İçeriğe geçmek için "Enter"a basın

«Ես պոլսահայ առաջին երգչուհին եմ, որին Հայաստանը թեւերը բացեց ու ընդունեց»․Սիպիլ

«Ավրորայի աղոթքը»` այսպես է կոչվում պոլսահայ երգչուհի Սիպիլի նոր երգը, որն առաջիկայում տեսահոլովակով կհանձնվի հանդիսատեսի դատին: Երգչուհին օրերս այցելել էր հայրենիք: Նոր տեսահոլովակի, սպասվելիք համերգի, պատերազմի օրերին ունեցած ապրումների մասին, եւ ոչ միայն, նա պատմել է  BRAVO.am-ին:

– Երազանքդ իրականացնելու ճանապարհին ես:

– Այս տարի լրանում է իմ բեմական գործունեության 10-ամյակը: Պատրաստվում եմ այն նշել հայրենիքում՝ բարեգործական համերգով: Հուսամ՝ իմ տարիների երազանքը՝ մենահամերգ ունենալ հայրենիքում, կիրականանա: Ես պոլսահայ առաջին երգչուհին եմ, որին Հայաստանը թեւերը բացեց ու ընդունեց: Եվ արդեն 10 տարի շարունակ նույն ջերմությունն է ինձ տալիս: Ամեն անգամ հայրենիք գալով՝ ստանում եմ սեր ու ջերմություն, որն ինձ էլ ավելի ուժ է տալիս՝ ստեղծագործելու ու առաջ շարժվելու համար:
11

Սիպիլը


– Սիպիլ, պատերազմը երբ սկսվեց, մի քանի օր հետո հայրենիքում էիր ու բարեգործական աշխատանքներով էիր զբաղված, բայց այդ մասին չբարձրաձայնեցիր:

– Ես չէի կարող չգալ: Շատ քիչ մարդ իմացավ, որ եկել եմ: Իմ սիրտն այնտեղ չէր դիմանում, երբ տեսնում էի, թե հայրենիքումս ինչ է կատարվում: Չեմ ուզում խոսել այդ մասին, միայն կարող եմ ասել, որ զինվորների նվերների հետ արեւմտահայերենով աղոթքներ էի գրում, ուղարկում ու անընդհատ աղոթում էի: 

– Այդ օրերին ի՞նչ էր կատարվում Ստամբուլում:

– Ատելություն կար, թե իբր Հայաստանն է պատերազմը սկսել: Մենք ի՞նչ կարող էինք անել. միայն տխրության մեջ ապրում էինք: Եվ որոշեցի՝ ավելի լավ է՝ ես այդ պահին լինեմ հայրենիքում, ու եկա: Յուրաքանչյուր օր ուզում եմ լույս տեսնեմ: Հատկապես շատ տանջվում եմ գերիների համար: Ամեն գիշեր աղոթում եմ: Չեմ դիմանում, խենթանում եմ, բայց պետք է ոտքի կանգնենք: Վերջերս այստեղ  բարեգործական համերգի էի մասնակցում, ու դահլիճում վիրավոր զինվորներ կային: Գիտես, իմանալն այլ բան է, տեսնելն՝ այլ: Ամբողջ գիշեր այդ տղաների հայացքը աչքիս առաջ էր: Գաղափար չունեմ՝ ինչպես, բայց պետք է դուրս գանք այս վիճակից: Միանանք իրար ու ատելությունը վանենք մեզնից: Մենք պիտի մի բռունցք լինենք՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք: 
11

Արմինե Գեւորգյանը եւ Սիպիլը


– «Ավրորայի աղոթքը» երգի պատմությունը կպատմե՞ս:

– Արդեն մի քանի տարի է՝ աշխատում եմ Հասմիկ Հախվերդյանի հետ. նրա գրած երգերն ինձ շատ հոգեհարազատ են: Հասմիկն ասաց, որ 4 տարի առաջ Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ մի երգ է գրել՝ «Ավրորայի աղոթքը», ու դեռ ոչ ոք այն չի կատարել: Երգն առաջին անգամ երբ լսեցի, միանգամից կպավ սրտիս ու հոգուս: Ավրորան մարդասիրական կերպար էր, այս կերպ մենք խաղաղություն ենք ուզում, այն աղոթք է Տիրամորը: Ուղերձ է ամբողջ աշխարհին: Գործիքավորումը կատարել են Կարենն ու Սեւակը: Տեսահոլովակը նկարահանել է Հրանտ Մովսիսյանը: Սկզբում որոշել էինք, որ ռեժիսորը կլինի Սերժ Ավետիքյանը, սակայն նա չկարողացավ գալ Հայաստան, ու մենք դադար տվեցինք: Պատերազմի ժամանակ երբ եկա, առաջարկեցին երգը ձայնագրել, սակայն բացարձակ տրամադրություն չունեի, չէի կարող: Մեկնելուցս 3 օր առաջ վատ հոգեվիճակում ձայնագրվեցի: Աչքիս առաջ եկավ Արտյոմիկը, որին փրկել էին զինվորները: Տեսահոլովակը երկու օրում նկարահանվել է Դիլիջանում։ Արթնանում էինք ժամը 4-ին, որ հասցնեինք, ու փառք Տիրոջն, ավարտեցինք: Երգը թարգմանվել է 5 լեզվով՝ ֆրանսերեն, արաբերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն: 
11

Սիպիլը


– Իսկ ե՞րբ կներկայացնեք հանդիսատեսին:

– Կարծում եմ՝ աշնանը: Հենց այդ ժամանակ էլ նախատեսում եմ անցկացնել իմ մենահամերգը: Հուսամ՝ մեր երկրում ամեն ինչ լավ կլինի, խանգարող ոչինչ չի լինի, եւ կկարողանամ իմ երազանքն իրականացնել:

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
BRAVO.am

https://bravo.am/news/75606,

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın