İçeriğe geçmek için "Enter"a basın

Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության զարգացումը և նշել, որ այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հեռանկարները քննարկելու համար:

«Վարչապետի պաշտոնակատարը գնահատանքի խոսքեր է հայտնել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր գործոն է տարածաշրջանային անվտանգության համար, քանզի հայ ժողովրդի անվտանգային մարտահրավերները վերջին 100 տարում չեն փոխվել, և Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը դա ցույց տվեց, քանի որ այս պատերազմում ներգրավված էին նույն դերակատարները, որոնք ներգրավված են եղել Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրագործման գործում»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամերիկացի պաշտոնյան բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացները և օրինակելի համարել 2018 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նշվել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին: Երկուստեք նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարության կարևորությունը և լարվածության թուլացման համար քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է գերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված միավորների անհապաղ դուրսբերման անհրաժեշտության վրա»,- նշված է հաղորդագրությունում։


CIVILNET

Yorumlar kapatıldı.