյի հետ հարցազրույցում դեսպանն անդրադառնում է հունիսի 20-ին կայացած ընտրություններին, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, Հայաստան-ԱՄՆ օրակարգին, Ղարաբաղի խնդրին և այլ հարցերի։ Զրույցը թարգմանաբար՝ ստորև։
Ընտրությունների մասին
– Բարի գալուստ ՍիվիլՆեթ: Այսօր մեր հյուրն է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին։ Դեսպան Թրեյսին աշխատել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Թուրքմենստանում, Պակիստանում և Ղազախստանում։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը ստանձնել է 2019թ․։ Տիկին դեսպան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր զրույցի համար։
– Շնորհակալություն։ Ուրախ եմ հյուրընկալվել Ձեր տաղավարում։ Հաճելի է, որ նման հնարավորություն ընձեռվեց, և պատճառներից մեկը, որով կարևորվում է մեր այս զրույցը հատկապես այս պահին, այն է, որ սեպտեմբերին լրանում է հայ-ամերիկյան հարաբերությունների 30-ամյակը։
– Հրաշալի։ Եկեք նախ խոսենք Հայաստանի 2021թ․ խորհրդարանական արտահերթ ընտրություններից։ Բարդ ընտրություններ էին, և շատերը դա համարում էին հանրաքվե վարչապետի հետ կապված, հանրաքվե 2020թ․ պատերազմի վերաբերյալ և հանրաքվե նախկին վարչակազմերի՝ իրապես բարդ հարցերի շուրջ։ Այժմ հետընտրական շրջանում ենք, որը շատերի գնահատմամբ դեռ մնում է շատ խրթին։ Այսպիսով, ինչպե՞ս կգնահատեք ընտրապայքարը։ Ինչպե՞ս կգնահատեք ընտրությունների ելքը։ Եվ ըստ Ձեզ, ինչպե՞ս ընկալվեց դա Վաշինգտոնում։
– Հունիսի 21-ի մեր հայտարարությամբ, ինչպես գիտեք, մենք գոհունակությամբ նկատեցինք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ընդհանուր ընտրական միջավայրը գնահատել էր դրական։ Մեզ համար շատ-շատ կարևոր էր այն գնահատականը, որ ընտրողների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել էին և այն փաստը, որ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատ քարոզարշավներ անցկացնել, և հաջորդիվ քվեարկության օրվա ձայների հաշվարկը ևս դրական էր գնահատվել։
Միաժամանակ, մենք արձանագրեցինք քարոզարշավի ընթացքում տեղ գտած թեժ հռետորաբանությունը և խրախուսեցինք քաղաքական ուժերին առաջ նայել և ընդունել արդյունքները, իսկ բողոքներն ու դատական հայցերը, անշուշտ, պետք է սահմանված կարգով ընթացք ստանան։ Մեզ համար մեծ է գործընթացի կարևորությունը։ Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա թե՛ նախագահ Բայդենը, թե՛ պետքարտուղար Բլինքենը շնորհավորել են հայ ժողովրդին իրենց թվիթերյան գրառումներով ու վարչապետ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Մեզ համար ուրախալի էր տեսնել Հայաստանի ժողովրդի կողմից ընտրությունների անցկացման այսչափ հաջող ընթացքը։
– Սա արդեն երկրորդ անգամ է, որ հայաստանյան ընտրությունները, ինչպես նշեցիք, դրական գնահատականի են արժանանում միջազգային կառույցների՝ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի կողմից։ Ուստի որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ ժողովրդավարությունը Հայաստանում արմատավորվում է, և ինձ հետաքրքիր լսել Ձեր կարծիքն այդ մասին։
– Քվեարկության օրը ես ինքս էլ դիտարկում էի ընթացքը։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունից զատ՝ դեսպանատունը ևս դիտորդական թիմեր ուներ, և գիտե՞ք՝ ինչն էր ուշագրավ, որ երբ խոսում էի տեղացիների հետ, որոնք նաև 2018թ․ և նախորդ ընտրությունների ընթացքն էին դիտարկել, բոլորը միաբերան փաստում էին, որ այս ընտրություններն իրենց դիտարկած ամենալավ կազմակերպված ընտրություններն էին։ Իսկ երբ մտածում ենք, թե ինչքան դժվարություններ եղան նախորդ տարվա ընթացքում՝ համավարակից մինչև պատերազմ, ապա այս թեժ ընտրական մրցապայքարն ու այս ամենից հետո Հայաստանի ժողովրդի կողմից նման ընտրությունների ապահովումը, ապա կարծում եմ, այո՛, այստեղ իրապես տեղին է ասել, որ ժողովրդավարությունն արմատավորվում է Հայաստանում։
Մի շարք այլ ազդակներ էլ նշեմ, որոնք կարծում եմ՝ իրապես կարևոր են․ ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով մենք աջակցել ենք քարոզարշավի տեխնիկական որոշ հարցերում։ Մենք նաև օգնել ենք բանավեճերի կազմակերպման հարցում։ Ու ինձ համար իրապես հետաքրքիր էր իմանալ, որ բանավեճերը դիտած պոտենցիալ ընտրողներին դուր էր եկել ժողովրդավարական այդ բաղադրիչը, երբ ընտրապայքարի դուրս եկած ուժերը գալիս և ներկայացնում էին իրենց դիրքորոշումները։ Նրանք կցանկային, որ առաջադրված բոլոր ուժերը մասնակցեին, որպեսզի ընտրողը համեմատելու ու հակադրելու հնարավորություն ունենար։ Ընտրողների հետաքրքրությունը՝ լսելու ընտրապայքարի բոլոր կողմերի դիրքորոշումները, ըստ իս, մեկ այլ կարևոր ազդակ է առ այն, որ ժողովրդավարությունը Հայաստանում առաջընթաց է ապրում։
Տարածաշրջանում ԱՄՆ ներգրավվածության և աջակցության մասին
-Տարածաշրջանում ինչպիսի՞ հետագա ներգրավվածություն է նախատեսում Միացյալ Նահանգները։ Մի կողմից, ինչ-ինչ պատճառներով, ենթադրվում է, որ ամերիկյան քաղաքականությունը պետք է լինի անկողմնակալ։ Իսկ մյուս կողմից, ոմանք կարծում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը պայքարում է բազմակի բռնապետական շարժումների դեմ։ Հիմա ինչպե՞ս է Միացյալ Նահանգները կամ ցանկացած այլ երկիր, եթե շիտակ խոսենք, իր սկզբունքները համապատասխանեցնում իր շահերին։
– Դավասարակշռություն կա, ես կասեի: Բայց միգուցե սկզբունքների և շահերի դինամիկան հասկանալու ամենաօգտակար ձևը, իհարկե, Միացյալ Նահանգների համար հետևյալն է՝ մեր շահերը և մեր շահերի ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բխում են կամ կառուցվում են մեր սկզբունքների շուրջ։
Հայաստանի պարագայում մենք տեսնում ենք մի երկիր, որ բռնել է ժողովրդավարության ուղին, հետամուտ է արժեքների, որոնք մեզ համար ընդհանրական են, և ցանկություն ունի զբաղվել կոռուպցիայի խնդրով։ Այս ընդհանուր արժեքները և ընդհանուր գերակայությունները շատ ամուր հիմք են ապահովում մեր հարաբերությունների զարգացման ու ընդլայնման համար։ Ընդհանուր գերակայությունները նպաստում են, որ մենք ավելի շատ ռեսուրսներ ներդնենք։
Ունենք նաև այլ հարաբերություններ, որտեղ ընդհանուր արժեքների այս աստիճանի համընկնում չկա։ Նման հարաբերությունների դեպքում, իմ կարծիքով, ի հայտ են գալիս սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս հարաբերությունները հեռուն տանել։ Մեր ամենաամուր ու տևական հարաբերությունները և ամենասերտ գործընկերությունն այն երկրների հետ են, որոնց հետ մենք ունենք ընդհանուր արժեքներ և ընդհանուր գերակայություններ։
– ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ընտրություններից հետո հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ։ Նմանօրինակ մոտեցումներ հնչեցրել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նեդ Փրայսը նաև նշեց, որ Միացյալ Նահանգներն առաջընթաց է տեսնում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը և այլ բարեփոխումներ։ Եթե Հայաստանն այդ կետերով տեղաշարժ է արձանագրում, կարո՞ղ ենք ենթադրել, որ ապագայում Միացյալ Նահանգների կողմից կարող է լինել ավելի մեծ ներգրավվածություն ու նաև ավելի մեծ աջակցություն, մասնավորապես՝ Հայաստանի սահմանամերձ հատվածներում, որտեղ տնտեսական զարգացումը շատ կարևոր է անվտանգության, ինչպես նաև շահերի տեսանկյունից։
– Ես ավելի վաղ ասացի, որ սեպտեմբերից սկսած՝ մենք տոնելու ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների երեսունամյակը։ Այս երեսուն տարիների ընթացքում գործակցելով կառավարության, հասարակական կառույցների և, որ առավել կարևոր է, հայ ժողովրդի հետ՝ մենք բազում սերտ կապեր ու գործընկերություններ ենք ձևավորել։ Տարիների ընթացքում Հայաստանում Միացյալ Նահանգների ներդրումները կազմում են շուրջ 3 միլիարդ դոլար։
Այս ամուր գործակցությունը, ընդհանուր արժեքներն ու գերակայությունները, որ ես նշեցի, ապագայում ավելի շատ աջակցություն ապահովելու տեղ են ապահովում։ Ես պարզապես ասեմ, որ պատերազմով, համավարակով զուգորդված դժվարին շրջանից հետո մենք շարունակում ենք մեր աջակցության ապահովումը։
Վերջին տարվա ընթացքում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով մենք հավելյալ 13 միլիոն դոլար ենք տրամադրել, և քանի դեռ համավարակի դեմ պայքարը շարունակվում է, ես փորձելու են հավելյալ միջոցներ գտնել այս ճակատում ավելի շատ օգնություն ապահովելու համար։
Հակամարտության ընթացքում, այո՛, երբ այն դեռ ընթացքի մեջ էր, մենք 5 միլիոն դոլար տրամադրեցինք՝ աջակցելու տեղահանվածներին և դեռևս Լեռնային Ղարաբաղում գտնվողներին։ Մենք շարունակում ենք աջակցել սահմանամերձ համայնքներին, հատկապես՝ Սյունիքում։
Միացյալ Նահանգները վերջերս աջակցել է Պարեկային ոստիկանության ձևավորմանը։ Սա ՀՀ արդարադատության նախարարության և Ոստիկանության հետ մեր սերտ գործընկերության արգասիքն է, որով ներդրվում է համայնքային ոստիկանության մոտեցումը։ Այն նպատակ ունի փոխվստահության մթնոլորտ ձևավորել քաղաքացիների ու ոստիկանների միջև։ Այս տիրույթում մենք նաև աջակցում ենք կոռուպցիայի դեմ պայքարի կառույցների ձևավորման հարցում։
Ավելին անելու տեղ կա այս բոլոր ուղղություններում, որտեղ առաջընթաց է գրանցվում, և նաև պատերազմի հետևանքների վերացման հարցում օժանդակության մասով։ Մենք դիտարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Ակնկալում եմ, որ եկող տարվա ընթացքում մենք կկարողանանք ավելին անել՝ հաշվի առնելով Հայաստանի բռնած ուղին, առաջընթացն ու քայլերը, որոնց ես արդեն անդրադարձա։
Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին
– Բայդեն-Պուտին հանդիպման հետ կապված բավականին մեծ ոգևորություն կար։ Ինձ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի հարցն այդ հանդիպման օրակարգում կա՞ր։ Ղարաբաղի շուրջ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի միջև նախկինում համաձայնություն կար, սակայն հիմա շատերը լարվածություն են տեսնում Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև։ Ի՞նչ կասեք՝ կա՞ համաձայնություն, թե՞ ոչ։ Դինամիկան ինչպե՞ս կբնութագրեք։
– Նախ, նախագահ Բայդենը հստակեցրեց Եվրոպայի ու տարածաշրջանի անվտանգության հարցերում Միացյալ Նահանգների հանձնառությունը։ Կարծում եմ՝ հենց այդ նկատառումն էլ նա ընդգծեց Պուտինի հետ հանդիպման ընթացքում։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերություններում շատ դժվարին շրջան է, կան բազմաթիվ խոր անհամաձայնություններ։ Սակայն մենք կարողացել ենք համագործակցել, քանի որ մեր երկրները Մինսկի խմբի համանախագահներ են։ Մենք, չնայած տարաձայնություններին, համագործակցում էինք այս հարցում։ Ակնկալում եմ, որ մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղի շուրջ համագործակցության ուղիներ գտնել։
– Ղարաբաղյան երկրորդ պատերազմը վճռորոշ պահ էր Հայաստանի պատմության մեջ։ Հայաստանը ռազմական պարտություն է կրել, առկա են տնտեսական ու քաղաքական դժվարություններ։ Իրատեսորեն ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Հայաստանը չի կարող Միացյալ Նահանգներից ներկրել ռազմական նշանակության ապրանքներ։ Իսկ ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները տարածաշրջանը մեկ այլ կործանարար պատերազմից զերծ պահելու համար։ Միացյալ Նահանգները դեռ պատրա՞ստ է նպաստել բանակցություններին, որոնք օրինակ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով լուծում կապահովեն։ Ես նաև կուզեի հասկանալ, թե իրատեսորեն ինչ տեսակի խաղաղություն է հնարավոր։
– Իր պաշտոնավարման սկզբում և անգամ թեկնածության հաստատման լսումների ժամանակ պետքարտուղար Բլինքենն ասաց, որ իր և Միացյալ Նահանգների համար շատ մեծ առաջնահերթություն է Մինսկի խմբում մեր ներգրավվածության աշխուժացումը։
Ինչ վերաբերում է պատերազմին, մեր տեսանկյունից այն դեռ կարգավորված չէ։ Դա պատերազմ է, հակամարտություն, որ դեռ չի լուծվել և դա հակամարտություն է, որ համապարփակ ու տևական լուծման կարիք ունի։ Այդ համապարփակ ու տևական լուծման առանցքային տարրերից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ոը դեռ լուծված չէ։
Պատերազմի հետ կապված մյուս հարցը, որը բոլորիս ուշադրության կենտրոնում է, բոլոր գերիների ու պահվող անձանց ազատ արձակումն է՝ որպես մարդասիրական դրսևորում։ Նաև շատ կարևոր է ականապատումների մասին տեղեկատվության փոխանցումը, որը որպես մարդասիրական գործողություն կօգնի ականազերծման աշխատանքներին, և մենք շարունակում ենք կոչեր հնչեցնել այս հարցերի շուրջ։
Սրանք այն հարցերն են, որոնք լուծում պետք է ստանան, որպեսզի հնարավոր լինի օրակարգի այլ հարցերին անցնել։ Եվ շատ հստակ է, որ հայ ժողովուրդը ձգտում է խաղաղ ապագայի, ու Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել այդ հարցում։
– Տիկին դեսպան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր զրույցի համար։
– Շնորհակալություն։
Read the interview in English.
Yorumlar kapatıldı.